Տաթեւիկ Ռեւազյանի պարզաբանումը. Քաղավիացիայի կոմիտեի հայտարարությունը

- in Տնտեսական

ՀՀ քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի` դեկրետային արձակուրդում գտնվող ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հերքում է տարածված տեղեկությունը, թե Միջազգային ավիացիոն կազմակերպությունը Հայաստանի քաղավիացիային զրկել է լիցենզիայից:

Երկու ավիաընկերություններ պարզապես ժամանակավորապես զրկվել են եվրոպական ուղղություններով կատարվող չվերթների իրավունքից: Ռևազյանն այս թեմային անդրադարձել է Հանրային հեռուստաընկերությամբ տեսակապի միջոցով Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում, կոմիտեն ևս հայտարարություն է տարածել:

«Որևէ միջազգային կառույց չի կարող զրկել Քաղավիացիայի կոմիտեին իր իրավասություններն իրականացնելուց, այսինքն դա որևէ կապ չունի իրականության հետ: Եվ դա պարզ կարող եմ հերքել: Խոսքը գնում է այն մասին, որ առանձին ընթացակարգ կա դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու, որը վերաբերվում է Հայաստանում գրանցված ավիաընկերություններին: Եվ ճիշտ է, որ իրենցից ժամանակավոր վերցրել են այդ թույլտվությունները՝ իրականացնելու չվերթներ դեպի Եվրոպա: Եվ մենք հիմա ուզում ենք եվրոպական կողմից պարզաբանում ստանալ, թե ինչու են այդ որոշումն այդպես արագ կայացրել»,-ասաց Ռևազյանը:

Նա հիշեցրեց, որ մեկ ամիս ասաջ իրենք նշել էին, որ ստուգում պետք է անցկացվի Հայաստանում և վերջնական արդյունքը պետք է ներկայացվի նիստի ընթացքում մայիս ամսին: «Ինչպես նշել էի ամիսներ առաջ՝ իրոք մեր Քաղավիացիայի կոմիտեն շատ լուրջ փոփոխություններով պետք է անցնի, որովհետև մեր Քաղավիացիայում մոտեցումները տարբերվում են մեր եվրոպական գործընկերների ակնկալիքներից»,-ասաց Ռևազյանն ու նկատեց՝ երկարաժամկետ փոփոխություններ են անհրաժեշտ:

Նա շեշտեց՝ առկա լրջագույն խնդիրները  շատ-շատ  վաղուցվա խնդիրներ են, որոնք մեկ օրվա ընթացքում չեն լուծվի: Ռևազյանն ասաց՝ պետք է նոր մասնագետներ ներգրավել, պետք է ուսում տալ, նոր մոտեցումներ բերել Քաղավիացիա, և իրենք արդեն ընթացք են տվել, արդեն, լուրջ քայլեր արել են: Նա նշեց՝ շատ էին մեղադրում, հետաքրքրվում, թե ինչ հսկողություն է արվում, որ Հայաստանում գրանցված օդանավերը թռնում են, օրինակ, Սոմալի: «Մենք այսօր չունենք որևէ չվերթ Աֆրիկա»,- վստահեցրեց Ռևազյանը:

Երեկ որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից, չի համապատասխանում իրականությանը: Հայաստանն ինքնիշխան պետություն է և որևէ կառույց չի կարող զրկել ՀՀ օրենքով գործող պետական կառույցին իր լիազորությունները կատարելու իրավունքից:

2020 թվականի փետրվարի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) և Եվրոպական Միության (այսուհետ՝ ԵՄ) մասնագետների կողմից իրականացվել է Կոմիտեի և թվով երկու ավիաընկերությունների գնահատման այց: 2020 թվականի մարտի 6-ին Կոմիտեն և գնահատում անցած երկու ընկերությունները ստացել են Գործակալության կողմից նախնական գնահատման արդյունքները, որի վերաբերյալ Գործակալությունն ակնկալում է ստանալ Կոմիտեի կարծիքը գնահատման արդյունքների վերաբերյալ զեկույցը վերջնական տեսքի բերելու նպատակով: Այսպիսով, Գործակալությանն ուղղված դիտարկումները Կոմիտեն ուղարկելու է ապրիլի 6-ին:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք ամիսներ առաջ, Եվրոպական Հանձնաժողովը նախատեսում է 2020 թվականի մայիսի 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Բրյուսել քաղաքում անցկացվելիք Եվրոպական անվտանգության թիմի նիստի լսումներին ներկայացնել Գործակալության արձանագրած դիտարկումները և Կոմիտեի պարզաբանումները, որին հրավիրված է նաև Կոմիտեն: Միաժամանակ, նախկինում արդեն բազմիցս տեղեկացրել ենք, որ Կոմիտեն ունի լուրջ խնդիրներ, որոնք նոր չեն, ունեն շատ երկար տարիների պատմություն, որոնք պահանջում են բավական ժամանակ և ռեսուրսներ կառույցը արդիականացնելու համար: Այդ ուղղությամբ արդեն իսկ արվում են և արվելու են լուրջ և կտրուկ քայլեր:

Իսկ ինչ վերաբերվում է այն երկու ավիաընկերություններին, որոնք ժամանակավորապես զրկվել են երրորդ երկրի շահագործման վկայականներից, ապա կարևոր է նշել, որ նրանք զրկվում են միայն ժամանակավորապես, միայն եվրոպական ուղղություններով կատարվող չվերթների իրավունքից և կարող են իրենց թռիչքները շարունակել այլ պետություններ: Ավելին, այս որոշումը միայն վերաբերվում է Հայաստանում գրանցված ավիաընկերություններին, որոնք իրականացնում են սակավաթիվ թռիչքներ դեպի Եվրոպական ուղություններ, և այս որոշումը որևէ ազդեցություն չի ունենա այլ միջազգային ընկերությունների կողմից իրականացվող թռիչքների վրա: Ի հավելումն, պետք է նշենք, որ Կոմիտեն սերտորեն համագործակցում է ավիաընկերությունների ղեկավարությունների հետ ստեղծված իրավիճակում լուծումներ գտնելու ուղղությամբ:

Կից ներկայացնում ենք նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Տարածաշրջանային պատասխանատու, օդային երթևեկության կառավարման/գլխավոր աուդիտոր Լեոնարդ Վիքսի բաց նամակը Հայաստանի հասարակությանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments