Պուտինը Էրդողանից խլեց տեղը վերջին պահին. Վաշինգտոնից զանգ Երեւան

- in Վերլուծական

Հայաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ մարտի 31-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ։

Երկու պաշտոնյաները քննարկել են կորոնավիրուսի համաճարակի պայմաններում գործակցությունը՝ վարակի դեմ պայքարի համար: Հայաստանի նախարարը շնորհակալություն է հայտնել Նահանգներին՝ Հայաստանին վարակի դեմ պայքարում ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար:

Զրույցի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ ուշագրավ ասպեկտ: «Զրուցակցի խնդրանքով՝ նախարար Մնացականյանը ներկայացրեց նախօրեին հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած ռազմական միջադեպի արդյունքում առաջացած իրավիճակը», նշվում է հաղորդագրության մեջ:

Արդյոք հենց այդ հարցը չէ, որ եղել է Հայաստանի արտգործնախարարի հետ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի հեռախոսազրույցի նախաձեռնության պատճառը:

Մարտի 30-ին ադրբեջանական կողմը Տավուշի ուղղությամբ արել է դիվերսիոն ներթափանցման փորձ, որը հայկական զինուժը կանխել ու հետ է մղել: Հետո ադրբեջանցիները գնդակոծել են սահմանյին Ոսկեվան գյուղն ու վիրավորել 14-ամյա երեխայի: Այդ առիթով, Հայաստանի արտգործնախարարության դատապարտող հայտարարության մեջ շեշտադրում կար, որ Ադրբեջանի իշխանությունն ըստ երեւույթին չի տիրապետում բանակին, չի կառավարում բանակը:

Երեւանի ակնարկն ըստ երեւույթին այն մասին էր, որ Ադրբեջանի գործողությունները թելադրում է Թուրքիան: Այդ իմաստով ուշադրության է արժանի, որ Ադրբեջանը վերջին շաբաթներին Տավուշի ուղղությամբ ակտիվ է եւ դա համընկնում է Սիրիայում ռուս-թուրքական բախման ժամանակագրությանը: Ադրբեջանն այդ իմաստով Թուրքիայի խաղաքարտն է Ռուսաստանի հետ խաղում, որտեղ Էրդողանն անկասկած զիջեց իդլիբյան այս պարտիան:

Այստեղ հատկանշական է, որ դրանից հետո կորոնավիրուսի համաշխարհային ճարակը էապես փոխեց աշխարհքաղաքական իրադրությունը: Եթե Թուրքիայի նախագահը հույս ուներ Պուտինի հետ մոսկովյան համաձայնությամբ դադար վերցնել, պատրաստվելով նոր պարտիայում հաղթանակի, կրոնավիրուսը փաստորեն սառեցրեց իրավիճակը: Ըստ ամենայնի, դրանից ելքի շրջանակում Թուրքիայի նախագահը կարող է փորձել փնտրել տաք ելքեր, այդ թվում Արցախում:

ԱՄՆ-ն լուրջ է վերաբերել դրան, ինչի մասին վկայում է բարձրաստիճան դիվանագետի զանգը Երեւան: Թուրքիան դուրս է մնացել նոր աշխարհակարգի շուրջ աշխույժ խաղից, որ ծավալվում է ԱՄՆ, Չինաստանի, Ռուսաստանի եւ զգալիորեն նաեւ արաբական աշխարհի շուրջ: Պուտինին ըստ երեւույթին հաջողվեց վերջին պահին Էրդողանից խլել սեղանի շուրջ մեկ տեղը: Այդ տեղը պահելու հարցում էական դեր ունի Հայաստանն իր ռեգիոնալ քաղաքականությամբ, ընդ որում նաեւ Արցախում իշխանության ձեւավորման առումով: Հատկանշական է, որ ամերիկյան կողմի զանգը եղել է Արցախում համապետական քվեարկությանը զուգահեռ: Հայաստանում Ռուսաստանի համար կա Հայաստանի ինքնիշխանության արժեք եւ Ռուսաստանի ռեգիոնալ ռազմա-քաղաքական դերակատարության գին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments