Պուտինը բաց թողեց վիրուսը. Ինչ արժեր Թրամփի հայտարարությունը

- in Միջազգային
Putin Vladimir

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Պուտինն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը բանակցել են նավթի գների կայունացման վերաբերյալ: Կրեմլը հերքել է այդ փաստը, միեւնույն ժամանակ հայտարարելով, որ նավթի խնդրի շուրջ բանակցել են Թրամփի եւ ՕՊԵԿ-ի հետ: հայտնի է դարձել նաեւ, որ Թրամփը համոզել է սաուդյան թագաժառանգին՝ կրճատել նավթի արդյունահանումը:

Նավթի կտրուկ գնանկումը սկսվեց այն բանից հետո, երբ Ռուսաստանը հրաժարվեց ՕՊԵԿ+ գործարքից: Ռուս-սաուդյան նավթային պատերազմը, սակայն, չընթացավ այն ձեւով, որը հաշվարկել էին Կրեմլում, ըստ որի՝ կարճ ժամանակ անց Սաուդյան բյուջեն չի դիմանա ցածր գներին, եւ իրենք կվերցնեն շուկաները: Սակայն սաուդցիները համաշխարհային շուկան պարզապես հեղեղեցին էժան նավթով, եւ այստեղ դեր խաղաց նաեւ Սաուդյան թագաժառանգի վիրավորվածությունը Պուտինից: Կրեմլում չէին հաշվել, որ փողից վեր կա արքայական արժանապատվության խնդիրը, առավել եւս, որ Սաուդյան թագաժառանգը կասկածում է ռուսական հատուկ ծառայություններին՝ վարկաբեկիչ ակցիաների համար:

Ռուսները երկար ժամանակ հայտարարում էին, որ նավթի գնանկումը էական ազդեցություն չի ունենա, ավելին՝ այդպիսով համաշխարհային շուկայից դուրս կմղեն ամերիկյան թերթաքարային նավթը:

Զուգահեռ, Ռուսաստանը երկար ժամանակ «զերծ» էր մնում կորոնավիրուսի վարակից: Ռուս փորձագետները նշում էին, որ Պուտինը ցանկանում էր ամեն գնով անցկացնել ապրիլի 22-ին նախատեսված հանրաքվեն, որը նրան եւս երկու ժամկետ նախագահ աշխատելու հնարավորություն էր տալիս, ինչպես նաեւ մայիսի 9-ի շքերթը:

Սակայն այս պլաններն ու հաշվարկները տապալվեցին, փոխարենը ռուս պաշտոնյաներն արդեն ավելի ու ավելի համարժեք են սկսել գնահատել երկրի տնտեսական ու համաճարակային իրավիճակն ու հեռանկարը, թեեւ դեռեւս շարունակվում է սեփական վեհության ու Արեւմուտքի թուլության մառազմատիկ քարոզչությունը: Պուտինը նաեւ «բաց թողեց» վիրուսը՝ վերջին օրերին հիվանդացածների թիվն, ըստ պաշտոնական հաղորդագրության, ավելանում է արդեն հարյուրներով, թեեւ Կրեմլի ինսայդերները նշում են անհամաչափ մեծ թվեր:

Թրամփի հայտարարությունից հետո նավթի գինը դարձել է 30 դոլար, թանկանալով 40 տոկոսով, ռուսական ռուբլին քիչ ինչ ամրապնդվել է: Պարզվել է՝ պուտինյան ռեժիմի այդ վեհությունն ու պատրիոտիզմը կախված են Թրամփի մի հայտարարությունից ու դոլարի փոխարժեքից:

Երեկ էլ հայտնի դարձավ, որ Գազպրոմը Հայաստանի համար գազի գինը թանկացնելու հայտ է ներկայացրել: Նավթն ու գազը շարքային ռուսաստանցիների համար չէ, այլ՝ հիբրիդային պատերազմների ու օրինակ Հայաստանի դեմ «փափուկ ուժի կիրառման» համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments