Չինաստանը խաբե՞լ է բոլորին. Վարակի մասին ամբողջ ճշմարտությունը

- in Վերլուծական

ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի ներկայացրած կորոնավիրուսի վիճակագրությունը մի փոքր մեղմացված է, կամ այլ կերպ ասած՝ ճիշտ չէ: ԱՄՆ փոխնախագահ Փենսն էլ հայտարարել է, որ վիճակը ավելի լավ կլիներ, եթե Չինաստանը հենց սկզբից ներկայացներ ամբողջ տեղեկությունը:

Կորոնավիրուսի մասին տեղեկությունն ամբողջությամբ ներկայացնելու կոչ Չինաստանին եւ մի քանի այլ երկրի արել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Չինաստանը հայտարարել է, որ հաղթահարել է համաճարակը եւ կյանքը վերադարձնում է բնականոն հուն: Չինաստանի վիճակագրության վերաբերալ կասկած հայտնում է ոչ միայն Թրամփը, որը հղում է անում ԱՄՆ հետախուզության տվյալին: Չինաստանի վիճակագրությունը կասկածի տակ են դնում նաեւ առողջապահության շատ մասնագետներ, թերահավատ լինելով, որ մեկուկես միլիարդ բնակչությամբ պետությունը կարող էր այդքան արդյունավետ լոկալացնել վարակը մի քանի տասնյակ հազար բնակչի շրջանակով:

Կա կասկած, որ Պեկինը լրիվ չի հաշվել, կամ հաշվել է այսպես ասած ոչ սկզբից:

Չինաստանի ոչ ճիշտ վիճակագրությունը Արեւմուտքի «ալիբի՞ն» է իր հանրության առաջ, քանի որ արեւմտյան երկրներում բավականին լարված է վարակի հետ կապված իրադրությունը: Թե՞ Պեկինն իսկապես թաքցրել է կարեւոր բաներ եւ փաստացի մոլորեցրել աշխարհին, այդպիսով շահեկան դիրք դուրս գալով տեղեկատվական պատերազմում, ինչը եւս ունի էական նշանակություն համաշխարհային իրավիճակում:

Ի վերջո, ներկայում որքա՞ն է կարեւոր, թե ինչ վիճակագրություն է այլ երկրներում: Դա որեւէ բան փոխելու՞ է սեփական երկրում իրավիճակի կառավարման առումով: Ենթադրենք Չինաստանը ոչ թե հաղթահարել է վարակը, այլ քողարկել այն ինչ որ կերպ, դա ինչ է փոխում մեկ այլ երկրի կառավարության համար սեփական երկրում ցուցանիշի եւ վարակի կառավարման հարցում:

Ի՞նչը հայտնի չէ կորոնավիրուսի մասին առ այսօր եւ ինչ ազդեցություն է թողնում այդ հանգամանքը համաշխարհային իրավիճակի վրա: Թե՞ գործնականում անհայտ բան չկա, պարզապես ներկայում տեղի է ունենում դիրքավորում տեղեկատվական պատերազմի, գուցե նաեւ հետախուզական պայքարի ու նաեւ գործերի փաթեթների կազմման միջոցով՝ հետկորոնավիրուսային աշխարհում դատական գործընթացների համար, որով պետք է որոշվի, թե ով է վճարելու համաշխարհային թանկարժեք կանգառի գինը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments