Ռուսաստանը կգնա՞ Բաքվի հետ հակահայ խայտառակ նոր գործարքի

- in Կեղտոտ լվացք
Inqnatir

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ադրբեջանին մատակարարել Սու 35 եւ Միգ 35 ռազմական բազմաֆունկցիոնալ օդանավեր: Ըստ հաղորդագրության, Ադրբեջանի ՊՆ պատվիրակությունը եղել է ՌԴ արտադրող գործարաններում եւ ծանոթացել տեխնիկայի հետ:

Երբ տարիներ առաջ տեղեկություն շրջանառվեց, որ Մոսկվան ու Երեւանը քննարկում են Սու 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ օդանավերի գործարքը, փորձագիտական շրջանակում կարծիք եղավ, որ Ռուսաստանն այդպիսով փորձում է նաեւ շահագրգռել Ադրբեջանին՝ Սու 35 վաճառելու համար:
Նախորդ տարեվերջին Սու 30 ՍՄ-ների առաջին խմբաքանակը եկավ Հայաստան: Երեւանը ձեռքբերումը գնահատում է օդային գերակայության ռազմավարության շրջանակում, որը հակառակորդի նկատմամբ տալով առավելություն, մեծ հաշվով ավելացնում է ռազմա-քաղաքական հավասարակշռության աստիճանն ու ադրբեջանական ագրեսիան զսպելու հայկական կողմի կարողությունը:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունվարին հայտարարեց, որ առաջիկա ամիսներին Հայաստան կգա նոր խմբաքանակ: Փաստորեն, Ռուսաստանը մյուս ձեռքով վերսկսում է Ադրբեջանին զինելու գործընթացը, արդարացնելով այն գնահատականը, թե Հայաստանին մատակարարումը Բաքվում «յուղոտ հաճախորդ» ունենալու միջոց է:

Ինչպես ռուսներն ասում էին Ադրբեջանին մինչեւ ատամները զինելու առաջին փուլում, երբ հասունացնում էին ապրիլյան պատերազմը՝ «բիզնես, ոչ մի անձնական բան»: Հատկապես նավթի շուկայում մեղմ ասած կրիտիկական օրեր ապրող Ռուսաստանն իհարկե ներկայումս ունի ռազմարդյունաբերության հաճախորդների կարիք, բայց այստեղ թերեւս միամտություն կլինի ամեն ինչ բիզնեսին վերագրելը, ինչպես դա միամտություն եւ անգամ խայտառակություն էր մինչեւ ապրիլյան պատերազմը:

Ռուսաստանի համար Ադրբեջանը մրցավայր է, որտեղ Կրեմլը մրցակցում է Անկարայի ու Թեհրանի հետ՝ անմիջականորեն, եւ լայն իմաստով փորձում այդ մրցակցության միջոցով հնարավորինս ներգրավվել նոր աշխարհակարգի ամերիկա-չինական բաժանման գործընթացում:

Այդ առումով, Ռուսաստանը հետ չի կանգնելու Ադրբեջանի հանդեպ կարկանդակի քաղաքականությունից, իհարկե անպայման մտածելով նաեւ մտրակի մասին: Ամբողջ խնդիրն այն է, որ Մոսկվան երկու պարագայում էլ «ռեսուրս» դիտարկում է Հայաստանը կամ հայկական հարցը:

Բավական է հայկական միջավայրում փոքր ինչ թուլացում, եւ Ռուսաստանն անմիջապես փորձում է օգտագործել այդ հանգամանքը: Ներկայում Հայաստանի առաջ կորոնավիրուսի համաճարակի մարտահրավերն է, հատկապես դրա տնտեսա-քաղաքական ասպեկտը: Ավելին, Երեւանն այդ պայմաններում Մոսկվայի առաջ դնում է գազի գնի նվազեցման, իսկ փաստացի՝ գազային հայտնի ամոթալի պայմանագրի վերանայման գործընթացի հարցը: Հարցը Նիկոլ Փաշինյանը քննարկել էր նաեւ Պուտինի հետ նախօրեի հեռախոսազրույցում:

Եվ ահա, ադբեջանական մամուլում հայտնվում է հաղորդագրությունը, որ Ռուսաստանը պատրաստ է վաճառել նոր սերնդի ռազմական օդանավեր: Թեեւ, տարօրինակ բան չկա, որ գազի գնի նվազման Երեւանի դիմումից հետո  Բաքվի մամուլում դուրս է գալիս այդ տեղեկությունը: Տարօրինակ բան չկա, որովհետեւ մինչ այդ էլ հայաստանյան մամուլում դուրս են գալիս տարիներ շարունակ Բաքվի կերակրատաշտից օգտվող ռուսական փորձագետներ, հիմնավորելու համար, թե ինչու պետք է Ռուսաստանը թանկացնի գազը: Ըստ ամենայնի, հաջորդիվ դուրս են գալու նորանոր փորձագետներ, հիմնավորելու համար, թե ինչու պետք է Ռուսաստանը ռազմական օդանավեր մատակարարի Ադրբեջանին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments