Փաշինյանն անում է հնարավորը, որ չփոխի, նրա հակառակորդները՝ անում են ամեն ինչ

- in Հրապարակ

Կփոխի կորոնավիրուսը Հայաստանի ներքաղաքական բալանսը: Եթե իրավիճակը դիտարկենք առողջապահական խնդիրների, հանրային առողջության վիճակագրության հարթությունից դուրս, ապա մյուս հարթությունը թերևս լինելու է հենց դա:

Առավել ևս, որ դրա ուղղությամբ աշխատում է թե կորոնավիրուսը, թե նաև Հայաստանի քաղաքական ուժերը, անխտիր գրեթե բոլորը: Այստեղ լոկ նախկին կառավարող համակարգը ներկայացնող ուժերը չեն:

Վարակը, որը դարձել է համաշխարհային մարտահրավեր, գործնականում թողնում է իր տնտեսական, սոցիալ-հոգեբանական ազդեցությունը, որը անշուշտ բարվոք չէ: Միաժամանակ, ակնառու է, որ կառավարությունը, վարչապետ Փաշինյանն անում են մի շարք կարևոր քայլեր տնտեսական, սոցիալ-հոգեբանական աջակցության, նաև դրական ազդակներ, սպասման դրական ուղերձներ հղելու համար: Միևնույն ժամանակ, նույնքան ինտենսիվ և աշխույժ աշխատում են նաև նրա քաղաքական հակառակորդները, մրցակիցները, որոնք անում են հնարավորը իրավիճակի գույները առավել խտացնելու և այդպիսով Փաշինյանի վարկանիշի վրա ազդելու համար: Այստեղ հարկ է նկատել, որ խոսքը հազիվ թե վերաբերի իշխանափոխության նպատակին: Դա իրատեսական չէ, մեղմ ասած աներևակայելի է:

Խնդիրն այն է, որ կորոնավիրուսի պայմաններում ակնհայտորեն փորձ է արվում ստանալ հաջորդ խորհրդարանական ընտրությանն ընդառաջ առավել նպաստավոր ներքաղաքական բալանս, ներկայիս բևեռացվածության տարբերության էական կրճատում: Խոսքը իշխանության և մյուս ուժերի հանրային վստահելիության տարբերության մասին է:

Անկասկած է, որ բոլոր խնդիրներով հանդերձ, կառավարող մեծամասնությունը կամ ավելի շուտ դրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանը իր հանրային վարկով զգալի գերազանցում է մյուս բոլոր ուժերի վարկը միասին վերցրած: Դուր է գալիս դա ոմանց, թե ոչ, այդուհանդերձ դա դեռևս մնում է հետհեղափոխական իրողությունների օրինաչափ տրամաբանության մեջ:

Հարցն այն է, կփոխի կորոնավիրուսը այդ օրինաչափությունը, թե՞ ոչ: Փաշինյանն անում է հնարավորը, որ չփոխի, նրա հակառակորդները՝ անում են ամեն ինչ, փոխելու համար: Այդ հարցում նույնիսկ կարող են մերձենալ այնպիսի շրջանակներ, որոնք կարծես թե միմյանց հանդեպ են կոշտ ու արմատական հակառակորդներ, ինչպես օրինակ «Սասնա ծռերն» ու նախկին իշխող համակարգը, կամ այդ ուժերին հարող ոչ ֆորմալ շրջանակներ: Այսօր արդեն նկատելի են մեդիաքարոզչական դաշտում դրան տանող որոշակի մերձեցումներ և այսպես ասած համատեղ ելույթներ:

Այդուհանդերձ, քաղաքականության մեխանիկայի տեսանկյունից դրանք տրամաբանական իրողություններ են, եթե իհարկե բովանդակությունը ներծծված չէ կեղծիքով ու նենգափոխումներով:

Ամբոխահաճո բովանդակությունը որքան էլ անցանկալի, այդուհանդերձ քաղաքականության ցավալիորեն անբաժան ուղեկից է, ոչինչ անել չենք կարող, գոնե առայժմ: Այստեղ անելիքը միայն գործն է, հանրության հետ աշխատանքը: Մեծ հաշվով, ճգնաժամը այդ իմաստով ոչ միայն տնտեսական ճեղքման անխուսափելի պարտադրանք է, այլ նաև քաղաքական: Կճեղքեն ապագայի՞ միտված որակները, թե՞ անցյալի որակները ներկայի միտված իրենց նպատակադրումներով: Սա է հարցը, որ քաղաքական հարթության վրա կանգնած է հանրության առաջ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments