Սերժ Սարգսյանն առայժմ թանկացնում է իրեն. կգնա՞, թե՝ ոչ

- in Պնակալեզներ
Serzh Sargsyan

Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարել է, որ ստացել են Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի հրավերը՝ ապրիլի 13-ին կամ 16-ին, իրեն հարմար ժամանակ հանձնաժողով գնալու և հարցերին պատասխանելու մասին: Գրասենյակի ղեկավարը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի որոշման մասին կտեղեկացնեն հանրությանը:

Գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը միաժամանակ ասել է, որ Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու բան չունի, այն էլ հաղթական պատերազմի առնչությամբ: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ Սերժ Սարգսյանը կընդունի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի հրավերն ու կներկայանա հարցերին պատասխանելու: Թե՞ հակառակը՝ Սարգսյանի գրասենյակի ղեկավարի ակնարկը հուշում է, որ Սերժ Սարգսյանն իր ասելիքը համարում է ասված, համարում է, որ ինչ կարող էր ասել, ասել է հրապարակավ և չունի որևէ առանձին ասելիք: Թերևս չարժե, իհարկե, զբաղվել Սարգսյանի որոշման կանխագուշակությամբ, քանի որ շատ մոտ ապագայում հանրությանը պարզ կլինի այդ որոշումն ինքնին:

Եթե Սերժ Սարգսյանը մերժի հրավերը, ապա դա, իհարկե, խթանելու է Ապրիլյան քառօրյա պատերազմի առիթով նրան ուղղված հայտնի թիրախավորումների և գնահատականների որ ալիք: Իհարկե, Սերժ Սարգսյանը հազիվ թե էական անհանգստություն ունենա այդ կապակցությամբ, դրան նա թերևս վարժվել է բավականաչափ, ըստ այդմ, եթե նա այդուհանդերձ կայացնի հանձնաժողով գնալու որոշում, ապա հաստատ ոչ հանրային նոր քննադատության տեղիք չտալու համար: Գնալու մասին որոշման պարագայում Սերժ Սարգսյանի մոտիվը թերևս կլինի ավելի խորքային, քանի որ հանձնաժողով գնալու և Քառօրյայի վերաբերյալ հարցերին պատասխանելու դեպքում նա էական փոփոխություն կբերի Հայաստանի ներքին և գուցե թե արտաքին քաղաքական կյանք, առնվազն այնքանով, որքան որ այդ կյանքում տեղ է զբաղեցնում Ապրիլյան պատերազմի թեման: Իսկ այդ թեման թե՛ ներքին, թե՛ արտաքին անվտանգային առումով զբաղեցում է բավականին լայն և բազմաշերտ տարածք:

Հետևաբար, գնալով ու պատասխանելով հարցերին, զուտ այդ փաստով ինքնին Սերժ Սարգսյանը էապես կփոխի այդ տարածքում մթնոլորտը: Իսկ թե մասնավորապես ինչքան, դա էլ արդեն կախված է լինելու, թե ինչպիսին են լինելու հանձնաժողովի հարցերին նրա պատասխանները: Բայց, երևի թե, անկասկած է, որ ինչպիսին էլ դրանք լինեն, հավանականությունը շատ մեծ է, որ դառնալու են ներքաղաքական օրակարգի նոր ճյուղավորումների պատճառ՝ առերևույթ կամ աներևույթ ճյուղավորումների: Ընդ որում, դրանք էապես կարող են շոշափել նաև շրջանակներ, որոնք առնչվում են իշխող նախկին համակարգին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments