Ռուսաստանում գտնվող մեր հայրենակիցների շրջանում խուճապային ու լարված իրավիճակ է

Այսօր՝ ապրիլի 6-ին, Ռուսաստանի Դաշնությունից «Red Wings» ավիաընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը։ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը մշտապես կապի մեջ է Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիների հետ, և առաջնահերթություն է տրվել և տրվում վերադարձի խիստ հրատապ ու անհետաձգելի պատճառներ ունեցող քաղաքացիներին։

Նրանց թվում են՝ հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողները, ծայրաստիճան բարդ ֆինանսական իրավիճակում հայտնված քաղաքացիները, մանկահասակ երեխաներով քաղաքացիները և այլք։ Հայաստան վերադարձող մեր քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի. այն է՝ վերջիններս օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր:

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, այս օրերին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հետ մշտապես կապի մեջ լինելով, փորձում է իրավիճակը կարգավորելուն միտված քայլեր կատարել։ Պատգամավորին այս օրերին դիմել են հազարավոր քաղաքացիներ, ովքեր ցանկություն են հայտնում վերադառնալ Հայաստան։ Նրանց մեջ կան շատ լուրջ խնդիրներ ունեցողներ, աշխատանք, գումար և կեցության վայր չունեցողներ։

Ռուսաստանում գտնվող մեր հայրենակիցների շրջանում խուճապային ու լարված իրավիճակ է։ Մոսկվայում բնակվող Գայանե Գալստյանը նշեց, որ իրենք արտագնա աշխատանքի են մեկնել Մոսկվա։ Ընտանիքում 5 հոգի են, մեկ հաշմանդամ երեխա ունեն, ում դեղորայքը ստանում են Հայաստանից։ Ընտանիքը Երևանից է։ Երևանում վարկեր, պարտքեր ունենալու պատճառով որոշել են մեկնել Մոսկվա՝ արտագնա աշխատանքի։

«Մենք երեխայիս դեղերը ստանում ենք Հայաստանից։ Ամեն անգամ գնում-գալիս ենք։ Այս անգամ չհասցրինք։ Լսեցինք, որ Հայաստան գալու տարբերակ կա։ Այստեղ՝ Մոսկվայում, շատ տեղեր ենք դիմել։ Իսկ Հայաստանում՝ միայն Արման Բաբաջանյանին»,- ասաց մայրը։

Նրա խոսքով՝ Մոսկվայում վարձով են ապրում, այս ընթացքում կարողացել են տան վարձը տալ և դրսում չհայտնվել։ Մեր զրուցակիցը, սակայն, տարակուսանք հայտնեց՝ Հայաստան վերադառնալուց ու 14-օրյա կարանտինում լինելու ընթացքում իր հաշմանդամություն ունեցող երեխան ինչպե՞ս կկարողանա ապրել։ «Իմ երեխան ամեն բան չի ուտում, ես չգիտեմ՝ կարանտինում ինչպես կլինի։ Ինքը հաշմանդամություն ունի»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը։

Մոսկվայում բնակվող մեր մյուս հայրենակիցներից Ռոզա Ասատրյանը մարտի 22-ին է Հայաստան եկել, հայրն էր մահացել, երկու անչափահաս երեխաներին՝ 7 և 9 տարեկան աղջիկներին, թողնելով Մոսկվայում եղբոր մոտ։ Երեխաներից մեկը առողջական խնդիրներ ունի, պարբերաբար դեղեր է օգտագործում։ «Հիմա, որ ես իրենց մոտ չեմ, ո՛չ հաց են ուտում, ո՛չ դեղ են խմում։ Այժմ էլ գնացել են օդանավակայան, սպասում են։ Լացում են, չեն կարողանում առանց ինձ»,- ասաց մայրը։ Ընտանիքն ապրում է Մոսկվայում, երեխաներն այնտեղ են դպրոց հաճախում։ Մայրը սպասում է, որ իր երեխաները կարողանան ինչ-որ կերպ Հայաստան հասնել։

Նշենք, որ մեր հայրենակիցներին ՌԴ-ից Հայաստան չարտերային չվերթով տեղափոխելու հավելյալ թռիչքի մասին տեղեկությունը դեռևս պաշտոնապես հաստատված չէ։ Հայաստան վերադառնալ ցանկացողների թիվը, ըստ ՌԴ դեսպանատան հայտարարագրված տվյալների, 2000-ից ավելի է։ «Ես, օգտվելով առիթից, իմ և դեսպանության անունից ներողություն եմ խնդրում մեր բոլոր այն քաղաքացիներից, որոնք չեն կարողացել կապ հաստատել մեզ հետ և լսելի դարձնել իրենց խնդիրը: Պատճառներն օբյեկտիվ են. մեր թեժ գծերը րոպեում հարյուրից ավելի զանգ են ստանում, և խնդրում եմ, որ մեր հայրենակիցներն ըմբռնումով մոտենան իրավիճակին: Հավելյալ չվերթ նախատեսում ենք, և հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի առաջիկա շաբաթվա մեջ այդ չվերթը կրկին իրականացվի դեպի Երևան»,- ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments