Փաշինյանի զանգը Պուտինին՝ լավ լուրից հետո

- in Տնտեսական

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին առնչվող հարցեր, նաեւ  Հայաստան գազի մատակարարման հարցը:

Կորոնավիրուսի համաճարակի ֆոնին հայ-ռուսական հարաբերության արդիական հարցը դարձել է գազի գնի խնդիրը: Այն բանից հետո, երբ Երեւանը դիմեց Մոսկվային սահմանային գնի նվազման շուրջ բանակցություն սկսելու համար, Հայաստանում գազի գնի թանկացման հայտ ներկայացրեց Գազպրոմ Արմենիան: Վարակի եւ Հայաստանի նամակի պարագայում հայտը ստացավ բոլորովին այլ իմաստ:

Այդ ֆոնին էլ հատկանշական էր, որ համաճարակի համաշխարհային լարված պայմաններում չկար Հայաստանի ու ՌԴ առաջին դեմքերի միջեւ շփում, թեեւ կարես թե այդ շփումը բացակայում է ընդհանրապես ՌԴ նախագահի եւ ԵՏՄ անդամ մյուս պետությունների իր գործընկերների միջեւ: Տպավորություն էր, որ Պուտինը խուսափում էր ԵՏՄ գործընկերների հետ շփումից՝ ավելորդ հարցեր եւ պահանջներ չլսելու համար, մինչ իրավիճակի կայունացումը:

Այդ իմաստով հատկանշական է, որ Փաշինյան-Պուտին զրույցն օրինակ տեղի է ունենում այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահի միջնորդությամբ նախնական համաձայնություն է հասունանում Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի միջեւ՝ նավթարդյունահանման ծավալի կրճատման եւ շուկայում գների կայունացման համար: Ավելի վաղ Ռուսաստանը մերժել էր Սաուդյան Արաբիայի առաջարկն, ու Էր Ռիյադը էժան նավթով փլուզել էր նավթի գինը:

Միաժամանակ, հենց այդ փլուզման ֆոնին է նաեւ, որ Երեւանը ստացել է գազի գնի նվազման փաստարկ: Ըստ այդմ, արդյոք նավթի վիճակի կայունացումը կարող է փաստարկ դառնալ Պուտինի ձեռքին: Անշուշտ, փաստարկները երկու կողմում էլ չեն սահմանափակվում նավթի շուկայով, բայց դա իհարկե կարեւոր տիրույթ է:

Միեւնույն ժամանակ, մյուս ուշագրավ դրվագն այն է, որ Հայաստանի վարչապետն էլ տեւական դադարից հետո ՌԴ նախագահին զանհագարում է այն ժամանակ, երբ Հայաստանում արձանագրվում է վարակի օրական շատ ցածր թիվ՝ 11, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ լավ լուրը հայտնում է քաղաքացիներին եւ խոսում անգամ մեկ շաբաթ անց կարանտինի ռեժիմը թուլացնելու մասին:

Արդյոք Նիկոլ Փաշինյանն էլ ՌԴ նախագահին զանգահարում է այն բանից հետո, երբ արձանագրում է ներսում համաճարակի կառավարման դրական միտում, դրա ֆոնին առավել վստահ իրեն զգալով այդ խոսակցւթյան համար:

Ի դեպ, հատկանշական է, որ Փաշինյան-Պուտին զրույցի ընթացքում քննարկվել է ԵՏՄ ղեկավարների արտահերթ տեսակոնֆերանս անցկացնելու հարցը: Ըստ ամենայնի Ռուսաստանն այլեւս պատասխան չունի, թե ինչու է ուշանում ԵՏՄ ղեկավարների հետ շփումը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments