Սերժ Սարգսյանն ունի՞ ասելիք, որը չի բարձրաձայնել անցնող չորս տարիների ընթացքում

- in Պնակալեզներ
Serj Sargsyan

Եթե Սերժ Սարգսյանը չունի հանրությունից թաքցնելու ոչինչ, ապա դա նշանակում է, որ նա պետք է որ ընդունի հրավերը: Մյուս կողմից, հարց է առաջանում՝ Սերժ Սարգսյանը մինչ այժմ ասե՞լ է ամենը, ինչ գիտե պատերազմի մասին: Որովհետեւ, եթե նա չունի հանրությունից թաքցնելու ոչինչ, ուրեմն պետք է որ անցնող չորս տարիների ընթացքում ասեր կամ ասած լիներ ամեն ինչ, հանրությունից չթաքցնելով ոչինչ:

Սերժ Սարգսյանն այս ընթացքում բազմաթիվ անգամներ է արտահայտվել քառօրյայի մասին, բայց արդյոք դա ամբողջն է, ինչ նա գիտե կամ կարող է ասել: Անկասկած է, որ կան բաներ, որ թե Սերժ Սարգսյանը, թե որեւէ մեկը, որ լիներ նրա կարգավիճակում, չէր կարող հանրայնացնել, շատ հասկանալի պատճառով: Բայց արդյոք հանրայնացվել է ամենը, ինչ հնարավոր էր:

Որովհետեւ Սերժ Սարգսյանը կարող է գնալ հանձնաժողով եւ կրկնել այն, ինչ այսպես թե այնպես ասել է անցնող չորս տարիների ընթացքում: Այդ դեպքում Սերժ Սարգսյանը գնա հանձնաժողով, որ ի՞նչ անի, այն էլ կարանտինի պայմաններում:

Թե՞ Սերժ Սարգսյանն ունի ասելիք, որը չի բարձրաձայնել անցնող չորս տարիների ընթացքում, որը պահել է անհրաժեշտ իրավիճակի համար: Ամիսներ առաջ Սարգսյանը հայտարարեց, թե մոտենում է հանրության հետ անկեղծ զրույցի ժամանակը: Արդյոք Սարգսյանն այդ զրույցը կսկսի ապրիլյան քառօրյա պատերազմից:

Ապրիլյան քառօրյա պատերազմը ռազմական գործողություն լինելուց բացի, նաեւ ռազմա-քաղաքական բազմաշերտ մի գործընթաց էր, որը հասունացել է թե Հայաստանի շուրջ, թե Հայաստանի ներքին կյանքում տեղի ունեցող տեւական գործընթացների ուղեկցությամբ: Հնարավո՞ր է ամբողջությամբ ու լիարժեք քննել ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները, կենտրոնանալով լոկ դրանց ռազմական բաղադրիչի վրա, այն դեպքում, երբ մեծ հաշվով ռազմականում արտահայտվել է ընդամենը ամենատարբեր դերակատարներով ներքին ու արտաքին քաղաքական բաղադրիչների մի քանի տարվա հանրագումար-հետեւանքը:

Սերժ Սարգսյանն իր կարգավիճակի բերումով եղել է այդ ամենի բաց թիրախը, միաժամանակ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների բերումով զրկված լինելով նույնքան բաց թիրախավորել այլ շրջանակների, որոնք ունեն Հայաստանի ու Արցախի շուրջ ագրեսիայի հասունացման պատասխանատվության ահռելի բաժին: Սարգսյանն այժմ էլ իհարկե այդ հարցում ուղղակիորեն կաշկանդված է մի շարք առումներով ու պատճառներով: Կարո՞ղ է նա ստեղծել իրավիճակ, երբ նոր թիրախներ բարձրաձայնելու անհրաժեշտության առաջ կկանգնի Սարգսյանին հրավիրած հանձնաժողովը, որոշելով՝ հանրայնացնե՞լ Սարգսյանի պատասխաններից ստացված տեղեկատվությունը, թե` ոչ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments