Սերժ Սարգսյանը բացել է 80-ականների զենքի քաղաքական կոդը

- in Պնակալեզներ
Serzh Sargsyan

80-ականների զենք՝ չի նշանակում հին զենք, մասնագետները կհաստատեն՝ հայտարարել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի առիթով:

Նա ասել է, թե Բեռլինում այդ մասին հայտարարել է ոչ թե զենքի հնության մասին խոսելու համար, այլ միջազգային հանրությանը ցույց տալու, որ Ադրբեջանի միլիարդավոր դոլարների սպառազինությունը մատնելով լռության՝ թույլ են տվել ագրեսիայի հասունացում և պատերազմ:

Սերժ Սարգսյանն 80-ականների սպառազինության մասին խոսեց ապրիլի 6-ին, Բեռլինում՝ Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսում: Ինքնին փաստը արդեն իսկ ուշագրավ է, եբ ագրեսիայի ենթարկված պետության ղեկավարը կարևոր հայտարարություններ է անում ոչ թե ռազմաքաղաքական, ռազմավարական դաշնակից համարվող երկրի մայրաքաղաքում կամ այդ երկրի առաջնորդի հետ հանդիպմանը, այլ մի կառույցի առաջատար պետության առաջնորդի հետ, որի հանդեպ բավականին անպարկեշտ վարվեց 2013 թվականի սեպտեմբերին: Բայց հենց այստեղ է նաև Սերժ Սարգսյանի խոսքի մեկնությունը:

Նա իրականում դիմել է ոչ թե միջազգային հանրությանը, այլ միջազգային հանրության կողքից դիմել է Ռուսաստանին: Որովհետև միլիարդավոր դոլարների, այսպես ասած, 90-ականների կամ 2000-ականների սպառազինությունը Ռուսաստանն էր վաճառում Ադրբեջանին, որի նախագահը օրը երեք անգամ պատերազմով էր սպառնում Հայաստանին ու Արցախին: Այդ տարիներին Ռուսաստանը եղել է Ադրբեջանի սպառազինության ավելի քան 80 տոկոսի մատակարարը: Սակայն այստեղ խնդիրը լոկ մատակարարումը չէ, այլ նաև այն, որ Բաքվի համար ամենևին նույնը չէ, թե ումից է գնել այդ սպառազինությունը: Օրինակ՝ եթե անգամ դա գնվեր Թուրքիայից, ապա դրա քաղաքական արժեքը և ուժը չէր լինի հավասարազոր Ռուսաստանից գնվածին, որովհետև Թուրքիան Ադրբեջանի դաշնակիցն էր, ոչ թե Հայաստանի: Հայաստանի դաշնակիցը Ռուսաստանն էր, ու եթե այն տասնյակ միլիարդ դոլարի սպառազինություն է վաճառում Հայաստանի հակառակորդ, թշնամական երկրին, ապա այս սպառազինության հետ մեկտեղ վաճառվում է, այսպես ասած, դրա կիրառման ուղեցույցն ու անցաթուղթը, այլ կերպ ասած՝ Հայաստանի ու Արցախի սահմանների գաղտնաբառը:

Այդուհանդերձ, առանցքային հարցն այստեղ այն է, թե ինչո՞ւ էր Ռուսաստանը Հայաստանին տրամադրում 80-ականների զենք, իսկ Ադրբեջանին՝ միլիարդաոր դոլարների առավել արդիական սպառազինություն: Ինչո՞ւ էր դա տեղի ունենում, ո՞րն էր այստեղ Հայաստանի պատասխանատվությունը: Ներկայումս գլխավորը հենց այդ հարցը հասկանալն է՝ այդօրինակ իրադրություն վերստին թույլ չտալու համար:

Իսկ այստեղ թերևս պատասխանը նույնպես Սերժ Սարգսյանի գործողության մեջ է՝ Գերմանիա այցի մեջ: Տվյալ պարագայում խնդիրն իհարկե անմիջականորեն Գերմանիան չէ, այլ ընդհանրապես հանգամանքը, որ չի կարելի բոլոր ձվերը տեղավորել մի զամբյուղում, տվյալ դեպքում՝ ամբողջ անվտանգությունն ու արտաքին քաղաքականությունը կառուցել մեկ երկրի՝ Ռուսաստանի վրա: Որովհետև դա ավելի խոցելի է դարձնում, քան անվտանգ:

Անվտանգային, արտաքին քաղաքականությունը պետք է լինի դիվերսիֆիկացված, որպեսզի որևէ երկիր, տվյալ դեպքում Ռուսաստանը կամ առավել ևս դաշնակից համարվող Ռուսաստանը երբևէ հնարավոր չդիտարկի ի վնաս Հայաստանի ռեգիոնալ բալանսի որևէ խախտում: Իսկ դրա համար էլ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանն ունենա ոչ միայն բալանսավորված արտաքին, անվտանգային քաղաքականություն, այլ նաև բալանսավորված ներքաղաքական համակարգ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments