Աղմկոտ պատմությունները թափ են հավաքում

- in Սոցիալական

Այս ամենը կապված է անօրինական սեփականության բռնագրավման մասին օրենքի հետ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով խորհրդարանում միջադեպը:

Հիշեցնենք, որ երեկ ծեծկռտուք է տեղի ունեցել ընդդիմադիր Լուսավոր Հայաստանի ղեկավար Էդմոն Մարուքյանի եւ իշխող Իմ քայլի պատգամավոր Սասուն Միքայելյանի միջեւ:

«Այս ամենը կապ ունի բազմաթիվ ու բազմապիսի քրեական գործերի հետ, որովհետև երբ այդ գողացված միջոցները վերադարձնեն, բա որտեղի՞ց են իրենց թուլափայը ստանալու թուլափայ ստացողները», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ հայտարարել է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ է բերում ոչ թե «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրակարգը, այլ անհասկանալի, ԱԺ-ից դուրս գտնվող խուլիգանական խմբակների օրակարգը»:

Արտաքնապես խորհրդարանում միջադեպը կապված չէր անօրինական սեփականության բռնագանձման օրենքի հետ: Եվ հարց է ծագում՝ ինչու՞ է իշխող կուսակցությունը վարչապետի գլխավորությամբ սլաքներն ուղղում այդ օրենքի ուղղությամբ:

Իշխող Քաղաքացիական պայմանագիրն իր քաղաքականությունը կառուցում էր՝ հենվելով հիմնականում անօրինական սեփականության բռնագրավման հանրային հզոր պահանջի վրա: Այս պահանջը հիմնվում է ինչպես հարեւանի հանդեպ սովորական նախանձի զգացումի, այնպես էլ արդարության ու իրավահավասարության վերականգնման պահանջի վրա: Իշխող կուսակցությունը հմտորեն օգտագործում է այդ փաստը, հանրության մեջ վառ պահելով կրակը:

Երկու տարի իշխող կուսակցության քաղաքականությունը հիմնականում կառուցվել է այս վեկտորի շուրջ՝ ձեռնարկվել են գործնական քայլեր, միեւնույն ժամանակ թեզը բազմիցս շահագործվել է քաղաքական նպատակներով:

2019 թվականի ծրագրի կատարողականը ներկայացնելու ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրենց ամենամեծ ձախողումն այն է, որ չեն կարողացել վերադարձնել գողացվածը: Փաստացի, նա հայտարարել է, որ հանրային պատվերը կատարված չէ եւ լրացուցիչ մանդատ է պետք դրա համար:

Կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքարի համար Հայաստանում ընդունվել է անօրինական սեփականության բռնագանձման մասին օրենքը, ներդրվել իրական սեփականատերերի հայտարարագրման ինստիտուտը: 2019 թվականի հոկտեմբերին կառավարությունը հաստատել է 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությունը:

Արդեն ստեղծվել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: 2021 թվականին նախատեսվում է Գլխավոր դատախազության կազմում ստեղծել Հակակոռուպցիոն հանձնաժողով, հատուկ հակակոռուպցիոն ստորաբաժանում եւ կոռուպցիոն դատարան:

Միեւնույն ժամանակ, նախագահը դեռ չի ստորագրել բռնագանձման մասին օրենքը եւ չի բացառվում, որ այն փորձաքննության համար փոխանցվի Սահմանադրական դատարան:

Նախագահի աշխատակազմը հերքել է լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, որ Հայաստանի նախագահի ու վարչապետի միջեւ իբր գործարք կա անօրինական սեփականության բռնագանձման մասին օրենքի շուրջ:

Օրենքը դեռ չի ընդունվել, բայց Հայաստանում աղմկոտ պատմություններն արդեն թափ են հավաքում, եւ դրանք ոչ միանշանակ ազդեցություն ունեն: Մասնավորապես, ԶԼՄ-ների տեղեկություններով, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդու՝ Գուրգեն Խաչատրյանի քրեական հետապնդման հարցով իրավապահ մարմիններն ամեն օր զանգերի են պատասխանում արտասահմանից ու ստիպված են բացատրություններ տալ: Թերթի տվյալներով, Խաչատրյանը չի լքել Հայաստանը, ապրում է հսկվող տարածքներից մեկում, բայց մտադիր է հայտնվել ու անակնկալով: Գուրգեն Խաչատրյանը կարո՞ղ է թաքնվել Երեւանում դեսպանատներից մեկում:

Չի բացառվում, որ անօրինական սեփականության վերադարձի մասին թեզը բախվել է անհաղթահարելի պատի՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին, եւ եկել է գլխավոր թեզը փոխելու ժամանակը: Բռնագանձումը, իհարկե, պոպուլյար, անպարտելի թեզ է, բայց չի կարող երկար շահագործվել, որովհետեւ այն նպատակ չէ, այլ գործիք: Հիմա պետք է հայտարարել նպատակը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments