29-ամյա պայմանագրային զինծառայողը մահացել է «Զանգեզուր» հացատան մոտ «Գազելի» ու «07»-ի բախման հետևանքով

- in Իրավունք

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ ավարտվել է Արման Պ.-ի գործի դատական քննությունը:

41-ամյա Արման Պ.-ին մեղադրանք էր առաջադրվել մահվան ելքով վթարի ու պատահարի վայրը թողնել-հեռանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով ու 244 հոդվածով:

Ըստ դատական ակտի՝ 2018 թվականի հուլիսի 29-ին, ժամը 22-ն անց 30-ի սահմաններում Արման Պ.-ն իր վարած «Գազել» մեքենայով Գորիսի Երևանյան խճուղում գործող «Զանգեզուր» հացատան դիմացի խաչմերուկում ձախ շրջադարձ կատարելիս մեքենան դուրս է բերել հանդիպակաց երթևեկելի գոտի, ստեղծել է վթարային իրավիճակ ու բախվել է պայմանագրային զինծառայող Վահիկ Բ.-ի «ՎԱԶ-21074» մեքենային՝ անզգուշությամբ առաջացնելով այդ մեքենայի ուղևոր, 29-ամյա պայմանագրային զինծառայող Արմեն Մ.-ի մահը, իսկ մեքենայի վարորդ Վահիկ Բ.-ի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս:

Բացի այդ, պատահարից հետո Արման Պ.-ն  թողել է վթարի վայրն ու հեռացել է:

Դատարանում Արման Պ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է և հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննության ժամանակ նա հայտնել է, որ դեպքի օրը Քարահունջից՝ պապի տանից, իրեն պատկանող «Գազելով» մեկնել է Գորիս՝ Ստեփանակերտից Երևան մեկնող ընկներներին հանդիպելու: Պայմանավորվել են հանդիպել Գորիսի վերևի հատվածում՝ Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհին հարակից գազալցակայանի մոտ:

Ժամը 22-ի սահմաններում ինքը եղել է պայմանավորված վայրում: Քանի որ ընկերները դեռ տեղ չէին հասել, մեքենան կանգնեցրել է գազալցակայանի մոտ գտնվող «Զանգեզուր» հացատան մոտ, ներս է մտել, որ այնտեղ սպասի ընկերներին:

Հացատանը հանդիպել է ծանոթին, միասին նստել են սեղանի մոտ, գարեջուր են խմել: Ինքը երևի խմել է կես շիշ: Ծխախոտ չուներ, ուզում էր ծխել, ծանոթին առաջարկել է գնալ ծխախոտ գնելու և վերադառնալ:

Ժամը 22-ն անց 30-ի սահմաններում դուրս են եկել հացատնից, ինքը նստել է իր մեքենայի ղեկին, ծանոթը՝ իր կողքին:

Հետընթաց է կատարել՝ միացնելով մեքենայի «բլիժնի» լույսերը: Հասել է ճանապարհի եզրին, նկատել է, որ Ստեփանակերտի կողմից մի մեքենա է գալիս աջ ուղեմասով: Ինքը առանց արագությունը փոխելու և առանց կանգնելու շարունակել է երթևեկությունը, որ մտնի երթևեկելի գոտի: Երբ հասել է ճանապարհի կենտրոնական հատվածին, իր մեքենան աջակողմյան անկյունով բախվել է հանդիպակաց ուղեմասով ընթացող մեքենայի աջակողմյա դռների հատվածին: «ՎԱԶ-21074»-ը հարվածից հետո գնացել ու կանգնել է դեպի Երևան ուղղության ձախակողմյան հատվածում, իսկ իր մեքենայի առաջամասը մնացել է կպած «ՎԱԶ-21074»-ի աջ դռներին:

Վթարից հետո ինքը տեսել է, որ իր հարվածած մեքենայի մեջ մարդիկ կան: Ցանկացել է իր մեքենան հետ տալ, որ կարողանան մյուս մեքենայի դռները բացել ու օգնել մարդկանց, բայց չի ստացվել, իր մեքենան «խոդ չի ընկել»:

Մարդիկ են հավաքվել, կարողացել են իր մեքենան երկու-երեք մետր հեռացնել: Ինքը տեսել է, որ իր հարվածած մեքենայի մեջ վարորդից բացի՝ նրա կողքին նաև ուղևոր կա: Վարորդի գիտակցությունը տեղն էր, մարդկանց օգնությամբ նա դուրս է եկել մեքենայից: Ինքը փորձել է օգնել ուղևորին, բայց այդ տղան չէր շարժվում, խռռացնում էր… Ինքը փորձել է օգնել, բայց իր կարծիքով արդեն ուշ էր:

Ինքը հեռացել է մեքենաների մոտից՝ վախենալով, որ մահացածի հարազատներն իրեն կվնասեն: Թաքնվել է հեռվում՝ խոտերի մեջ: Երբ մեքենաները դեպքի վայրից տարել են, ինքը հեռացել է այդտեղից: Շոկի մեջ է եղել, այդ պատճառով հաջորդ օրն է  ներկայացել ոստիկանություն:

Տուժող Վահիկ Բ.-ն հայտնել է, որ ամբաստանյալին ճանաչում է որպես գորիսեցու, իսկ տուժող Արմեն Մ.-ն իր ծառայակիցն էր՝ նույն զորամասում էին ծառայում որպես պայմանագրային զինծառայողներ:

Դեպքի օրը, ժամը 22-ի սահմաններում իր «ՎԱԶ-21074» մեքենայով Արմենի հետ զորամասից եկել է Գորիս: Արմենի գլուխը ցավում էր, նա տանից դեղ է վերցրել ու նորից շարժվել են դեպի զորամաս: Խանութից ձմերուկ են գնել… Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհի կամրջի մոտ կանգնել են, քանի որ… ճանապարհով շուն էր անցնում… Հետո շարժվել են…

Իր մեքենայի արագությունը 20-25 կմ/ժ էր: «Զանգեզուր» հացատան մոտից առանց լույսերը միացնելու անսպասելի մի մեքենա է դուրս եկել ու խփել է իր մեքենայի առջևի դռանը… Ինքը ուշքի է եկել Երևանի հիվանդանոցում, դեպքից երկու շաբաթ հետո է իմացել, որ պատահարի արդյունքում Արմենը մահացել է…

Տուժողը հայտնել է, որ ամբաստանյալը վթարից հետո իրեն որևէ կերպ չի օգնել, բուժման ծախսերը չի հատուցել, ինքը բողոքում է նրա դեմ ու պահանջում է, որ նա ենթարկվի պատժի:

Նախաքննական ցուցմունքում տուժողը նշել էր, որ դեպքից առաջ իր մեքենայի արագությունը կլիներ 35 կմ/ժ:

Վկա Թևոս Ս.-ն՝ ամբաստանյալի ծանոթը, ով դեպքի պահին եղել էր նրա «Գազելում», հայտնել է, թե դեպքի օրվա երեկոյան «Զանգեզուր» հացատանը հանդիպել է Արմանին, միասին նստել են սեղանի մոտ, գարեջուր են խմել: Հետո Արմանն առաջարկել է մեքենայով գնալ խանութ՝ ծխախոտ առնելու: Միասին նստել են նրա «Գազելը», որը կայանված էր հացատան դիմաց: Արմանը մեքենան արագ վարել է կամրջի ուղղությամբ: Լույսերը միացված էին, բայց թույլ էին:

Քանի որ Արմանը խմած էր, ինքը պահանջել է, որ նա դանդաղ վարի մեքենան: Նա կտրուկ մտել է ճանապարհ ու անմիջապես վթարի է  ենթարկվել՝ հարվածել է Ստեփանակերտի կողմից ընթացող մեքենայի «փորին»՝ աջ կողմի դռների հատվածին: Ինքը դուրս է եկել մեքենայից ու փախել է դեպի հացատուն…

Վկան նշել է, թե Արմանի խմածությունը հասկացել է նրա բերանից եկող հոտից:

Դատարանը հաստատված է գնահատել Արման Պ.-ին մեղսագրված արարքները:

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալը բնութագրվում է դրական, ընտանիքի միակ կերակրողն է, ՀՀ սահմանների պաշտպանությանը մասնակցելու համար պարգևատրվել է շնորհակալագրով ու մեդալով: Արման Պ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է:

Տուժողի իրավահաջորդը խնդրել է ամբաստանյալի նկատմամբ խիստ պատիժ նշանակել:

Արման Պ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով և 244 հոդվածով:

Արման Պ.-ն վերջին հաշվով դատապարտվել է ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով՝ 3 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Նրա նկատմամբ կիրառվել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, նա ազատվել է ազատազրկման ձևով պատժի կրումից:

Արման Պ.-ից հօգուտ տուժողի իրավահաջորդի կբռնագանձվի  1 միլիոն 800 հազար դրամ՝ որպես տուժողի հուղարկավորության ծախսերի հատուցում:

Հօգուտ տուժող Վահիկ Բ.-ի ամբաստանյալից կբռնագանձվի 261 հազար 424 դրամ՝ որպես բուժման ծախսերի հատուցում:

Դատարանը տուժողի իրավահաջորդին ու տուժողին իրավունք է վերապահել քաղաքացիական դատավարության կարգով դիմելու դատարան՝ իրենց ներկայացրած քաղհայցերի մնացած՝ չբավարարված մասերը բավարարելու պահանջով:

Արման Պ.-ից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 224 հազար դրամ՝ որպես դատական ծախսերի հատուցում:

Այս դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել մեղադրանքի կողմը՝ պահանջելով պատժի մասով փոփոխել դատավճիռը՝ խստացման առումով. Արման Պ.-ին դատապարտել ոչ թե 3 տարի 6 ամիս, այլ՝ 4 տարի 6 ամիս ազատազրկման:

Վերաքննիչ բողոք է ներկայացրել նաև տուժողի իրավահաջորդը՝ նույնպես պատժի խստացման պահանջով: Տուժողի իրավահաջորդը պահանջել է Արման Պ.-ին դատապարտել 7 տարի ազատազրկման, ու նրա նկատմամբ Համաներում չկիրառել, թողնել, որ կրի իրական ազատազրկում:

Այս գործով բերված վերաքննիչ բողոքները կքննի վերաքննիչ քրեական դատարանի՝ Մ. Հարությունյան, Ա. Դանիելյան, Վ. Ռշտունի կազմը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments