Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի համակեցության դաշտը

Serj Robert

Արցախում տեղի ունեցած ընտրությանն արձագանքել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, շնորհավորելով արցախցիներին ընտրության կապակցությամբ և հայտարարելով, որ առաջին հերթին ինքներս պետք է մի կողմ դնենք քաղաքական հայացքներն ու ընդունենք ընտրության արդյունքը: Ո՞ւմ է ուղղված Սերժ Սարգսյանի արձագանքը:

Նախընտրական շրջանում Սարգսյանի թեկնածու էր դիտարկվում Վիտալի Բալասանյանը, որի նախընտրական շտաբում շատերն էին տեսնում Սերժ Սարգսյանի գործընկերներին: Ըստ այդմ պետք է եզրակացնել, որ Սարգսյանի հայտարարությունը ուղղված է հենց նրանց և Բալասանյանին, որը պարտվեց նախագահի ընտրություններում, թեև անցավ խորհրդարան: Ստացվում է, որ Սերժ Սարգսյանն ընդունում է պարտությունը և այդպիսի կոչ անում նաև Բալասանյանին:

Մյուս կողմից, իսկ արդյոք Բալասանյանը պատրաստվո՞ւմ էր չընդունել իր պարտությունը: Համենայնդեպս, չկա դրա թե՛ քաղաքական նպատակահարմարությունը, թե՛ նաև այդպիսի տրամադրության վկայություն: Միևնույն ժամանակ կա մի ուշագրավ հանգամանք: Վիտալի Բալասանյանի շուրջ խմբված էր ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաև Ռոբերտ Քոչարյանի գործընկերների և, այսպես ասած, համախոհների շրջանակը: Այդ իմաստով, Բալասանյանը, Արցախում լինելով նախկին կառավարող համակարգի կամա, թե ակամա հավաքական թեկնածու, այդուհանդերձ, նաև այդ համակարգի որոշակի մրցակցության հարթակ էր: Ըստ այդմ, պարտությունն ընդունելու Սերժ Սարգսյանի փաստացի կոչը կարող է վերաբերել Ռոբերտ Քոչարյանին, ուղղված լինել նրան: Այդ տեսանկյունից, հետաքրքիր կլինի տեսնել՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանն արձագանքելո՞ւ է ընտրությանը, և ինչպիսին է լինելու այդ արձագանքը: Համենայնդեպս, ընտրությանն ընդառաջ թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը կոչով դիմեցին արցախցիներին, և նրանց կոչի տողատակում բավականին հստակ ու պարզ էր Բալասանյանին ընտրելու կոչը:

Ընտրությունից հետո, երբ նա այլևս ընտրված չէ, հետևաբար, բավականին նեղանում է քաղաքական խաղի շրջանակը կամ խողովակը, Բալասանյանի շուրջ ստեղծվում է հետաքրքիր իրավիճակ, այդ առումով նեղանում է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի համակեցության դաշտը: Հետևաբար, դա հավանական է դարձնում պայքարի սրացումը Բալասանյանի հետընտրական վարքագծի, քաղաքական խորհրդարանական գործունեության հարցում: Այս տեսանկյունից, իհարկե, էական հանգամանք է դառնում այն, թե ինչպես են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը վերաբերում նախագահի ընտրության երկրորդ փոլի հավանական այս կամ այն արդյունքին, նրանք ունե՞ն դրա վերաբերյալ ընդհանուր պատկերացում, թե՞ կան էական տարբերություններ:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments