ԱԱԾ-ն՝ ենթադրյալ մաքսանենգ ծխախոտի խմբաքանակի մասին

- in Իրավունք
aac

Մոտ մեկ ամիս առաջ՝ ապրիլի 28-ին ռուսական «Նովիե իզվեստիա» լրատվականում հոդված էր հրապարակվել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության անվտանգության ծառայությունը և մաքսային ծառայությունը Կրասնոդարի օդանավակայանում բռնագանձել են մաքսանենգ 40 տոննա կամ 2 հազար 7 հարյուր տուփ (բեռի մոտավոր շուկայական արժեքը կազմում է ավելի քան 300 միլիոն ռուբլի) տարբեր ապրանքանիշների ծխախոտ՝ հայկական ակցիզով, իսկ ինքնաթիռի չվերթը Երևանից է եղել։

Ըստ կայքի՝ ինքնաթիռը Հայաստանից պետք է հասներ Աֆղանստան։

Հաշվի առնելով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության փոխկապակցվածությունը (ձևակերպումը լրագրողինն է- հեղ.) ՌԴ անվտանգության ծառայությանը, ինչպես նաև Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ պետություն լինելու հանգամանքը, «Ա1+»-ը ենթադրյալ մաքսանենգության վերաբերյալ հարցում էր ուղարկել ԱԱԾ։

«. այս դեպքի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ն որքանո՞վ է տեղեկացված,

. ի՞նչ տեղեկություններ եք կարող հրապարակել,

. արդյո՞ք պարզ է շրջանակը ենթադրյալ մաքսանենգների, արդյո՞ք ապօրինություններ կան, թե՞ ոչ,

. քրեական գործ հարուցվա՞ծ է, պաշտոնյաներ կա՞ն, որոնց անունները շրջանառվում են այս դեպքի հետ կապված, և եթե կան, ապա ովքե՞ր են», – սրանք էին մեր ուղարկած հարցերը։

ԱԱԾ Տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Մ. Համբարձումյանը մեր ուղարկած հարցմանը պատասխանել է, որ նախնական ուսումնասիրությունների արդյունքներով՝ ծխախոտի տվյալ խմբաքանակը ՀՀ-ից արտահանվել է սահմանված կարգով։

«Մաքսային կանոնների հնարավոր խախտումների վերաբերյալ տվյալներ չեն ստացվել», – նշված է ԱԱԾ պաշտոնյայի պատասխանի մեջ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments