Սեփականության վերաբաշխում Հայաստանում. Փաշինյանը հավաքում է իր «բազան»

- in Կարծիք

Հայաստանում վերջերս օրենք է ընդունվել անօրինական սեփականության բռնագրավման մասին, զուգահեռ սկսվեցին ավիաընկերությունների, Ucom-ի եւ Գազպրոմի հետ կապված պատմությունները: Այս իրադարձությունները ուղիղ հանգում են տնտեսությունում հեղափոխության անխուսափելիությանը:

2 տարի առաջ Հայաստանում փոխվեց իշխանությունը, բայց տնտեսության կառուցվածքը չփոխվեց: Խոսքը կոռուպցիոն համակարգն արմատախիլ անելու մասին չէ, ինչը չի վիճարկվում, այլ՝ կապիտալի դասավորության, առանց որի փոփոխության դժվար է նոր իրականություն կառուցել:

1990-ականների սկզբին մասնավորեցման հայտարարումից հետո հայկական ակտիվների մի մասը դարձավ «առաջին ալիքի բիզնեսմենների» սեփականությունը, որոնք կամ մոտ էին 90-ականների սկզբի իշխանությանը, կամ էլ ռազմական օլիգարխիային: Հիմնական ակտիվների մի մասը բաժին հասավ Ռուսաստանին: Հետո, Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալով կառուցվեց Ռուսաստանի հետ սերտ կապված տնտեսություն, որին անցավ ենթակառուցվածքների հիմնական մասը՝ կապ, երկաթուղի, գազատրանսպորտային համակարգ, էլեկտրացանցեր, համակարգաստեղծ ձեռնարկություններ, այդ թվում՝ լեռնահանքային: Ռուսական կապիտալի հետ միասին սկսվեց շինարարական բումը, որը հետո «փուչիկ» անվանվեց:

2008 թվականին իշխանության եկած Սերժ Սարգսյանն այդպես էլ չկարողացավ իր իշխանությունը հաստատել հայկական կապիտալի վրա եւ ստիպված էր «իր» տնտեսությունը կառուցել: Սկսեցին զարգանալ այն ոլորտները, որոնք չէին պահանջում «հիմք հողի վրա», խրախուսվում էր աշխատանքային միգրացիան, իսկ բանկային համակարգի ու փոխարժեքի խաղի վրա ֆինանսներ էին կուտակվում: Ստեղծվեց նաեւ «հայկական» հեռահաղորդակցության ընկերությունը՝ Ucom-ը:

2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր պատկեր ստացավ տնտեսությունում՝ հիմնական ենթակառուցվածքներն ու ակտիվները պատկանում են ռուսական ընկերություններին ու նախկին վարչակարգին լոյալ ուժերին:

Կապիտալը վերահսկելու Նիկոլ Փաշինյանի փորձերը հաջողությամբ չպսակվեցին, նա չցանկացավ օգտվել հեղափոխության առաջին ալիքից: Հետո նրան սկսեցին խանգարել իրավական արգելքները.  եւ, ի վերջո, այդ կապիտալի տերերը մարդիկ են, որոնք երկար տարիներ իշխանության են եղել եւ ունեն բոլոր թղթերը:

Փաշինյանը, ըստ երեւույթին, որոշել է գոյություն ունեցող ակտիվների վրա վերահսկողություն սահմանելու փորձերին զուգահեռ իր «բազան» կառուցել եւ որպես առաջնահերթ ոլորտ է ընտրել զբոսաշրջությունը: Այս ճանապարհին հաջողությունները քիչ չեն, ինչպես եւ «նախկին կապիտալին» մենաշնորհային իրավունքներից ու ստվերային բարձիկից զրկելու հարցում: Քայլեր են արվել նաեւ Հայաստանում ռուսական կորպորացիաներին «սանձելու» համար:

Բայց կորոնավիրուսն իր ճշգրտումներն է մտցրել, Հայաստանում զբոսաշրջությունը առնվազն երկար ժամանակ չի կարողանա դառնալ տնտեսության ողնաշարը, եւ նորից արդիական է դարձել ազգային ակտիվների վերահսկողության հարցը: Ներկայում այն արտահայտվում է հեռահաղորդակցությունների ոլորտում ու լեռնահանքային արդյունաբերությունում:

Կառավարությունը կկարողանա՞ ապօրինի սեփականության բռնագրավման հիմքեր գտնել, առավել եւս, որ օրենքն ընդունվել է արդեն: Հայաստանի տնտեսությունը վերահսկող ուժերի ներկայացուցիչները չեն պատրաստվում նահանջել: Սերգեյ Լավրովն այս մասին հայտնել է ռուսական կորպորացիաների մասով, իսկ Գագիկ Խաչատրյանի, Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ընտանիքների անդամներն ասում են բաց տեքստով:

Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն առաջարկել է օրինականացնել «կայացած կլանների» կապիտալը եւ ներդնել այն տնտեսության զարգացման մեջ: Այդ առաջարկը, հավանաբար, չի ընդունվել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments