paterazm

Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառում է արել հայկական մամուլում հայտնված տեղեկության առնչությամբ: Խոսքը տեղեկության մասին է, ըստ որի՝ «երեկ ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան պատրիոտ» մեքենան այրվել է»։ ՊՆ խոսնակը նշում է, որ զորքերի առօրյա գործունեության ընթացքում այդպիսի դեպքերը բացառված չեն:

«Միջադեպը տեղի է ունեցել միջդիրքային տարածքում հայկական զինված ուժերի կողմից կառուցվող նոր ամրաշինությունների շրջանում, այո, ավտոմեքենան այրվել է, սակայն այն գումարտակի հրամանատարին չի սպասարկում», գրում է խոսնակը, ավելացնելով՝ «ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը միշտ էլ ճնշվում է, բայց, ի տարբերություն հայկական որոշ լրատվամիջոցների, ադրբեջանականները, ցավոք, այդ մասին չեն հայտնում»:

Ինչի՞ մասին է ՊՆ այդ արձագանքը: Այն մասին, որ փաստացի պատերազմող, հակառակորդի բանակի հետ խրամատային դիրքերում դեմ դիմաց կանգնած ռեժիմում գտնվող երկրում մամուլի այդօրինակ հրապարակումները այլ բան չեն, քան կամա թե ակամա հուշում հակառակորդին:

Օրինակ հուշում, որ խոցվել է կարեւոր թիրախ, որ այդօրինակ տրանսպորտը սպասարկում է հրամկազմին, ըստ այդմ հակառակորդը դա կարող է նկատի ունենալ հետագա թիրախավորումներում, եւ այլն: Ռազմական գործը, այն էլ պատերազմական պայմաններում, ունի բազմաթիվ այդօրինակ նրբություններ, որից կախված է ոչ թե զինտեխնիկա, այլ սպաների ու զինվորների կյանքեր:

Պետք է նկատել, որ երեւույթը, որ տարածված է հայկական մեդիատարածքում, ամենեւին նոր չէ: Գործնականում Հայաստանում եղել է ու շարունակում է լինել բացը՝ առաջնագծի վերաբերյալ տեղեկատվության կարգավորման խնդիրը: Այդ հարցը պետք է կարգավորվի պատերազմական դրության տրամաբանությամբ ու օրենքներով, որպեսզի բացառվի հակառակորդին որեւէ «հուշարարություն»: Միաժամանակ նաեւ բացառվի ներքաղաքական տարաբնույթ նպատակներով առաջնագծի հանգամանքի շահարկումը: Բացը պետք է լրացվի:

Նախօրեին խորհրդարանում տեւական «բազար» էր դիմակ դնել-չդնելու համար, կյանքեր փրկել-չփրկելու տերմինաբանությամբ: Ժամանակն է, որ խորհրդարանում քննարկում ծավալվի առաջնագծում կյանքերին սպառնալիք տեղեկատվության կարգավորման հարցը, որն էական առնչություն ունի նաեւ թիկունքում հոգեբանության հետ:

Միաժամանակ, խնդիրը կարող է լինել նաեւ դեռեւս հեղափոխության օրերից «շրջանառության» մեջ դրված «նախիջեւանյան» թեմայի տրամաբանության մեջ, որի նպատակն էր ստեղծել համընդհանուր տպավորություն, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը դարձել է Նախիջեւանում դիրքային կորստի պատճառ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հետագայում բավականին մանրամասն հերքել է տեղեկությունը, բայց դա չի խանգարել եւ խանգարում, որ հայկական տիրույթում պարբերաբար կրկնվեն ադրբեջանական քարոզչության «թեզեր» Հայաստանում ներքաղաքական խնդիրներ լուծելու համար:

Spread the love