Ալեն Սիմոնյանի և Էդմոն Մարուքյանի հերթական վեճը

- in Ով ով է ...

Խորհրդարանի միջանցքում այսօր բռնկվել է «Լուսավոր Հայաստան» ու «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների՝ Ալեն Սիմոնյանի և Էդմոն Մարուքյանի հերթական վեճը:

«Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների բախումը տվել է նաև տեսակետների առիթ, թե այդպիսով կառավարող մեծամասնությունը փորձում է ամրապնդել ԼՀԿ, այսպես ասած, ընդդիմադիր դիրքը: Այդ գնահատականը որոշակիորեն ունիվերսալ է այդօրինակ քաղաքական իրավիճակների համար: Կա այդպիսի խնդիր կառավարող մեծամասնության համար, թե ոչ՝ բարդ է ասելը, դա հնարավոր է միայն վարչապետին առընթեր խիստ հավաստի աղբյուր ունենալու պարագայում:

Տրամաբանություն լինել կարող է՝ այն իմաստով, որ ընդդիմադիր առաջատար դիրքի համար պայքարում բավականին գերակշռող է նախկին կառավարող համակարգը, և այդ իմաստով ԼՀԿ առաջատարությունը ներկայիս կառավարության համար կարող է լինել նախընտրելի: Բայց, այդ տրամաբանությամբ հանդերձ, այն կլինի իրավիճակի թերևս բավականին պարզունակ մեկնություն: Կամ՝ տեխնոլոգիայի պարզունակ կիրառում, եթե ԼՀԿ հանդեպ իշխող ուժի սուր քննադատությունը հենվում է այն սկզբունքի վրա, որ այդ ուժը ասոցացվում կամ առավել ևս կատարում է նախկին համակարգի ուժերի թելադրանքը: Այդ դեպքում, ներկայացնելով «Լուսավոր Հայաստանին» որպես նախկին իշխանության խամաճիկ ուժ, հնարավոր չէ այդ ուժը դարձնել ընդդիմության առաջատար: Ըստ այդմ՝ դիտարկումները, թե «Իմ քայլը» և ԼՀԿ բախումը ունի այդ նպատակը, թերևս բավականին հեռու են իրականությունից:

Մյուս կողմից՝ առաջանում է այլ պարզ հարց, թե այդ դեպքում որն է նպատակը, որ «Իմ քայլը» գործնականում ամբողջությամբ զբաղված է ԼՀԿ-ի հետ թեժ բանավեճով, եթե, իհարկե, բովանդակությունը թույլ է տալիս խոսել բանավեճի և ոչ թե ընդամենը բանալ վիճաբանության մասին: Ըստ երևույթին նպատակ չկա, և ամբողջ հարցն էլ թերևս հենց քաղաքական ռազմավարական նպատակի և բովանդակության երկկողմ բացակայությունն է: Մի բան, որն իհարկե բնորոշ է հայաստանյան ներքաղաքական դաշտին ընդհանրապես՝ թերևս եզակի բացառություններով:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments