Թուրքիան մարդասիրական օգնության օդանավ է ուղարկել Դաղստան, որտեղ կորոնավիրուսային իրավիճակը բավականին բարդ է: Այդ առնչությամբ տարբեր են Ռուսաստանի պաշտոնական լրահոսում եւ ոչ պաշտոնական աղբյուրներում տեղ գտած վիճակագրությունները:

Պաշտոնական լրահոսում խոսվում է մոտ 6 տասնյակ մահվան դեպքի մասին, իսկ ոչ պաշտոնական տվյալները վկայում են բազմակի ավելի մահացության մասին:

Այդ իմաստով, որոշակի հակասական գնահատականներ կան Հյուսիսային Կովկասի մյուս «խնդրահարույց» ռեգիոնի՝ Չեչնիայի առումով, որտեղ խոսուն փաստ է այն, որ կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել նաեւ այդ հանրապետության առաջնորդ Կադիրովի մոտ: Դա հետաքրքիր է նրանով, որ Կադիրովը գրեթե մահակով էր կարանտին պարտադրում, բայց ստացվում է, որ ինքն էլ լավ չի պաշտպանվել:

Չնայած պաշտոնական թվերին, Դաղստանում իրավիճակի լրջության մասին վկայում է Պուտինի արձագանքը, որն օրերս մի կողմից հայտարարել էր ՊՆ եւ ԱԻՆ լրացուցիչ ուժեր ուղարկելու մասին՝ համավարակի դեմ պայքարի համար, միեւնույն ժամանակ էլ Դաղստանի սահմանին կուտակված ադրբեջանցիների հարցով զանգահարել էր Ալիեւին, իսկ հետո նույն թեմայով Մամեդյարովին էր զանգահարել Լավրովը, ինչը վկայում է, որ կան իսկապես լուրջ հարցեր:

Ընդ որում, Հայաստանից դաղստանյան զարգացումների վերաբերյալ մամուլի հազվադեպ անդրադարձերին՝ թերեւս բացառիկներից է Լրագիրը, բավականին զգայուն է արձագանքել ադրբեջանական քարոզչությունը: Բանն այն է, որ ադրբեջանցիները մոգոնել են դաղստանյան արմատական շրջանակների հետ Հայաստանի հատուկ ծառայությունների կապ, եւ Կրեմլի ուշադրության մեջ «գտել» այդ կապը քանդելու հույս:

Իսկ սա այն դեպքն է, երբ գողն առաջինն ու ամենաբարձրն է գոռում բռնեք գողին: Եվ այդ մասին վկայում է նաեւ մեկ այլ հանգամանք՝ ադրբեջանցի դիվերսանտ, Բաքվի հատուկ ծառայությունների գնդապետ Դիլհամ Ասքերովը, որը Քարվաճառում դիվերսիայի համար ձերբակալվել է եւ մարդասպանության համար ազատազրկված է Արցախում: Ադրբեջանի հատուկ ծառայության գնդապետ Ասքերովը նաեւ ՌԴ քաղաքացի է եւ հատուկ օպերացիաների է մասնակցել նաեւ Ադրբեջանին սահմանակից Դաղստանում: Հատուկ ծառայություններում քանի՞ այդպիսի «ասքերովներ» ունի Ադրբեջանը՝ ՌԴ քաղաքացիների անձնագրով, որոնք Դաղստանում են, կամ քանի՞ այդպիսի «ասքերովներ» կարող է ունենալ Թուրքիան՝ Ադրբեջանի միջնորդությամբ:

Եվ ինչու՞ է այնտեղ իրավիճակով մտահոգ Պուտինը զանգահարում Ալիեւին, եւ մեկ օր անց էլ Լավրովը Մամեդյարովին, եւ փաստորեն խնդրում հավաքել Դաղստանում կուտակված ադրբեջանցիներին:

Հատկանշական է, որ դրանից հետո փաստորեն մարդասիրական օգնության փաթեթով Դաղստան է շտապում Անկարան: Ի՞նչ է պատրաստվում քանդել Պուտինը, որ Ռուսաստանի «փորոտիք» Հյուսիսային Կովկասում հնարավոր է հյուսվում էր կորոնավիրուսի քողի տակ: