Հայաստանի խորհրդարանում «դիմակային բանավեճ» էր ընդդիմության եւ կառավարող մեծամասնության միջեւ: Այսպես ասած ընդդիմադիր երկու խմբակցության պատգամավորներ՝ Գեւորգ Պետրոսյանն ու Էդմոն Մարուքյանը, ընդվզում էին դիմակ կրելու պարտադրանքի դեմ:

Իհարկե միայն նրանք չեն, փողոցում նաեւ շատ այլ մարդիկ են ընդվզում, ինչը թերեւս բնական է բոլոր երկրների պարագայում, բոլոր հասարակությունների: Որեւէ պարտադրանք հանրությունները չեն ընդունում միատարր համաձայնությամբ, դա բնական, օրինաչափ երեւույթ է:

Հարցն այն է, թե որքանով է օրինաչափ Հայաստանում ներքաղաքական բովանդակությունը եւ այդ համատեքստում ընդդիմադիր դիտարկվող կամ դիրքավորվող ուժերի վարքագիծը, օրակարգը: Որքանով է այդ օրակարգը եւ վարքագիծը համաչափ Հայաստանի պետական մարտահրավերներին, որ ներառում են ներսն ու դուրս, ընդ որում փոխկապակցված:

Ակնհայտ է, որ Հայաստանն ունի տնտեսական, դատաիրավական, արտաքին քաղաքական եւ անվտանգային կոնցելտռուալ հարցեր, մարտահրավերներ, խնդիրներ: Հայաստանն ունի հայ-ռուսական հարաբերության տրանսֆորմացիայի խորքային խնդիր: Հայաստանի արտաքին քաղաքական դաշտում նկատելիորեն բաց է բովանդակային քննարկումների դաշտը Եվրոպական, Միացյալ Նահանգների ուղղությամբ: Ցանկը հնարավոր է թվարկել երկար: Եվ իհարկե, այստեղ առաջին քաղաքական պատասխանատուն՝ բովանդակային աշխատանքի համար, քաղաքական մեծամասնությունն է: Բայց ո՞վ պետք է այդ մեծամասնությանը բերի հենց քաղաքական բովանդակային պատասխանատվության դաշտ: Համենայն դեպս, քաղաքականության դասական կամ կլասիկ կանոնների համաձայն, դա պետք է անի քաղաքական ընդդիմությունը, եւ քաղաքական ընդդիմությունը թերեւս պետք է հենց դրա համար:

Ներկայումս քաղաքական մեծամասնությանը ի՞նչ դաշտ է տանում ընդդիմությունը, լինի խորհրդարանական, թե արտախորհրդարանական: Տարատեսակ «ռազբորկաների» դաշտ, այդ հասկացության թե բուն, թե պատկերավոր, թե փոխաբերական իմաստներով: Միեւնույն ժամանակ ակնառու է նաեւ, որ քաղաքական բովանդակության նշաձողերի սահմանման հարցում էապես թերանում է նաեւ կառավարող մեծամասնությունը: Այդպիսով, Հայաստանում քաղաքական մեծամասնությունն ու ընդդիմություն համարվող ուժերը միմյանց տանում են ոչ մի տեղ, եւ հարց է առաջանում՝ իսկ ու՞ր են տանում Հայաստանը:
Spread the love