Օսկար Ուայլդ. «Աստղամանուկը»

- in Մշակույթ
Կիրակնօրյա ընթերցումներ.
Ձմռան մի գիշեր դրսում կատաղի սառնամանիք էր: Նույնիսկ ձմեռասեր թռչուններն ու գազաններն էին սառչում և չէին կարողանում տաքանալ թռչկոտելով ու վազվզելով: Այդ ժամանակ երկու աղքատ փայտահատ տուն էին վերադառնում սոճուտով: Ամենուրեք գետնին ու ծառերին իջել էր ճերմակ ու փխրուն ձյուն: Սառնամանիքը թափանցում էր մինչև ոսկորը, իսկ շրջակայքում ամեն ինչ քարացել էր:
Սոճու թավուտից դուրս գալուն պես փայտահատները լույս տեսան հարազատ գյուղի պատուհաններում: Ուզեցին շուտ հասնել տուն, երբ տեղի ունեցավ մի զարմանալի երևույթ: Պայծառ աստղը հանկարծ պոկվեց մթամած երկնքից և ընկավ կանգ առած փայտահատներից ոչ հեռու: Ընկնելիս շրջակայքը լուսավորեց ոսկեփայլ պայծառությամբ:
«Միգուցե մաքուր ոսկու լավ կտոր է,_անցավ փայտահատների մտքով, և նրանք վազեցին առաջ:_ Դրանից գոնե մի փշուր ընկնի ձեռներս»:
Տեղ հասնելուն պես տեսան, որ ձյան մեջ ինչ-որ բան է փայլփլում մաքուր ոսկու պես: Ավելի շուտ մոտեցողը վերցրեց ու դիտեց մոտիկից: Տեսավ, որ դա կապոցի պես գնդված ոսկեղեն թիկնոց է՝ նրբորեն նախշված աստղազարդերով ու վերից մինչև փեշբերանը իջնող զարդածալքերով: Ավաղ: Այդ ծալքերը բացելիս փայտահատները չգտան ոսկու կամ արծաթի կտոր, ոչ էլ անգին քարեր: Ամենամեծ ծալքում պառկած էր անչափ փոքրիկ երեխա: Մանկիկը քնած էր անուշ-անուշ: Փայտահատը նույնիսկ շնչառությունը չզգաց, ականջը նրա քթիկին մոտեցնելիս:
_ Էստեղ ոսկու փշուր էլ չկա,_ասաց փայտահատը: Իսկ էս երեխեն մեր ինչի՞ն է պետք: Թողնենք իր տեղում: Մենք իսկի մեր երեխեքին չենք կարողանում կուշտ պահել:
_ Չեղավ, ախպեր,_ ասաց մյուս փայտահատը: _ Թողնենք՝ կցրտահարվի խեղճը: Ես սրան կտանեմ տուն. Կինս կքաշի իր հոգսը:
Մանկիկին նորից խնամքով փաթաթեց թիկնոցով ու տարավ:
Կինը երկար էր սպասել ամուսնու վերադարձին և նրան դիմավորեց ուրախությամբ: Նրա շունչը կտրվեց անսպասելիությունից, երբ բաց արեց թիկնոցն ու տեսավ մանկիկին:
Հաջորդ առավոտյան փայտահատը արտասովոր թիկնոցը խնամքով թաքցրեց մեծ սնդուկում եղած շորերի տակ: Իսկ կինը մանկիկի վզից հանեց սաթե մանյակը, որ քնելիս չտրորի նուրբ մաշկը
Առաջին իսկ օրվանից մանկիկի անունը դրեցին Աստղամանուկ, և նա ապրեց ու մեծացավ փայտահատի երեխաների հետ; Աստղամանուկին չէին զրկում ոչ մի բանից. նա սեղան էր նստում բոլոր երեխաների հետ, նրանց հետ էլ խաղում:
Տարեցտարի աճում էր ու ավելի գեղեցկանում: Ոչ մեկը չէր հագենում նրա տեսքով հիանալուց: Տղան սլացիկ էր ու նրբիրան՝ փարթամ կանաչի մեջ աճած մենավոր ծաղկի նման: Խարտյաշ ու նրբագեղ մազափնջերն իջնում էին ուսերին, իսկ շուրթերն ասես վարդի թերթիկներ լինեին:
Սակայն այդ գեղեցկությունը շուտով սկսեց միայն ու միայն չարիք բերել: Մեծանալու հետ տղան դառնում էր ավելի ու ավելի մեծամիտ և խստասիրտ: Վերից էր նայում և՛ փայտահատի, և՛ գյուղի մյուս երեխաներին: Բոլոր գյուղացիներին համարում էր ստորին ծագում ունեցողներ, իսկ անձամբ իրեն՝ աստղային նշանավոր տոհմից սերված:
Տղան խղճի նշույլ չուներ նույնիսկ մուրացկանների, ահավոր հիվանդություններից տառապողների ու մյուս թշվառների հանդեպ: Հենց որ այդպիսի մարդ էր երևում գյուղում, նա սկսում էր քարկոծել ու գոռգոռալ, որ չքվի:
Նման մի քանի դեպքերից հետո հազվադեպ էր որևէ օտար համարձակվում երևալ այդ գյուղում:
Մի անգամ էլ գյուղին էր մոտենում մի մուրացկանուհի: Նրա հագուստը պատառոտված էր,իսկ բոբիկ ոտքերը քերծվել ու արյունոտվել էին քարքարոտ ճամփաներով երկար քայլելիս:
Թշվառ կնոջը տեսնելուն պես գոռոզամիտ տղան սկսեց քարկոծել նրան: կինը ուշադիր նայեց անխիղճ տղային, ճչաց ու ընկավ ուշաթափ: Իսկ երբ ուշքի եկավ, ասաց օգնության հասած գյուղացիներին.
_ Ինձ քարկոծողը իմ հարազատ որդին է: Նրան ինձնից խլեցին ավազակները, իսկ ինձ թողեցին անտառում, որ շունչս փչեմ կատաղի սառնամանիքից: Ես տասը տարի քայլել եմ աշխարհով մեկ, որոնել դրան:
_ Սու՛տ է ասում, _ գոռաց գոռոզ տղան: _ այդ կինը թռցրել է խելքը: Իմ մայրը ուզվորություն չէ՛ր անի: Ես աստղի որդի՛ եմ: Թող այդ ուզվորը չքվի էստեղից: Զզվում եմ մինչև անգամ իր վրա նայելուց:
_ Վա՜յ ինձ, որդյակս,_ ողբաց խեղճ կինը: _Մի՞թե հրաժեշտ չես տա գոնե մեկ համբույրով: Ախր ամբողջ աշխարհն եմ անցել՝ քեզ գտնելու համար:
_ Է՜դ էր պակաս,_ քիթմռութը զզվանքով ծռմռեց տղան ու շրջեց երեսը:
Դառնորեն լալով ու ողբալով՝ խեղճ կինը գնաց անտառ տանող ճամփով: Աստղամանուկը խեթ-խեթ նայեց նրա կողմն ու վազեց խաղընկերների մոտ: Իսկ խաղընկերները սկսեցին ծաղրել ու նախատել նրան:
_ Էս Աստղամանուկը դարձել է դոդոշից լպրծուն, իժից զզվելի: Չքվի՛ր էստեղից: Էլ չենք ուզում խաղալ հետդ: Յա՜խկ:
Եվ բոլորն ընկան նրա ետևից ու վռնդեցին խաղատեղից:
Աստղամանուկն առաջին անգամ էր վատ զգում ոչ միայն խաղընկերների վարմունքից, այլև՝ իր մարմնի հետ կատարվող ինչ-որ անհասկանալի ու տհաճ բանից: Կռացավ ջրափոսի վրա, որ նայի քորքրվող երեսին ու… Տե ՜ր Աստված… Ջրի հայելու մեջ տեսավ, որ ինքը դառնում է լպրծուն դոդոշ՝ զզվելի թեփուկով ու գնդիկ-գորտնուկներով ծածկված: Նոր միայն հասկացավ ամեն ինչ ու դառնորեն լաց եղավ:
Վազեց անտառ տանող ճամփով, որով հեռացել էր իր քարկոծած խեղճ մուրացկանուհին, կանչեց, խնդրեց, որ նա ետ գա, բայց պատասխան չստացավ: Ոչ էլ երևաց իր վռնդած կինը: Ամբողջ օրը որոնեց, կանչեց, միայն մայրամուտից հետո կանգ առավ, պառկեց մամուռին ու քնեց:
Արթնացավ վաղ առավոտյան, մի քանի հատիկ հատապտուղ պոկեց թփերից և առաջ գնաց թավ ու մթամած անտառի միջով տանող ճամփով: Գնում էր ու հեկեկում դառնորեն: Զղջում էր իր չարասիրտ արարքների համար: Ճամփին հանդիպած բոլոր մարդկանց հարցնում էր՝ չե՞ն տեսել արդյոք խեղճ մուրացկանուհի դարձած իր մորը: Ո՛չ, չե՛ն տեսել:
Երբ անցնում էր որևէ գյուղով, փոքրիկ տղաները ծաղրուծանակի էին ենթարկում նրան ու վռնդում քարկոծելով: իսկ գյուղացիները թույլ չէին տալիս, որ նա քնի կամ գոնե մի փոքր հանգստանա խոտի դեզի մոտ: Ոչ մեկը չէր խղճում նրան:
Երեք կլոր տարի այդպես թափառեց երկրե երկիր ու ոչ մի տեղ չգտավ ո՛չ սեր, ո՛չ կարեկցանք: Բոլորը նրա հետ վարվում էին ճիշտ այնպես, ինչպես որ ինքն էր ժամանակին վարվում ուրիշների հետ:
Գնում էր, գնում՝ տանջահար ու քաղցած, երբ հանկարծ առջևում երևաց ինչ-որ քաղաք: Օրն արդեն թեքվում էր դեպի մայրամուտ, և նա ուզեց գիշերել այդ քաղաքի մի անկյունում: Մոտեցավ բարձր պարսպին, որի մեծ դարպասի մոտ կանգնած էին զինված պահակներ:
_ Էդ ու՞ր, _ գոռաց պահակ զինվորներից մեկը, փակելով տղայի ճամփան: _ Ի՞նչ ես կորցրել մեր քաղաքում:
_ Հարազատ մորս եմ որոնում, _ պատասխանեց Աստղամանուկը: _ Շատ եմ խնդրում, թույլ տվեք մտնեմ ձեր քաղաքը: Գուցե մայրս այստեղ է:
Տղան պատմեց զինվորներին, որ մայրն էլ իր նման մուրացող է, որ մի ժամանակ ինքը շատ գեղեցիկ տղա էր ու գոռոզանում էր դրանով, այդ պատճառով էլ պատժվել է:
_ Մերդ շատ-շատ կուրախանա քեզ նման որդուն տեսնելով,_ հռհռացին զինվորները: Ախր դու դոդոշից այլանդակ ես, իժից զզվելի: Չքվի՛ր էստեղից: _ Սկսեցին հրմշտելով հեռացնել նրան:
Աստղամանուկը, դառնորեն լալով, հեռացավ դարպասից: Այդ պահին մի ծերունի հանդիպեց, մի շիշ կաթ ու մի կտոր կարկանդակ տալով՝ գնեց խղճուկ սովահարին՝ որպես ստրուկի:
_ Արի հետս,_ ասաց ծերունին ու տարավ քաղաք:
Երկուսով անցան քաղաքի մի ծայրից մյուսը և կանգ առան խուլ պատի մեջ հազիվ երևացող դռնակի առջև: Հազիվ էր երևում այն պատճառով, որ մոտի նռան մեծ ծառը համարյա լրիվ ծածկում էր նրան: Ծերունին մատը հպեց դռնակին, և այն իսկույն բացվեց: Բրոնզե հինգ աստիճաններով իջան այգի: Ծերունին գրպանից մետաքսե շերտավոր թաշկինակ հանեց և դրանով կապեց Աստղամանուկի աչքերը: Իսկ երբ իջան ստորգետնյա ինչ-որ շինության մեջ, թույլ տվեց, որ տղան հանի աչքերի կապը: Հանեց ու հայտնվեց մթության մեջ: Պատերին տնկված աղոտ ջահերը հազիվհազ էին լուսավորում անձև շինության հատակը:
Աստղամանուկի մոտ թողնելով մի կտոր հաց ու մի կում ջուր, ծերունին հեռացավ, դուռը դրսից փակեց երկաթե սողնակով:
Իրականում այդ ծերունին մոգ էր (այսինքն՝ կախարդի նման մի բան: Առավոտյան իջավ իր ստրուկի մոտ, խոժոռ նայեց նրան ու ասաց.
_ Վե՛ր կաց, խղճուկ: Արևն արդեն ծագել է: Գործի անցնելու ժամանա՛կն է: Այս քաղաքից ոչ հեռու, անտառում պահված է երեք ոսկեդրամ՝ սպիտակ, դեղին ու կարմիր ոսկուց: Դու պիտի բերես առաջինը՝ սպիտակ ոսկեդրամը: Շտապի՛ր, թե չէ կպատժեմ քեզ, քանի որ իմ ստրուկն ես,_ սպառնաց վերջում, նորից կապեց տղայի աչքերն ու տարավ դուրս:
Տղան հեռացավ քաղաքից ու շտապեց անտառի ուղղությամբ: Հեռվից անտառը թվում էր շատ գեղեցիկ, երգող թռչնակներով ու ծաղիկներով լեցուն: Բայց երբ մտավ անտառի մեջ, հեռվից թվացող գեղեցկությունից որևէ հետք չտեսավ այնտեղ: Ամենուրեք նրա ճամփան փակում էին փշփշոտ թփերը: Եղինջը այրելու չափ ցավագին խայթում էր նրա ոտքերը: Եվ նա ոչ մի կերպ չէր կարողանում գտնել ծերունու ասած մետաղադրամներից ոչ մեկը: Որոնեց ամբողջ օրը, մինչև մայրամուտ: Հուսահատությունից ու տառապանքից արդեն ուզում էր վերադառնալ իր տիրոջ մոտ, երբ հանկարծ ինչ-որ ծվծվոց լսեց թփերի տակից: Մոտեցավ ու տեսավ թակարդն ընկած մի փոքրիկ նապաստակի:
_ Մի լա, խեղճ նապո,_ասաց Աստղամանուկը: _ Ես կօգնեմ քեզ: _ Եվ ազատեց թակարդից:
_ Դու ինձ փրկեցիր,_ ասաց նապաստակը: _ Դրա համար ես քեզ կտանեմ ուզածդ տեղը:
Ասաց ու առաջ անցավ, իսկ Աստղամանուկը հետևեց նրան: Շուտով մոտեցան մի մեծ ու փչակավոր ծառի: Նապաստակը ճարպկորեն մտավ փչակը և իսկույն վերադարձավ՝ սպիտակ ոսկեդրամը թաթիկներով բռնած:
Երբ Աստղամանուկը ուրախ-ուրախ վերադառնում էր, քաղաքի դարպասի մոտ տեսավ մի բորոտի: Նրա երեսը ծածկված էր գորշ կնգուղով: Բորոտը աղերսանքով դիմեց նրան.
_ Օգնի՜ր ինձ: Ողորմություն տուր: Ես մեռնում եմ սովից:
Տղան խղճած թշվառին, գտած ոսկեդրամը տվեց նրան, թեև գիտեր, որ դրա համար ահավոր պատիժ կստանա իր տիրոջից:
Ծերունի տերը կատաղությունից կորցրեց իրեն: Որպես իրիկնահաց՝ նկուղի հատակին գցեց դատարկ թասը՝ առանց մի կաթիլ ջրի:
Հաջորդ որոնումների ժամանակ էլ փոքրիկ նապաստակը օգնում էր Աստղամանուկին՝ գտնելով ու բերելով ոսկեդրամները, իսկ տղան ճանապարհին դրանք տալիս էր թշվառ բորոտին՝ այլևս չվախենալով պատժից: Եվ հրա՜շք կատարվեց:
Երբ երրորդ անգամ էր վերադառնում քաղաքից, դարբասով անցնելիս պահակ-զինվորները խոնարհվեցին նրա առաջ: իսկ քաղաքում հասարակ բնակիչների ու մեծատոհմիկների բազմությունները ողջունում էին՝ բացականչելով.
_ Փա ՜ռք մեր տիրակալին՝ արքայազուններից գեղեցկագույնի ՜ն:
Աստղամանուկը նկատեց, որ իր նախկին գեղեցկությունը վերադարձել է:
Այդ բազմություններից մեկում երևաց մուրացկանուհին, որին քարկոծել էր ու վռնդել դաժանորեն:
_ Մայրի ՜կ,_ գոռաց Աստղամանուկն ու վազեց առաջ: _ Ների՜ր ինձ, սիրելի՜ մայրիկ:
Ուրախության ճիչ թռավ կնոջ շուրթերից, և նա էլ վազեց ընդառաջ: Հենց այդ պահին նրանց մոտեցավ նաև բորոտը: Աստղամանուկը բացեց թևերը, որ գրկի տառապած մորը, բայց թշվառ մուրացկանուհին ակնթարթորեն դարձել էր հմայիչ ու պայծառ թագուհի, իսկ նրա մոտ կանգնած բորոտը՝ փառահեղ արքա: Հարազատ հա՜յրն ու մա՜յրը:
Աստղամանուկը կարկամել էր երջանկությունից:
Ծնողները տեղնուտեղը թագը դրեցին որդու գլխին ու նրան հանձնեցին նաև արքայական գայիսոնը:
Եվ Աստղամանուկը դարձավ ազնիվ ու արդարամիտ տիրակալ:
Թարգմանությունը՝ Ալեքսան Մեխակյանի
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments