Քոչարյանի պաշտպաններն այլ բան են ակնարկում՝ դա քողարկելով իրենց պաշտպանյալի հիվանդության կամ համաճարակի հանգամանքով

Երեկ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով՝ դատախազությունը ռիսկի խմբում գտնվող 20 կալանավորի խափանման միջոցը փոխելու համար կդիմի դատարաններին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ երկու կալանավորների խափանման միջոց արդեն փոխվել է։

Իր հերթին իրավիճակից թելադրված նախաձեռնությամբ հանդես եկավ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նա գրությամբ դիմել է իրավապահ մարմինների ղեկավարներին՝ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակում ջանքերը մեկտեղելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ ներկայացնելուց հնարավորինս ձեռնպահ մնալու առաջարկով:

Այս համտեքստում հերթական անգամ սրվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հարցը, մանավանդ, որ նա երեկ դուրս է գրվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից և տեղափոխվել «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողներին ասել է, որ հստակ չի կարող պնդել, թե Ռոբերտ Քոչարյանն ամբողջովին լավացել է, բայց էապես ավելի լավ է, քան բժշկական հիմնարկ տեղափոխվելու ժամանակ: Այլ խոսքով՝ պաշտպանն անուղղակիորեն արձանագրել է, որ երկրորդ նախագահին մեկուսարան են տարել ոչ թե քաղաքական դրդապատճառներով, այլ այն մոտիվով, որ նա իրեն «էապես ավելի լավ» է զգում։

Այս պարագայում ամբողջովին անհասկանալի է այն հայտարարությունն, որ այսօր հնչեցրել է Քոչարյանի մեկ այլ պաշտպան։ Եթե Քոչարյանին բան պատահի, ես պատրաստ եմ պետական մահափորձի մեղադրանքով Փաշինյանի, Արդարադատության նախարարի և դատավորի դեմ հայց ներկայացնել միջազգային դատարան. «5-րդ ալիքի» եթերում հայտարարել է  Ֆրանսիայի փաստաբանների պալատի անդամ Սևակ Թորոսյանը:

Քոչարյանին «բան պատահելու» վարկածն առաջին անգամ շաբաթներ առաջ շրջանառու էր դարձրել նրա մեկ այլ պաշտպան Հայկ Ալումյանը։

Ինչո՞ւ են «գուժում» Քոչարյանի պաշտպանները։

Եթե երկրորդ նախագահի փաստաբանները գրավոր ապացույցներ ունեն առ այն, որ Քոչարյանն ունի հիվանդություն, որն անհամատեղելի է ազատազրկման կամ կալանքի հետ, կարող են ներկայացնել դատարան ու չեմ կարծում՝ որևէ դատավոր կարող է անտեսել նման փաստաթղթի առկայությունը։

Եթե պաշտպանական թիմի մտահոգությունները կապված են կորոնավիրուսի հետ, ապա այստեղ աղմկելու պատճառ դարձյալ չկա, քանի որ անհրաժեշտ է ուսումնասիրել, թե համաճարակով պայմանավորված ինչ փոփոխությունների է ենթարկվել երկրի քրեա-դատավարական քաղաքականությունը, արդյո՞ք ծանր հանցագործությունների համար, որոնցով մեղադրվում է Քոչարյանը, կիրառելի է խափանման միջոցը վերանայելու հորդորը կամ իմպերատիվը։

Հավանաբար՝ ոչ, որովհետև այդ դեպքում մեծ է ռիսկը, որ ազատության մեջ կհայտնվեն ծանր հանցագործներ, իսկ միջազգային փորձը ցույց է տալիս, որ կորոնավիրուսի հետևանքով ազատության մեջ են հայտնվել թեթև և միջին հանցագործության մեջ մեղադրվող մարդիկ։

Իսկ գուցե Քոչարյանի պաշտպաններն այլ բան են ակնարկում՝ դա քողարկելով իրենց պաշտպանյալի հիվանդության կամ համաճարակի հանգամանքով։ Կարծում եմ՝ տեղին է, որպեսզի պատկան մարմինները պաշտպանական խմբից փորձեն պարզել, թե Քոչարյանին սպառնացող ինչ ռիսկերի մասին են նրանք ակնարկում։ Համենայն դեպս, դա անհրաժեշտություն է, որպեսզի հարցը դուրս գա շահարկումների շրջապտույտից։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments