«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ հարցին, թե ի՞նչ փաստեր ունեն իշխանությունները, որ «Լուսավոր Հայաստանը» համագործակցում է նախկին իշխանությունների հետ, ինչպես իրենք են պնդում:

«Ես կարծում եմ, որ այդ ուժերը վերջին շրջանում գործում են նույն տրամաբանության մեջ: Կարող եմ նաև դրան հավելել, օրինակ, Ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման օրենքը: Շատ հատնի է, որ այն կոնկրետ ընդդիմություն է առաջացրել նախկին իշխանությունների հետ կապված շրջանակների մոտ: Բանը նրան է հասել, որ երբ Հանրապետության նախագահը ստորագրեց սույն օրենքը, իր դեմ անձնական հարձակում սկսեցին, իր ընտանիքի դեմ: Լուսավոր Հայաստանը ինչպե՞ս է քվեակել այդ օրենքին, քվեարկել է ձեռնպահ: Ինչո՞վ մենք կարող ենք եզրակացություն ունենալ այս կամ այն քաղաքական ուժի դիրքորոշման մասին՝ իրենց պահվածքով, փաստերով: Հիմա ես ձեզ ասում եմ փաստ, կողմ չեն քվեարկել օրենքին: Եվ սա օրակարգ է, որը կապված է նախկին իշխանությունների գործունեության հետ»,- ասաց Ռուբինյանը:

Նրա խոսքով՝ վարչապետը դեռևս ամիսներ առաջ է խոսել այն խնդրի մասին, որ որոշ ուժեր փորձում են ներկայացնել, թե երկրում քաոս է: «Եվ, այո, այս միջադեպը և Լուսավոր Հայաստանի պահվածքն ամբողջովին տեղավորվում է այս համատեքստի մեջ: Բայց ես կարծում եմ, որ Էդմոն Մարուքյանն ունի հնարավորություն՝ հաջորդ քառօրյային ապացուցելու, որ այդպես չէ: Ինչպե՞ս, սկսենք ամենապարզից՝ չհայհոյելով, երկրորդը՝ լինելով բովանդակային ընդդիմություն, խոսելով ոչ թե միջադեպերի, այլ քաղաքականության մասին»,- հավելեց Ռուբինյանը:

Spread the love