Սկսվեց. Տեղեկատվական դիվերսիա Հայաստանի դե՞մ

- in Տնտեսական

Մարտի 31-ին եղավ տեղեկատվություն, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նամակով դիմել է Գազպրոմի նախագահ Միլլերին, որպեսզի քննարկվի Հայաստանի համար սահմանին գազ գնի իջեցման հարցը՝ պայմանավորված համաշխարհային այն իրավիճակով, որ ձեւավորվել է կորոնավիրուսի համաճարակի եւ նավթի կտրուկ գնանկման պայմաններում:

Միաժամանակ, տեղեկություն տարածվեց Հայաստանի վարչապետի եւ Բելառուսի նախագահի հեռախոսազրույցի մասին: Բելառուսի նախագահի նստավայրի տարածած հաղորդագրության մեջ նշում էր, որ երկու ղեկավարները համակարծիք են եղել, որ ներկայիս համաշխարհային իրադրության պայմաններում ռուսական գազի գինը բարձր է եւ չի համապատասխանում առկա իրողություններին:

Դա թերեւս ակնարկ էր, որ Հայաստանն ու Բելառուսը քննարկում են Ռուսաստանի առաջ էներգակիրների նվազեցման հարց դնելու հնարավորությունը: Առավել եւս, որ այդ հարցը Մինսկն ու Երեւանը շոշափել են ավանդաբար, թեեւ՝ հիմնականում առանձին-առանձին: Արդյոք Երեւանն ու Մինսկը պատրաստվում են միասնական քաղաքական հարցադրման:

Այդ ֆոնին, ի դեպ, հետաքրքիր է Եվրասիական տնտեսական տարածությունից ՌԴ նախագահ Պուտինի մեկուսացումը: Հատկանշական է, որ չկան տեղեկություններ ԵԱՏՄ առաջնորդների հետ Պուտինի շփումների մասին: Ինչու՞ է Պուտինը «մեկուսացել» ԵԱՏՄ-ից: Նրա համար դա արդեն արդիական չէ՞, թե չունի քաղաքական հարցադրումների պատասխանելու տրամադրություն, եւ ներկայում նրա համար այդպիսի հարցադրումներ լսելու ամենահարմար ժամանակը եւ իրավիճակը չէ:

Այդ ֆոնին, տարածվում է տեղեկություն, որ Գազպրոմ Արմենիան դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ գազի գինը թանկացնելու համար:

Ու թեեւ հանձնաժողովն ունի հայտի 90 օր քննարկելու ժամանակ, ու թեեւ Հայաստանը պաշտոնական մակարդակով դիմել է նաեւ գազի գինը նվազեցնելու համար, այդուհանդերձ հայաստանյան տեղեկատվական տիրույթում արդեն արձանագրվում է մեկնաբանությունների շղթա՝ թե ինչ հետեւանք է ունենալու գազի թանկացումը Հայաստանում քաղաքացիների եւ բիզնեսի համար: Սկսվում, կամ վերսկսվու՞մ է գազի գնի ներքաղաքական շրջանառությունը:

Փաստացի, Գազպրոմ Արմենիայի հայտը թողնում է Հայաստանի հանդեպ տեղեկատվական դիվերսիայի կամ դրա այսպես ասած ինֆորմացիոն առիթի տպավորություն, որի հիմքով ձեւավորվում են հանրային բացասական սպասումներ՝ առանց այդ էլ սոցիալ-հոգեբանորեն լարված իրավիճակում, երբ հույժ կարեւոր է դառնում ավելորդ բացասական ազդակներից զերծ մնալը:

Կա՞ Գազպրոմ Արմենիայի հայտի պարագայում որեւէ քաղաքական հետք, այսինքն ցուցում Մոսկվայից, թե ոչ: Իսկ ցուցում որեւէ այլ տեղից՝ Հայաստանի նախկին համակարգի որեւէ այլ շրջանակից: Բավականին բարդ է ասել, առավել եւս, որ Գազպրոմ Արմենիան այդօրինակ հայտ հանձնաժողով ներկայացնում է պարբերաբար, գրեթե յուրաքանչյուր գարուն:

Դրանով հանդերձ, ներկայիս գարունն ունի խիստ ընդգծված առանձնահատկություն եւ ըստ այդմ նաեւ սոցիալ-հոգեբանական զգայունություն: Այնքան խիտ ընդգծված, որ հազիվ թե նկատելի չլիներ Գազպրոմ Արմենիայի համար:

Անկասկած է, որ առկա իրավիճակի եւ հեռանկարի ֆոնին գազ գնի որեւէ բարձրացում Հայաստանի համար լինելու է տնտեսական բազմակի բեռ: Առայժմ կա ընդամենը Գազպրոմ Արմենիայի հայտ, եւ գազի գինը իջեցնելու Հայաստանիհայտ Ռուսաստանին: Որքանո՞վ է նպատակահարմար ընդամենն այդ ֆոնին գեներացնել թանկացման թեման, առավել բորբոքելով հանրային սոցիալ-հոգեբանական լարումը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments