Ադրբեջանը շանտաժում է ոչ միայն Հայաստանին, այլև գործնականում բոլորին

- in Վերլուծական

Ադրբեջանը, որ մասշտաբային զորավարժություն է սկսել Արցախի ուղղությամբ և Նախիջևանում, հայտարարում է այդ ինքնավար մարզում նոր հրթիռներ տեղակայելու և դրանք Երևանի վրա ուղղելու մասին:

Այդ հայտարարությունն արվում է արևմտյան փորձագիտական կառույցների ձևաչափով: Զուգահեռ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովը տեսակոնֆերանս է անցկացրել Մինսկի խմբի համանախագահների հետ, որի ընթացքում խոսել է այն մասին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն կարգավորման գործընթացում համավարակի հաղթահարումից հետո: Համանախագահները խոսել են երկու նախարարների հանդիպում կազմակերպելու մասին, երբ համավարակը թուլանա:

Գործնականում ակնառու է ռազմական շանտաժի լեզվով դիվանագիտական բանակցության ադրբեջանական մարտավարությունը: Ընդ որում՝ այն, որ շանտաժի մեջ ընդգծված կերպով ներառվում է Նախիջևանը, խոսում է այն մասին, որ Բաքուն անցնում է, այսպես ասած, լայն շանտաժի մարտավարության կամ առնվազն փորձում է այն՝ ըստ երևույթին նախնական արդյունքով հետագա կիրառման հնարավորությունը ստուգելու համար:

Հատկանշական է նաև, որ Ադրբեջանը դա անում է ԵՏՄ ղեկավարների տեսակոնֆերանսի նախօրեին: Բանն այն է, որ այստեղ Բաքուն ունի խնդիրներ և դրանք չի էլ թաքցնում: Մասնավորապես, շաբաթներ առաջ ադրբեջանա-ղազախական ջրային սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով լարվել են երկու երբեմնի եվրասիական դաշնակիցների՝ Ղազախստանի ու Ադրբեջանի հարաբերությունները: Ղազախստանի սահմանապահները կրակել էին սահմանախախտ ձկնորսների վրա և սպանել մեկին: Բաքուն գրեթե բաց տեքստով ակնարկեց, որ այդ միջադեպը լոկ պատահականություն չէ, այլ Ղազախստանի քաղաքականության փոփոխություն: Իսկ Ղազախստանը Եվրասիական ակումբում Բաքվի ձայնն էր, ինչում համոզվելու տխուր առիթ ունեցել ենք մի քանի անգամ:

Այդպիսով, Ադրբեջանը շանտաժում է ոչ միայն Հայաստանին, այլև գործնականում բոլորին՝ համանախագահներից մինչև եվրասիական ակումբ: Կամ, հնարավոր է, խոսքն այլևս թուրքական շանտաժի մասին է՝ հաշվի առնելով նաև այն, որ դե ֆակտո Բաքուն չունի Նախիջևանի վրա քաղաքական այնքան ազդեցություն, որքան Թուրքիան: Կամ Բաքուն պարզապես չունի Նախիջևանի վրա այդպիսի ազդեցություն:

Այստեղ, սակայն, առաջանում է յուրօրինակ մի վիճակ, երբ դե ֆակտո՝ իր, դե յուրե Բաքվի իրավասության ներքո գտնվող Նախիջևանը Անկարան, որը այնքան էլ նպաստավոր աշխարհաքաղաքական ռեժիմում չէ, կարող է վերածել աշխարհաքաղաքական շանտաժի մի մեծ օջախի, որի սադրանքի առաջին թիրախում կարող է լինել Հայաստանը:

Այդ հարցը անշուշտ պետք է առանցքային ուշադրության արժանանա Հայաստանում ոչ միայն ռազմական իմաստով՝ հակազդող քայլերի և միջոցների տեսանկյունից, այլ նաև քաղաքական իմաստով՝ կանխարգելիչ տրամաբանությամբ: Երևանը պետք է թերևս լրջորեն ձեռնամուխ լինի Նախիջևանի կարգավիճակի հարցը քաղաքական օրակարգ բերելուն առաջին հերթին այդ կարգավիճակի առումով Թուրքիայի հետ պայմանագիր ունեցող և դրանով Նախիջևանը փաստորեն Ադրբեջանին նվիրած «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանի առաջ և, բացի այդ, նաև գործնականում Մինսկի խմբի համանախագահների:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments