Ուր է տանում համաշխարհային տնտեսական ճգնաժամը

- in Տնտեսական
Hashvark

Արժույթի միջազգային հիմնադրամը անցյալ շաբաթ հայտարարեց, որ նոր համաշխարհային տնտեսական ճգնաժամը շատ ավելի ծանր է լինելու, քան 2009 թվականինը։ Եթե 2009 թվականին աշխարհի տնտեսությունը փոքրացել էր 0,1%-ով, ապա 2020 թվականին արդեն կանխատեսվում է աշխարհի տնտեսության փոքրացում մինչև 1,5%։

Չինաստանը, որն աշխարհի արտադրության առաջին ուժն է, 2020 թվականի առաջին եռամսյակը եզրափակեց 6,7 % բացասական ցուցանիշով։ Տասնամյակներ շարունակ Չինաստանը նմանատիպ բացասական արդյունք չէր ունեցել։ Խնդիրն այն է, որ եթե կորոնա վիրուսի երկրորդ ալիքը նորից Չինաստանում չտարածվի, լավագույն դեպքում այդ երկրի տնտեսությունը այս տարի կունենա 2,8% աճ, որը աննախադեպ ցածր ցուցանիշ է 1988 թվականից ի վեր։

 

Կորոնա վիրուսը միայն վերջին երկու՝ փետրվար եւ մարտ ամիսներին համաշխարահային բորսաներին ավելի քան 16 տրիլիոն դոլար վնաս է հասցրել։ ԱՄՆ-ը և ԵՄ-ը նախատեսել են ավելի քան 3 տրիլիոն դոլար ներարկել իրենց տնտեսություններ։ ՄԱԿ-ի և Համաշխարհային բանկի հաշվարկներով, այս ցնցումը նվազագույն կորուստներով հաղթահարելու համար զարգացող պետություններն էլ իրենց հերթին կարիք ունեն եւս 2,5 տրիլիոն դոլարի ներարկման, ինչը լուրջ խնդիր է ստեղծելու աղքատ երկրների, այդ թվում նաև Հայաստանի համար։

Բոլորովին վերջերս Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է, որ աշխարհի ավելի քան 81 երկիր դիմել է իրեն՝ վարկ ստանալու։

Աշխարհի շատ խոշոր ընկերություններ, այդ թվում նավթարդյունահանող, արտադրող, բեռնափոխադրող, օդային հաղորդակցության ծառայություններ մատուցող եւ զբոսաշրջային ընկերություններ սնանկացման եզրին են կանգնած։ Սա մեր երկրի համար, որը չունի ոչ կազմակերպված արդյունաբերություն, ոչ գյուղատնտեսություն, ոչ ազգային ավիափոխադրող եւ ո՛չ էլ կայացած զբոսաշրջային ընկերություններ, կարող է հանգեցնել մեծ աղետի, եթե խելացի, կազմակերպված եւ համակարգված չգործենք։

Եթե նկատի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանն արդեն թեւակոխել է խստացված ռեժիմի փուլ, ու սրան հետևելու են բնակչության մեծամասնության սահմանափակ տեղաշարժը եւ աշխատանքից հեռացնելը, ապա պարզ կդառնա բանկերի հանդեպ վարկառուների պարտավորությունների կատարման անհնարինության հեռանկարը։ Արդյունքը կլինի տնտեսական ճգնաժամը, որի ականատեսը կլինենք մենք։

Այսօր ՀՀ կառավարությունը երկրում  պարենային անվտանգություն ապահովելու համար պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի։ Հարկ է առնվազն առաջիկա երկու տարում նվազեցնել արտերկրից պարենային կախվածությունը, անգամ չմշակվող հողերը թեկուզ պետական միջոցների ներդրմամբ մշակելուն, համապատասխան չափի պարարտանյութով ու սերմացուով ապահովելուն, անասնապահության ծավալներն ընդլայնելուն զուգահեռ։

Զուգահեռաբար անհրաժեշտ է զարգացնել ռազմարդյունաբերությունը եւ խրախուսել կառավարության կազմին ավելի ճկուն ու նախաձեռնող լինել։ Մեծագույն սխալ կլինի արհավիրքը դռան շեմին տեսնելուց հետո գործելու փորձերը։

Վազգեն Պետրոսյան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments