Պուտինը Էրդողանի զանգին էր սպասում՝ պատերազմը սկսելու համար

- in Կեղտոտ լվացք
Putin Erdoghan

Ապրիլի 1-ին տեղի է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի ու Թուրքիայի նախագահ Էրդողանի հեռախոսազրույցը վերջինիս նախաձեռնությամբ: Քննարկվել են Սիրիայի խնդիրը եւ ռուս-թուրքական պայմանավորվածությունները, ինչպես նաեւ տարածաշրջանի խնդիրներ, հաղորդել է Կրեմլի կայքը:

Ռուսական փորձագիտական շրջանակներում կար տեսակետ, որ մարտի վերջին շաբաթներին Ռուսաստանը ծրագրում էր ռազմա-քաղաքական որոշակի գործողություններ Մերձբալթյան եւ ուկրաինական ուղղություններով, նպատակ ունենալով հասնել ԱՄՆ-ի ու Եվրոպայի պատժամիջոցների չեղարկմանը: Դրա համար նպաստավոր պայմաններ կային, այդ թվում համավարակի տարածումը հատկապես Արեւմտյան Եվրոպայի երկրներում:

Խոսքը անմիջական ռազմական գործողությունների մասին չէ, այլ հիբրիդային միջոցների, որոնք պետք է բարդ իրավիճակի առջեւ դնեին Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին: Թուրքիան այդ պլաններում պետք է շարունակեր փախստականների շանտաժը Եվրոպային: Ըստ էության, Իդլիբում իրավիճակի լարումից ու մարտի 5-ին Պուտին-Էրդողան պայմանավորվածությունից հետո Անկարան փախստականների մեծ ալիք ուղղեց դեպի Հունաստան:

Սակայն տեղի ունեցավ անսպասելին. Հունաստանը զինված ստորաբաժանումների միջոցով կանգնեցրեց հոսքը եւ թույլ չտվեց մտնել Եվրոպա, իսկ ԵՄ պատասխանատուներն աջակցություն հայտնեցին Հունաստանին: Ավելին, դրանից հետո Ֆրանսիան ՆԱՏՕ-ում նախաձեռնեց քննարկումներ դաշինքի որոշակի բարեփոխումների ուղղությամբ, ընդ որում՝ հաշվի առնելով հենց դաշինքի անդամ Թուրքիայի ստեղծած խնդիրները:

Եվրոպան չտրվեց շանտաժին, ավելին, Եվրոպան ու ՆԱՏՕ-ն փաստացի պատասխանատվություն ստանձնեցին Հունաստանի սահմանի համար, դե ֆակտո եվրատլանտյան տարածությունից դուրս թողնելով Թուրքիային, թեեւ Անկարան հայտարարում էր, որ Սիրիայի հետ իր սահմանը նաեւ ՆԱՏՕ-ի սահմանն է:

Թուրքիան ստիպված էր հետ վերադարձնել մոտ 5000 փախստականների եւ առժամանակ հրաժարվել շանտաժից: Այսպիսով, Էրդողանը հայտնվեց քաղաքականության հետնաբեմում, Սիրիայում իրավիճակի սառեցման ու համաշխարհային երկու կարեւոր իրադարձությունների՝ համավարակի ու նավթային պատերազմի ստվերում: Թուրք փորձագետները նշում են, որ երկրում կորոնավիրուսի լայն տարածման եւ տնտեսական ահագնացող խնդիրների պայմաններում Էրդողանը լրջորեն վախենում է թուրքական բանակի հնարավոր ընդվզումից:

Իր հերթին, Պուտինի պլանները նույնպես խառնվեցին այդ երկու իրադարձությունների պատճառով, թեեւ դրանք ի սկզբանե համարվում էին բարենպաստ գործոններ: Նավթի հարցում Կրեմլի հաշվարկները չիրականացան՝ Սաուդյան Արաբիան ու ԱՄՆ-ն շրջեցին իրավիճակը Ռուսաստանի դեմ, եւ հիմա Կրեմլը ստիպված է զիջումների գնալ նավթային շուկայում կայունացման դիմաց: Խոսակցություններ կան, որ Մոսկվան համաձայնվել է «հանձնել» Վենեսուելան:

Ռուսաստանը երկար տարիներ կուտակում էր ոսկու եւ արժույթի հսկայական պաշարներ, որոնք շատ փորձագետների առիթ էին տվել եզրակացնել, որ Կրեմլը կամ պատրաստվում է մեծ պատերազմի, կամ մեծ աղետի: Առավել հավանական էր թվում պատերազմի վարկածը, նկատի առնելով Պուտինի աշխարհքաղաքական հավակնությունները, որոնք ի վերջո պետք է հանգեցնեին պատժամիջոցների չեղարկմանը եւ Նոր յալթայի շրջանակներում որոշում ընդունողների ակումբ վերադառնալուն:

Սակայն վերջին իրադարձությունները չեղարկել կամ հետաձգել են Պուտինի պլանները: Այս ֆոնին, Էրդողանի զանգը կամ ուշացած էր, կամ էլ նա առաջարկում էր լիովին այլ ուղղություն՝ Հայաստանը եւ Հարավային Կովկասը: Պատահական չէ, որ վերջին օրերին Բաքվի ստորաբաժանումները դիվերսիայի փորձեր ձեռնարկեցին Հայաստանի ուղղությամբ, եւ ՀՀ ԱԳՆ-ն կասկած հայտնեց, թե Բաքվի վարչակարգը վերահսկում է իր զինված ուժերը: Ի՞նչ է պատասխանել Պուտինը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments