Ռուսական կողմը առարկություններ է ներկայացնելո՞ւ գազի գնի նվազման Հայաստանի առաջարկին

- in Վերլուծական

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի գնի թանկացման հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որով նախատեսվում է գազի գնի թանկացում ներքին սպառողի համար:

Այս տեղեկությունը ընդամենը մի քանի շաբաթ առաջ շատ սովորական էր, թեև, իհարկե, դարձյալ ոչ հաճելի, ինչպես ցանկացած թանկացման մասին տեղեկություն: Բայց, իհարկե, Հայաստանում բոլորը գիտեին, որ սպասվում էր այդպիսի հայտ, քանի որ դրա մասին դեռևս ամիսներ առաջ հայտարարել էր հենց ՀԾԿՀ նախագահը: Միաժամանակ, նա իհարկե հայտարարել էր, որ հայտը դեռ չի նշանակում թանկացում, քանի որ դեռ ընթանում է հայ-ռուսական բանակցություն գազի գնի վերաբերյալ, և դեռ ՀԾԿՀ-ն պետք է քննի հայտն ու պարզի, թե որքանով է այն հիմնավոր ու փաստարկված: Իսկ դրա համար հանձնաժողովն ունի 90 օր ժամանակ: Միաժամանակ հայտարարվեց նաև, որ հայ-ռուսական պայմանավորվածություն կա 2020 թվականին գազի գինը չթանկացնելու մասին: Ամիսների կամ շաբաթների այդ իրավիճակը այժմ արդեն բոլորովին այլ է:

Ներկայումս կա կորոնավիրուս, համաշխարհային ճգնաժամ, տնտեսական խնդիրներ, միաժամանակ նավթի շուկայում մեծ գնանկում, ու նաև գազի գինը սահմանին նվազեցնելու վերաբերյալ բանակցության առաջարկ «Գազպրոմ»-ին, որ ներկայացրել է Հայաստանի կառավարությունը, և ինչի մասին հայտնի դարձավ նախօրեին: Ահա, այս բացարձակապես նոր կոնյունկտուրայի պայմաններում արդեն շաբաթներ կամ ամիսներ առաջ սովորական տեղեկությունը՝ թանկացման «Գազպրոմ Արմենիա»-ի հայտի մասին, արդեն դառնում է ոչ սովորական: Եվ ոչ միայն ոչ սովորական, այլ ընդհուպ ցինիզմին առնչվող՝ հատկապես գազի գինն իջեցնելու մասին Հայաստանի նամակի ֆոնին: «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը այդ ֆոնին ստացվում է «Գազպրոմ»-ի ցինիկ պատասխան Հայաստանի առաջարկին, եթե անգամ խոսքը ո՛չ ուղղակի, ո՛չ ֆորմալ պատասխանի մասին է:

Բանն այն է, որ 100 տոկոսով ռուսական «Գազպրոմ»-ին պատկանող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հազիվ թե իրազեկ չլիներ, որ Հայաստանը ներկայացրել է այդպիսի առաջարկ: Ավելին, «Գազպրոմ Արմենիա»-ն հազիվ թե ընդհանրապես իրազեկ չլիներ կորոնավիրուսի ճգնաժամի, դրա տնտեսական հետևանքի, Հայաստանում սոցիալական լարման լուրջ խնդիրների, մթնոլորտի մասին: Մթնոլորտ, որտեղ ոչ միայն թանկացումներից խոսելն է անպատեհ ու անպարկեշտ թվում, այլ հակառակը՝ սոցիալական աջակցությունից չխոսելը: Ահա այդ պայմաններում, «Գազպրոմ Արմենիա»-ն հայտ է ուղարկում գազի գնի թանկացման համար, ու եթե անգամ այդ հայտի ներկայացումը, այսպես ասած, տեխնիկական քայլ է, այդուհանդերձ, դա բնորոշում է այդ կազմակերպության վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության և Հայաստանի քաղաքացիների հանդեպ, հանրապետության ու քաղաքացիների լայն խնդիրների և ընդհանրապես սոցիալ տնտեսական միջավայրի հանդեպ: Բարդ է ասել՝ «Գազպրոմ Արմենիա»-ն առկա իրավիճակում հայտն ուղարկելիս խորհրդակցե՞լ է այսպես ասած՝ մայր կազմակերպության՝ «Գազպրոմ»-ի ռուսաստանյան ղեկավարներից որևէ մեկի հետ, թե՞ ոչ, բայց այն, որ ցինիզմի համար պատասխնատվությունն ընկնում է նրանց վրա ևս, թերևս, անկասկած է:

Ի վերջո, «Գազպրոմ Արմենիա»-ի ղեկավարության վերաբերմունքը Հայաստանի և նրա ղեկավարության հանդեպ ձևավորվել է «Գազպրոմ»-ի վերաբերմունքով: Վերջինս էլ իհարկե ձևավորվել է Հայաստանի կառավարիչների, նախորդ կառավարման համակարգի կեցվածքի հիմքով, որում Հայաստանի ինքնիշխանությունն ու պետական արժանապատվությունը հաճախ ստորադասվել է զուտ իշխանական խնդիրներին, այդ թվում՝ «Գազպրոմ»-ի հետ հարաբերությունում: Ըստ այդմ, անկասկած է, որ փոփոխությունը՝ գնի փոփոխությունը, պետք է սկսել այդտեղից՝ Հայաստանի ու Հայաստանի քաղաքացու ինքնիշխանության ու արժանապատվության արժեքի փոփոխությունից, որը կստիպի «Գազպրոմ»-ին, ինչպես ընդհանրապես որևէ այլ պետության կամ տրանսազգային խոշոր կորպորացիայի, նախ վերանայել վերաբերմունքը Հայաստանի հանդեպ, և հետո ըստ այդմ դիտարկել Հայաստանի առաջարկները:

Առայժմ «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը վկայում է, որ ռուսական կողմը, համենայնդեպս, լուրջ առարկություններ է ներկայացնելու գազի սահմանային գնի նվազման Հայաստանի առաջարկին: Դժվարին գործընթացի ինչ գործիքակազմ ու խաղաքարտեր է ապահովել Հայաստանն իր համար: Հատկանշական է, որ Հայաստանը նախօրեին հարցը քննարկել է Բելառուսի նախագահի հետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցում: Այդ հարցում Բելառուսը այժմ Հայաստանի պոտենցիալ դաշնակիցն է, թեև այս դեպքում էլ կոնկրետ հարցում պետք է ընկերություն անել Լուկաշենկոյի հետ, սակայն առանց, այսպես ասած, փայտը ձեռքից գցելու:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments