Սերժ Սարգսյանը պայման է դրել հանձնաժողովի նիստին մասնակցելու համար

- in Ով ով է ...
Serzh Sargsyan

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի կողմից այսօր պաշտոնական գրություն է ուղարկվել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին` ի պատասխան ս.թ. ապրիլի 6-ին նրա կողմից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հղված գրության:

Գրասենյակի պատասխանատուի ստորագրությամբ ուղարկված գրության մեջ նշվել է, որ չնայած ՀՀ երրորդ նախագահը որևէ օրենքով չի կրում պարտականություն հանձնաժողովի լսումներին ներկայանալու, այդ թվում` «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով, այդուհանդերձ, նախագահ Սերժ Սարգսյանը ո՛չ հանձնաժողովում և ո՛չ էլ որևէ այլ ձևաչափով խնդիր չունի մանրամասներ ներկայացնելու Ադրբեջանի կողմից 2016թ. սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի մասին, առավել ևս, որ ռազմական լայնածավալ այդ գործողությունների վերաբերյալ մինչ այժմ Սերժ Սարգսյանի կողմից հրապարակային բազմաթիվ անդրադարձներ են եղել` ելույթներ, հարցազրույցներ, նախագահի մասնակցությամբ անցկացված խորհրդակցություններ, հանդիպումներ, նիստեր, որոնցում բավականին հանգամանալից անդրադարձ է կատարվել այդ իրադարձություններին:

Պաշտոնական պատասխանում միաժամանակ ընդգծվել է, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, մինչդեռ Անդրանիկ Քոչարյանի` 06.04.2020 թվականի վերոհիշյալ գրությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ուղարկված հրավերը մերժելու դեպքում գրավոր հիմնավորումներ ներկայացնելու խնդրանքը չի բխում Սահմանադրությամբ և օրենքներով հանձնաժողովին վերապահված լիազորությունների շրջանակից, ուստի առաջարկվել է հիշյալ պաշտոնատար անձին` այսուհետ գործել բացառապես իր լիազորությունների սահմաններում:

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը նաև խնդրել է պարզաբանել` արդյո՞ք հանձնաժողովի փակ նիստը ձայնագրվում, սղագրվում և պատշաճ կարգով արխիվացվում է, թե՞ ոչ և տեղեկացրել է, որ նախագահ Սարգսյանը նպատակահարմար է գտնում 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով այցելել ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարված արտակարգ դրության ժամկետի ավարտից հետո` պայմանով, որ ձայնագրության մեկ օրինակը նիստից հետո տրամադրվելու է ՀՀ երրորդ նախագահին, եթե նիստի ընթացակարգով ձայնագրություն նախատեսված է, հակառակ դեպքում` տալ ձայնագրման հնարավորություն:

«Թեև տարակուսելի է, որ համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակում ԱԺ հանձնաժողովը որոշել է նիստ անցկացնել, այնուամենայնիվ, ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրության ժամկետի երկարաձգման որոշում չկայացնելու դեպքում ՀՀ երրորդ նախագահը պատրաստ է ս.թ. ապրիլի 16-ին, ժամը 14:00-ին այցելել հանձնաժողով»,- ասված է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանում: Այս մասին հայտնում են Սերժ Սարգսյանի գրասենյակից։

Սերժ Սարգսյանի գրասենյակը տարածել է երրորդ նախագահի որոշումն ապրիլյան քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողով այցելելու եւ հարցերին պատասխանելու մասին: Սարգսյանն ըստ ամենայնի պատրաստ է ընդունել հրավերը, եւ երրորդ նախագահի գրասենյակը ազդարարում է նրա այդ պատրաստակամությունը:

Սերժ Սարգսյանը հայտնում է, որ արտակարգ դրությունից հետո՝ ապրիլի 16-ին կներկայանա հանձնաժողով եւ կպատասխանի հարցերին, իհարկե պայմանով, որ կլինի պատշաճ ձայնագրություն եւ դրա մի օրինակը կտրամադրվի իրեն:

Սերժ Սարգսյանի գրասենյակը նախօրեին հայտարարել է, որ Սարգսյանը չունի հանրությունից թաքցնելու ոչինչ, առավել եւս հաղթական պատերազմի առնչությամբ: Արդյոք Սերժ Սարգսյանը կասկած ունի, որ հանրությունից ինչ որ բան կարող է թաքցնել քննիչ հանձնաժողովը, եթե դնում է ձայնագրության պահանջ:

Համենայն դեպս, նրա այդ պահանջն այնպիսին է, որ թե հանձնաժողովի եւ թե հանրության համար պետք է ոչ միայն ընդունելի լինի, այլեւս ցանկալի ու անհրաժեշտ: Ըստ այդմ, կարծես թե կա Սերժ Սարգսյանի հանձնաժողով այցելելու մեկ խոչընդոտ՝ արտակարգ դրությունը: Դրա ժամկետը մինչեւ ապրիլի 14-ն է, սակայն կարող է նաեւ երկարաձգվել: Մյուս կողմից, Սերժ Սարգսյանը կարծես թե չի բացառել, որ արտակարգ դրությունը ավելի ուշ չեղարկելու պարագայում կարող է հանձնաժողով ներկայանալ նաեւ ավելի ուշ: Համենայն դեպս, պայմանը կարծես թե մեկն է՝ ձայնագրություն:

Նիկոլ Փաշինյանը նախօրեին ասել էր, որ Սերժ Սարգսյանի մասնակցությունը կլինի կուլմինացիան: Փաշինյանը խոսել էր նաեւ Խաչատուրովի մասին, որն այն ժամանակ գլխավոր շտաբի պետն էր, սակայն Խաչատուրովն ավելի վաղ հրաժարվել էր ներկայանալ հանձնաժողով:

Այդ իմաստով, Սերժ Սարգսյանի որոշումն ինչ որ առումով ապտակ է Յուրի Խաչատուրովին, որը լինելով ռանգով ավելի ցածր, քան Սերժ Սարգսյանը, հրաժարվել էր հանձնաժողովի հրավերից: Հետաքրքիր իրավիճակ է, եթե նկատի առնենք նաեւ այն, ինչ Սերժ Սարգսյանը ապրիլյան ռազմագործողությունների օրերին Խաչատուրովի դերակատարման առնչությամբ ակնարկել էր Դիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում: Նա ասել էր, թե տեղյակ չէր Մոսկվայում ապրիլի 5-ին Յուրի Խաչատուրովի մասնակցությամբ Ադրբեջանի ԳՇ պետի հետ զինադադարի վերաբերյալ բանակցությունից: Դա չափազանց ուշագրավ ակնարկ էր, որովհետեւ խոսքը հրադադարի մասին էր, եւ տարօրինակ էր, երբ Գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմից ամիսներ անց հայտարարում էր դրա մանրամասներին տեղյակ չլինելու մասին:

Ընդ որում, ինքնին այդպիսի խոստովանությունն էր բացառիկ: Դրանով Սարգսյանն ըստ երեւույթին ակնարկում էր երկու զուգահեռ ռազմա-քաղաքական հարթությունների մասին, իրեն դուրս դնելով մոսկովյան հարթությունից:

Կկարողանա ապրիլյան քննիչ հանձնաժողովը բացել քառօրյայի զուգահեռ հարթությունները: Մեծ հաշվով, Սերժ Սարգսյանը ձայնագրության պայման-առաջարկով մի կողմից մարտահավեր է նետում հանձնաժողովին, մյուս կողմից տալիս դա անելու հնարավորություն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments