Սարգսյանը չի ներկայանալու՝ ալիբի համարելով Խաչատուրովի նախադե՞պը

- in Պնակալեզներ
Serj Sargsyan

Ապրիլյան պատերազմի 4-րդ տարելիցի առթիվ օրերս Եռաբլուր այցելած Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ 2019-ի մայիսին ստեղծված քննիչ հանձնաժողովը հրավերի մերժում է ստացել ապրիլյան պատերազմի օրերին Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովից, ինչը պատգամավորի խոսքով, և՛ իրենց, և՛ ապրիլյան պատերազմի զոհերի հարազատների մեծ դժգոհությունն է հարուցել։

«Պետք է Յուրի Խաչատուրովը դրանից հետևություններ անի և վերանայի իր մերժումը, որովհետև մենք հրավիրել ենք ոչ թե սովորական զինվորականի, այլ այդ ժամանակ համար մեկ զինվորական պաշտոնյային: Եվ եթե մեզ մոտ հարցեր են առաջացել, մենք պետք է տանք իրեն այդ հարցերը, ոնց ուզում են մտածեն, այդ հարցերն անպայման պետք է իրեն տրվեն մինչև Սերժ Սարգսյանին հրավիրելը»,- հայտարարել է Քոչարյանը:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահն, անշուշտ, իրավացի է՝ քաղաքական, բարոյական հարթությունների վրա։ Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ Հայաստանի օրենսդրությունը չի պարտավորեցնում, որպեսզի նախկին պաշտոնյաները ներկայանան խորհրդարանի քննիչ հանձնաժողով ու այդ պարագայում ԱԺ-ն կամ նրա որևէ կառույց սանկցիա կիրառելու հնարավորություն չունեն։ Միակ բանը, որ այս պարագայում կարող են անել քննիչ հանձնաժողովը կամ խորհրդարանը, քաղաքական և բարոյական ճնշում գործադրելն է, ինչն էլ Քոչարյանը թերևս անում է։ Մյուս կողմից՝ այս միջոցը հազիվ թե ազդեցիկ լինի Խաչատուրովի կամ հանձնաժողովի հետ համագործակցությունը մերժած որևէ նախկին պաշտոնյայի համար․ այսպես, թե այնպես՝ այս մարդիկ չունեն հասարակական հեղինակություն, որը կորցնելու վտանգը փոխի նրանց վարքագիծը կամ համագործակցության տրամադրի այսօրվա իշխանությունների հետ՝ անցյալում կատարված մի շարք իրադարձությունների, մասնավորապես՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքերը պարզելու նպատակով։

Սակայն Ա․ Քոչարյանի հարցազրույցն ուշագրավ է այլ տեսանկյունից։ Դրանից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ եթե Խաչատուրովը չպատասխանի քննիչ հանձնաժողովի հարցերին, ապա Սերժ Սարգսյանին հրավիրելը պակաս արդյունավետ կամ նույնիսկ ինքնանպատակ է  դառնում։ Գուցե այդպես էլ կա, որովհետև՝ եթե ԶՈւ շտաբի պետը լռում է, ապա հիմքեր է ստեղծում հենց գերագույն գլխավոր հրամանատարի խուսանավման համար։ Թերևս հենց այդ հաշվարկով էլ Սարգսյանի թիմը կազմակերպել է Խաչատուրովի «դասալքությունը» և քննիչ հանձնաժողով չներկայանալու խրոխտ տեքստը։

Մյուս կողմից՝ եթե Սերժ Սարգսյանը մի մասնավոր հեռուստաընկերության նախաձեռնած ֆիլմում նկարահանվում է ու «խմբագրում» է Ապրիլյան պատերազմի օրերին իր իսկ հնչեցրած հայտարարությունը՝ պնդելով, թե հայկական ուժերը կորցրել են ոչ թե 800, այլ՝ 400 հեկտար տարածություն, ապա նա, անշուշտ, շատ բացահայտումներ անելու ռեսուրս, պոտենցիալ ունի, ու քաղաքական պատասխանատվությունը երրորդ նախագահին պարզապես ստիպում է՝ ներկայանալ քննիչ հանձնաժողով։

Անցած օրերին լսեցինք Սերժ Սարգսյանի, նրա թիմակիցների «հերոսական» հռետորաբանությունը ու տրամաբանական կլիներ, որ այդ «հերոսական» կերպարով երրորդ նախագահը ներկայանար քննիչ հանձնաժողով՝ նրա անդամների, հասարակության մի զգալի մասի կասկածները փարատելու համար։ Եթե Սարգսյանը չի ներկայանալու՝ ալիբի համարելով Խաչատուրովի նախադեպը, ապա քննիչ հանձնաժողովն առնվազն կարող է քաղաքական վերդիկտ կայացնել՝ հետևությունը թողնելով հասարակությանը կամ նույնիսկ՝ իրավապահ մարմիններին։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments