Ադրբեջանի հռետորաբանության ուժգնացումը ռազմական շանտաժի դիվանագիտության արդեն բավականաչափ հայտնի մեթոդն է

- in Վերլուծական
Adrbejan

Ադրբեջանն ակնհայտորեն ուժգնացրել է ռազմական հռետորաբանությունն ու պատերազմի մասին խոսակցությունը, իսկ պաշտպանության նախարար Հասանովն ու Ալիևի ռազմական հարցերի օգնական Մեհրիբան Ալիևան այցելել են առաջնագծի հերթական դիրքը:

Ադրբեջանի հռետորաբանության ուժգնացումը ռազմական շանտաժի դիվանագիտության արդեն բավականաչափ հայտնի մեթոդն է, որ Բաքուն կիրառել է պարբերաբար: Այդ մեթոդին հղում անելը նշանակում է, որ Ադրբեջանը չունի բանակցային որևէ հաջողության հղում անելու հնարավորություն:

Ռազմական շանտաժի պատճառը դա է: Սակայն, մեծ հավանականությամբ, հնարավոր է ասել, որ շանտաժը միայն Հայաստանի հասցեին չէ, կամ, ավելի շուտ, ուղղված է Ռուսաստանին: Հատկանշական է, որ այն աշխուժացել է Լավրովի հայտնի հայտարարությունից հետո: Ադրբեջանցիները արձանագրեցին, որ Ռուսաստանը կամ չի ուզում, կամ ի վիճակի չէ Հայաստանին պարտադրել բանակցային որևէ զիջում: Ավելի շուտ՝ թերևս չի ուզում, որովհետև ի վիճակի չէ: Ի վիճակի չէր Ապրիլյան քառօրյայից հետո, և առավել ևս թավշյա հեղափոխությունից հետո: Միաժամանակ, Ռուսաստանն ի վիճակի չէ նաև օգնել Ադրբեջանին պատերազմի հարցում, ինչպես 2016-ին: Եվ դարձյալ դրա պատճառը թե՛ 2016-ին հայկական ուժերի դիմադրությունն էր՝ առանց Ռուսաստանից օգնություն խնդրելու, և թե՛ թավշյա հեղափոխությամբ Հայաստանում ձևավորված նոր իրավիճակն ու լեգիտիմ կառավարության առկայությունը:

Եթե հայերը դիմադրեցին 2016 թվականին՝ ոչ լեգիտիմ իշխանության պայմաններում, մի կողմ թողնելով քաղաքական հակասություններն ու հայացքները, ապա կարելի է պատկերացնել, թե դիմադրությունն ինչպիսին կլինի այժմ: Այդ ժամանակ ոչ թե Հայաստանն օգնություն կխնդրի Ռուսաստանից, այլ հակառակը՝ թերևս Ռուսաստանը կունենա օգնության կարիք: Որովհետև պատերազմը, անշուշտ, ստանալու է լայնածավալ ընթացք և բնույթ, ինչը Ռուսաստանին դնելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև չափազանց բարդ երկընտրանքի առաջ: Միևնույն ժամանակ, պատերազմը արագացնելու է Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և ՆԱՏՕ ռազմական ներկայությունը Վրաստանում: Մոսկվան ստանալու է շատ խնդիրներ, և Բաքվում դա լավ են հասկանում, դիմելով շանտաժի և գործնականում պահանջելով Երևանից կորզել զիջումներ: Իսկ դա անհնար է, թեև փորձերը նկատելի են: Դա էլ ներկայումս Երևան-Մոսկվա բավականին զգալի, նկատելի լարվածության պատճառ է: Նախօրեին Երևան է զանգահարել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ռուսաստանն ըստ ամենայնի ցանկանում է, որպեսզի Երևանը մեղմի վարքագիծն ու այդպիսով թույլ տա Մոսկվային ավելի դյուրին հաղորդակցվել Բաքվի հետ: Դա կլինի թե՛ ռազմավարական, թե՛ մարտավարական սխալ, և Հայաստանը, բարեբախտաբար, առայժմ թույլ է տալիս մտածել, որ առայժմ չկա դրա ռիսկը: Հաշվի առնելով Կովկասի հարցում Ռուսաստանի չփոխված կայսերական ռազմավարությունը, չարժե խաբվել մարտավարական փոփոխությանը: Այդ անփոփոխ ռազմավարությունը հաշվի առնելով, ու նաև հաշվի առնելով ոչ վաղ անցյալի փորձը, հայ-ռուսական հարաբերության խնդիրները ավելի հուսադրող են անվտանգային հարցի և պատերազմի զսպման համատեքստում, քան հակառակը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments