ԱԳ նախարարն ամեն ինչ տեղը դրեց. անհեթեթ իրավիճակի վերջը

- in Կարծիք

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր խորհրդարանում ասել է, որ ոչ ոք չպետք է Հայաստանից քայլ ակնկալի, որը սպառնալիքի տակ կդնի իր ազգային անվտանգությունը: Եթե ձեզ թվում է, որ բոլորը պետք է գոհ ու երջանիկ լինեն մեր դիրքորոշմամբ, խնդիրը վաղուց լուծված կլիներ, ասել է նա:

Նախարարը դրել է բանակցությունների աբսուրդ էթիկայի վերջը, երբ հայկական կողմը խոսում էր ում շահերից ասես, բայց ամաչում էր պաշտպանել սեփական շահերը: Մենք կուլ էինք տալիս վիրավորանքները, որ չնեղացնենք Մոսկվային, համաձայնվում էինք մադրիդյան սկզբունքներին, որ չնեղացնենք «պարտված» Ադրբեջանին եւ չէինք խոսում մեր շահերի մասին, որ գոհացնենք «գործընկերներին»:

Այդ «ամաչկոտությունը» թանկ է արժենում մեզ, իսկ մեր գործընկերները դժվարությամբ էին հասկանում, թե ինչպես կարելի է ամաչել սեփական շահերից: Հիմա վիճակը փոխվել է, եւ Հայաստանը սեփական շահերը հռչակում է քաղաքականության հրամայական:

Երեւանն սկսել է բացահայտ խոսել իր շահերի մասին, եւ հարեւաններից ու դաշնակիցներից ոչ ոք չի կարող նախատել դրա համար: «Գլխավորը անվտանգության խախտում թույլ չտալն է, իսկ Արցախի կարգավիճակն անվտանգության կարեւորագույն բաղադրիչ է», – ասում է Մնացականյանը: Եվ դա ընկալվում է որպես ինքնին ենթադրվող պնդում:

«Եթե մենք ընդունում ենք, որ այս սպառնալիքն այնքան է, որ մենք պետք է գնանք զիջման, մեր կառավարությունը նման ազդակ չունի: Շատ հստակ բան է՝ սպառնալիքի լեզուն ժխտված է, բանակցային լեզուն ընդունված է», – ասել է Մնացականյանը:

«Եվ այն, ինչ այսօր գոյություն ունի իրականում, անվտանգային համակարգ է: Մեր դիրքերը շատ ավելի ամուր են, ես ինձ շատ հանգիստ եմ զգում այդ առումով, որովհետև ընդհանուր առմամբ մեր հասարակության մեջ կա կոնսենսուս այս ամենի շուրջ, որն էլ ավելի է ամրապնդում մեր դիրքերը»,- հավելել է նա:

Մնացականյանն ազդարարել է անվտանգության նոր համակարգի ստեղծման մասին, որը կառուցվում է սեփական շահերն առաջ քաշելու վրա, այսինքն՝ ում դուր է գալիս, մեր դաշնակիցն է, ում դուր չի գալիս, կարող է գնալ իր գործերով:

Այդ հայեցակարգում դեռ չկա գլխավոր բաղադրիչը՝ հայկական պետականության ու միջազգային իրավունքի հետ հարաբերությունների հիմքերը վերանայելու պատրաստակամությունը: Եթե Հայաստանը որոշել է չամաչել, ապա պետք է սկսել Հայաստանի ինքնիշխանության ու սահմանների փաստաթղթային բազայից: Այդ հենքը ձեւավորվել է ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի ու Թուրքիայի կողմից: Քանի դեռ Հայաստանի սահմանների ձեւավորման հիմքում ոչ թե Երեւանի հռչակագիրն է, այլ օտար երկրների պայմանագիրը, դժվար է խոսել ինքնիշխան իրավունքի մասին:

Ժամանակն է, որ Զոհրաբ Մնացականյանն ու Նիկոլ Փաշինյանը հնչեցնեն մեր ազգային նպատակների ու դրանց հասնելու տեսլականը: Արցախի հարցում նախկին քաղաքականությունից Հայաստանի հրաժարումն աշխարհում բացասական արձագանք չի առաջացրել, ընդհակառակը, աշխարհին այդ լեզուն ավելի հասկանալի է: Նշանակում է, պետք է առաջ գնալ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments