Ադրբեջանում փլուզում են բանկերը. ո՞վ է ցանկանում նույնը Հայաստանում տեսնել

- in Կեղտոտ լվացք
Adrbejan

Ադրբեջանում փակվել է երկու բանկ: Դրանից առաջ փակվել էր ևս երկուսը, և փաստորեն արդեն այդ երկրում փակվել է չորս բանկ: Իսկ պատճառը տնտեսական խնդիրներն են, նավթի գնանկումը, ինչը բերել է այդ բանկերի հետ կապված հուսալիության կորստի, և իշխանությունը որոշել է փակել բանկերը:

Կունենա՞ այդ որոշումը շղթայական շարունակություն՝ բավականին բարդ է ասել, սակայն կասկածից վեր է, որ Ադրբեջանը բարդ տնտեսաքաղաքական իրավիճակում է: Այդ տեսանկյունից շարունակության մասին խոսելիս պետք է նկատի առնել այն, որ խոսքը լոկ բանկային համակարգի մասին չէ, այլ սոցիալ-տնտեսական խնդիրների քաղաքական հետևանքի մասին:

Այդ համատեքստում միշտ առաջին պլան է գալիս նաև այն, թե արդյոք այդ վիճակը Բաքվին կմղի՞ ռազմական արկածախնդրության՝ դրանով ծածկելով սոցիալական խնդիրները: Առերևույթ այստեղ կա տրամաբանական կապ, որին Հայաստանում տարբեր շրջանակներ պարբերական հղումներ են անում: Մյուս կողմից, սակայն, իրականում, սոցիալ-տնտեսական անկումային վիճակը կարող է անկանխատեսելի դարձնել Ադրբեջանի ներքին իրադրությունը, բայց ուղիղ կապ ունենալ ռազմական արկածախնդրության հետ թերևս չի կարող: Սոցիալ-տնտեսական անկումային վիճակում ռազմական արկածախնդրությունը Բաքվի համար կարող է դառնալ ընդհանրապես մեծամասշտաբ աղետի սկիզբ: Դա չի նշանակում, որ Ադրբեջանում չեն կարող քննարկել ոչ ադեկվատ որոշումներ ու դիմել որևէ փորձի, և այդ տեսանկյունից հայկական ուժերը պետք է լինեն գերզգոն:

Այդ ամբողջ պատմության ֆոնին ամենահետաքրքիրն այն է, սակայն, որ Հայաստանում ինչ-որ խմբեր քարոզչական գրոհ են սկսել հայկական բանկային համակարգի դեմ, որը, անկախ դրա հանդեպ հանրային ամենատարբեր վերաբերմունքից, Հայաստանում տնտեսական ամենաինստիտուցիոնալացված և կայացած, ամենակայուն սեգմենտներից է, ըստ այդմ՝ տնտեսական հուսալիության և անվտանգության որոշակի երաշխիքներից մեկը:

Եվ հատկանշական է, որ Հայաստանում այդ սեկտորը արժանանում է քարոզչական գրոհի այն պարագայում, երբ Բաքվի բանկային ոլորտը ուղղակի փլուզվում է: Ո՞վ է ցանկանում այդ իմաստով Հայաստանը հավասարեցնել Ադրբեջանին՝ հրահրելով արշավ ֆինանսաբանկային ոլորտի դեմ:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments