Սյունիքից հակահեղափոխություն չի սկսվելու, իրավապահները տիրապետում են իրավիճակին, անդրադառնալով հայտնի իրադարձություններին, ասել է ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը:

Սյունիքից իսկապես հակահեղափոխություն չի սկսելու, ինչպես որ չի սկսելու որեւէ այլ մարզից կամ բնակավայրից: Հակահեղափոխությունն ունի սկսելու մեկ տեղ եւ այդ տեղը կառավարող մեծամասնությունն է:

Հեղափոխության արդյունքը, արձանագրված փաստը հասարակությունից կարող է վերցնել միայն այդ հասարակության քվեով ձեւավորված մեծամասնությունը, կտրվելով հանրությունից, կտրվելով իրականությունից եւ հետո սկսելով զբաղվել հանրային գիտակցության ու ենթագիտակցության մանիպուլյացիայով:

Կլինի՞ Հայաստանում այդպիսի բան, կա՞ այդպիսի բան, թե ոչ, դա արդեն հարցի մյուս կողմն է:

Եվ հանրությունը կարող է վերցնել հեղափոխության մանդատը իր ձեւավորած կառավարությունից եւ տալ այլ ուժի, կամ, գուցե՝ չտալ որեւէ մեկին, ինչը թերեւս կլինի բավականին խնդրահարույց իրավիճակ, քաոս:

Կվերցնի՞, կամ ավելի շուտ՝ կզրկի՞ հանրությունը իր ձեւավորած հեղափոխական կառավարությանը հեղափոխության մանդատից, թե ոչ: Կա՞ այդպիսի հեռանկար: Դա էլ հարցի այլ կողմն է:

Որեւէ պարագայում հնարավոր չէ հակահեղափոխություն իրականացնել հեղափոխություն իրականացրած հանրության, ժողովրդի դեմ:

Բայց հնարավոր է հակահեղափոխության մասին անվերջ խոսակցությամբ հանրությանը վերածել տագնապի ու վախի մի նյարդային կծիկի: Ընդհանրապես, որեւէ հանրության կառավարելու համար պետք է ներշնչել վախ, տագնապ՝ ինքնավստահության փոխարեն:

Դա իսկապես հակահեղափոխություն է: Որովետեւ 2018 թվականի հեղափոխության անարյուն, թավշյա բնույթի հաջողության գրավականը, առանցքային նախադրյալներից մեկը հենց այն էր, որ հանրությունը օրեցօր ներշնչվեց ինքնավստահությամբ: Բայց այդ հաջողությունից կարճ ժամանակ անց սկսվեց հանրությանը ինքնավստահության փոխարեն տագնապ, վախ, անընդհատ լարված սպասում հաղորդելու բազմաշերտ եւ բազմավեկտոր գործընթաց, զրկելով ինքնավստահությունից:

Ընդ որում, հատկանշական է այն, որ այդ գործով ամենեւին էլ լոկ նախկին իշխող համակարգի տարբեր խմբեր կամ թեւեր չէ, որ զբաղված էին: Այդ գործով զբաղված են մարդիկ եւ խմբեր, որոնք օրական երեք անգամ երդվում են հեղափոխության համար: Խոշոր հաշվով, այդ գործով զբաղված են գրեթե բոլոր դերակատարները:

Այսօր, հեղափոխության երկամյակին կա մի հարց՝ ո՞վ է ներկայում զբաղված Հայաստանում հանրությանն ինքնավստահություն ներշնչելով:

Spread the love