Տիգրան Սարգսյանն ասել էր՝ ստորագրեք, թե չէ պանելներից էլ կզրկվեք

- in Սոցիալական
Tigran Sargsyan

Երևանի Աջափնյակ համայնքի Նազարբեկյան փողոցի 48 շենքի 47 բնակարանի բնակիչ Նվեր Աբրահամյանը հայտնել է, որ այդ բնակարանը գնել է 2016 թվականի կեսերին։

«Երբ նոր էի գնել, չորս պատ էր, սարքել եմ, վերանորոգել, դարձրել բնակարան։ Հետո հարևան բնակիչներից իմացա, որ մարդիկ քսան տարուց ավելի պայքարել են, որ այդ շենքն ունենա կտուր։ Ես դրանից հետո երեք անգամ նամակ եմ գրել Նիկոլ Փաշինյանին՝ և՛ այն ժամանակ, երբ նա ԱԺ պատգամավոր էր, և՛ հեղափոխությունից հետո։ Վստահ ենք, որ նա մեր շենքի պատմության մասին տեղյակ է։ Երբ անձրևներ են գալիս, գոյացած ջուրն ամբողջությամբ իջնում է մինչև երկրորդ հարկ։ Վեցերորդ, յոթերորդ, ութերորդ հարկերը ողողվում են անձրևներով, ութերորդ հարկում գտնվող բնակիչների տունը որ մտնեք, կտեսնեք, որ ողբալի վիճակ է տիրում։ Այս շենքը չունի կտուր։ Երբ դիմել ենք թաղապետարան, քաղաքապետարան, իրենք ասել են, որ շենքի ընդհանուր բարեկարգման աշխատանքները կատարենք, կտուրի հարցը իրենք կլուծեն։ Սակայն տարիների ընթացքում ոչինչ չի արվել։ Ես մեկ անգամ նամակ եմ գրել Փաշինյանին, այդ նամակը, վստահ եմ, ինքը չի ստացել։ Այդ նամակը մակագրել էին Պետգույքի կառավարման վարչություն, այնտեղից մեզ տվել էին մի ծիծաղելի պատասխան, որ այդ շենքը երբևէ չի պատկանել Հայաստանի Հանրապետությանը։ Զարմանալի է, որ այդ շենքում 54 ընտանիք է բնակվում, և այդ շենքը չի պատկանում Հայաստանի Հանրապետությանը։ Իսկ այդ պատասխանը մեզ տվել էր ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Գևորգ Լոռեցյանը 2018թ. մայիսի 24-ին։ Նա մեզ պատասխանել էր. «Երևան քաղաքի Նազարբեկյան 48 հասցեում գտնվող շենքը երբևէ չի հանդիսացել Հայաստանի Հանրապետության սեփականություն և չի պատկանել Պետական գույքի կառավարման կոմիտեին»։ Ենթադրենք, շենքում ոչ մի բնակիչ չկա, բայց այն պատրաստի շենք է, գույք է, արժեք է։ Բա կարելի՞ է անտեսել այդ շենքը ձնհալից, անձրևներից առաջացած իրավիճակի պատճառով և թողնել, որ այն դառնա վթարային։ Պանելները որ տեսնեք, գնում-գալիս են, եթե, Աստված չանի, ընկնեն մեկի վրա, այդ ժամանակ պետք է դատե՞ն մեկին։ Ո՞ւմ ենք դատելու»,- ասում է խմբագրություն դիմած քաղաքացին։

Քաղաքացին հիշում է, թե ինչպես շենքի բնակարանների վկայականները տալու ժամանակ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ բնակիչները պետք է ստորագրեն, որ իրենք են վերանորոգելու բնակարանները, հակառակ դեպքում այդ պանելներից էլ կզրկվեն։ Մարդիկ էլ ստիպված ստորագրել են և պարտավորվել, որ իրենց ուժերով բարեկարգեն այդ շենքը։

Երկրորդ նամակը, որ գրել է Նվեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանին, մակագրվել է Երևանի քաղաքապետարան։ Այնտեղից էլ՝ կոմունալ բաժնից, պատասխանել են, որ իրենք բարեկարգել են շենքի բակը, կոյուղին են սարքել, խաղահրապարակ։

«Մենք ասում ենք՝ շենքը պետք է փրկել աղետներից, իրենք ասում են՝ բարեկարգել ենք»,- նշեց քաղաքացին։

Մեր զրուցակիցը հիշում է, որ ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ ամենաշատ քվեներ հօգուտ իշխանության եղել են Աջափնյակ համայնքից, և հանուն դրա Սերժ Սարգսյանն էլ այդ շենքը նվիրաբերել է ԱԺ նախկին պատգամավոր Գալուստ Սահակյանի որդուն՝ Արման Սահակյանին, որպեսզի նա էլ, ինչպես ցանկանում է, բաշխի։ Այդ շենքը եղել է կիսավարտ, մարդիկ էլ մուտք են գործել այնտեղ։ Այդ ժամանակ էլ Աջափնյակի թաղապետը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրն էր՝ Ռուբեն Հովսեփյանը։ Ըստ մեր զրուցակցի՝ բնակիչներից ոմանց հանել են, ոմանց հետ էլ պայմանագրեր են կնքել, որոնք հետո Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք թարմացվել են։ Այդ պայմանագրերի համաձայն՝ բնակարանները տրվել են այն մարդկանց, որոնցից յուրաքանչյուրն իր բաժնեմասով պարտավորություն պետք է ունենար լրացնելու այդ շենքի կիսավարտ աշխատանքները։ Մարդիկ էլ, ըստ իրենց հնարավորությունների, վերանորոգել են այդ բնակարանները։

Մի ուշագրավ դրվագ էլ է հիշում տուժած քաղաքացին։ Աջափնյակ համայնքի նախկին թաղապետերից Արտավազդ Սարգսյանը բնակիչներին «բոմժեր» է անվանել, սակայն ավելի ուշ ներողություն է խնդրել։ Իսկ Երևանի նախկին փոխքաղաքապետ Կամո Արեյանն էլ պատասխանել է, որ իրենց բալանսում չի գտնվում շենքը։

Տարբեր չինովնիկներից ստացած պատասխաններից հետո քաղաքացին հարցնում է՝ ո՞ր պետական կառույցի բալանսում է գտնվում շենքը, ի՞նչ անեն բնակիչները։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments