Ալիեւի պարտության մեխանիզմը. զգուշացում Երեւանից

- in Հրապարակ
iskander-zenq

Արցախյան հարցի կարգավորման գործընթացում Ալիեւի «կառուցողականության» մասին Փաշինյանի գնահատականը նրա հանդեպ առաջացրել է ընդդիմախոսության եւ քննադատության մեծ ալիք:

Անշուշտ, տարօրինակ է հնչում տարիներ շարունակ ռազմական շանտաժի եւ մարդասպանության ագրեսիվ քաղաքականությունն իրականացնողին, առ այսօր պատերազմի հռետորաբանություն խաղացնողին եւ ապրիլյան քառօրյա պատերազմ սկսողին կառուցողական գնահատելը:

Դա տարօրինակ է հնչում նույնքան, որքան 2017 թվականի հոկտեմբերին՝ ապրիլյան քառօրյա պատերազմից մեկուկես տարի անց Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Ալիեւն էլ չի ուզում սահմանին զոհ լինի: Ընդ որում, Սարգսյանը դա ասում էր նրա հետ Ժնեւի հանդիպումից անմիջապես հետո, թեեւ դրանից օրեր առաջ, եւ նաեւ երեք օր անց հայկական կողմն ունեցավ զոհ ադրբեջանական կրակոցից: Սակայն Փաշինյանի ներկայիս ընդդիմախոսների ճնշող մեծամասնությունը ճնշող լռություն էր պահում Սարգսյանի հայտարարության առնչությամբ:

Սակայն, մեծ հաշվով հետաքրքիր չեն պատճառները, թե ինչու էին տարբեր մարդիկ կամ խմբեր այն ժամանակ լռում, հիմա՝ խոսում: Առավել եւս, որ պատճառները հայտնի էլ են հանրության զգալի մասին:

Այդուհանդերձ, արդյոք իրավիճակի եւ Ալիեւի գնահատման առումով այդքան անհամարժեք էին 2017-ին Սարգսյանը, կամ այժմ՝ Փաշինյանը, որ կարող էին թույլ տալ իրենց այդպիսի արտահայտություններ:

Անկասկած՝ ոչ: Ինչի՞ մասին էր խոսում 2017-ի հոկտեմբերի 16-ին Սերժ Սարգսյանն Ալիեւի հետ հանդիպումից հետո, ապրիլյան քառօրյա պատերազմից մեկուկես տարի անց, Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի հանդիպումներից մոտ ավելի քան մեկ տարի անց:

Այդ հանգամանքը գնահատելու համար թերեւս կարեւոր է գնահատել, կամ վեստին արձանագրել, թե ինչ էր ապրիլյան պատերազմը: Եվ այդ առնչությամբ խոսուն ակնարկներ արել է Սերժ Սարգսյանը, այդ թվում նաեւ չորրորդ տարելիցի առիթով շրջանառված վավերագրական ֆիլմում: Նրա խոսքով, Ադրբեջանի ակնկալիքն էր, որ Հայաստանն օգնություն պետք է խնդրի համանախագահներից՝ Բաքվին կանգնեցնելու համար, եւ հետո բանակցի թույլ դիրքերից:

«Թարգմանաբար» դա այլ բան չէր, քան այն, որ Հայաստանն ըստ ագրեսիայի «ռազմավարական պլանի», պետք է օգնություն խնդրեր Ռուսաստանից, ինչն էլ բացելու էր Մոսկվայի ճանապարհը դեպի Արցախ՝ ռազմական ներկայություն եւ աշխարհքաղաքական գերակայության «բլից-կրիգ», թե Հայաստանի, թե խոշոր հաշվով նաեւ Ադրբեջանի պարտության հաշվին:

Ասելով, որ Ալիեւն էլ չի ուզում զոհեր, Սերժ Սարգսյանն ակնարկում էր այն, որ ռազմական շանտաժի ու ագրեսիայի քաղաքականությունը, որ վարում է Բաքուն, կարող է լինել խիստ խաբուսիկ, ընդամենը մեծացնելով թե Հայաստանին, թե Բաքվին շանտաժելու ռուսական հնարավորությունը:

Ըստ այդմ, Սերժ Սարգսյանի, հետո նաեւ Նիկոլ Փաշինյանի գնահատականը՝ անկախ ընդհանրապես նրանց քաղաքականության եւ մոտեցումների գնահատումից, պարունակում էր թերեւս այդ համատեքստը, ուղղված Ալիեւին՝ դադարեցնել ռազմական շանտաժի քաղաքականությունը, այդպիսով թույլ չտալով ռեգիոնալ շանտաժի տրամաբանության վրա հիմնված ռուսական քաղաքականության ծավալում:

Այլ հարց է անշուշտ, որ Ալիեւն ունի իր հաշվարկն ու ակնկալիքը, հուսալով, որ հնարավոր է ռուսական աջակցությամբ լեգիտիմացնել Հայաստանի ու Արցախի դեմ ագրեսիան, հնարավորինս վերցնել եւ կանգ առնել, երբ կարող է միջամտել Մոսկվան: Մեծ հաշվով, ապրիլյան քառօրյայում Բաքուն փորձեց հենց այդ սխեման: Փորձը տապալվեց, սակայն չի կորել հույսը, որ այդ տրամաբանությունը ինչ որ պահի կարող է աշխատել:

Երեւանն անշուշտ մի շարք պատճառներով չի համարձակվում բարձրաձայնել այդ մեխանիզմի անհուսությունը, իսկ Սերժ Սարգսյանը որոշակիորեն կարողացավ անել դա միայն իշխանությունը թողնելուց երկու տարի անց: Սակայն Ալիեւին ուղղված ակնարկների տրամաբանությունը բավական թափանցիկ է. առանց նախապայմանի խաղաղությունը առաջին հերթին պետք է Ադրբեջանին: Բաքուն չունի ռեգիոնալ հաջողության հեռանկար, ընտրությունը դարձյալ պարտվել, թե չպարտվելն է:

Արդյունավե՞տ է, թե ոչ, ակնարկը, այստեղ պատասխանը հարաբերական է: Միարժեք է այն, որ որեւէ դեպքում գործնական քաղաքականության առումով Երեւանն իրավունք չունի ապավինել Ալիեւի «ըմբռնողությանը»: Դա հնարավոր է ապահովել միայն հայկական զինուժի մարտունակությամբ եւ հայկական պետականության ինքնիշխան դիմադրության առավելագույն կարողությամբ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments