Համավարակով պայմանավորված՝ պարետատան որոշմամբ ԱԺ դահլիճում այսուհետեւ լինելու են միայն դիմակով։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հարցերի քննարկումներից առաջ հայտարարեց, որ այն պատգամավորները, որոնք դիմակ չեն կրի, նախազգուշացվելու, ապա դուրս են հրավիրվելու դահլիճից 1 կամ 7 օրով։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց, որ պահպանված է սոցիալական հեռավորությունը, ինչից հետո Միրզոյանն էլ նկատեց, որ բարձրախոսները կարող են կրիչներ լինել։ Նա չցանկացավ շատ տեխնիկական մանրամասներ մեջբերել, այնուամենայնիվ հայտարարեց, որ շփվում են, խոսում են, հպվում են, ուստի ապահով է դիմակը կրելը, նաեւ՝ օրինակ ծառայելու համար։

Միրզոյանը նաեւ վերհիշեց դեպքը, երբ փակ տարածքում է եղել եւ չի կրել դիմակ, ապա նկատեց, որ շատ սխալ է վարվել, մտածել է, որ հանդիսավոր պահ է, Արցախի նախագահի երդմնակալության արարողություն է։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ կարծիք հայտնեց, որ դիմակով անհարմար է խոսել, եւ հիշեցրեց Սահմանադրության այն նորմը, որ արտակարգ դրությունը չի տարածվում ԱԺ-ի վրա։ Հետեւաբար եւ շեշտեց, որ պարետի որոշումները չեն կարող կիրարկվել խորհրդարանում։ «Ինչ վերաբերում է դիմակ կրելուն, բնկանաբար, բոլորս կողմ ենք, բայց խոսելու ժամանակ, կամ երբ պահպանված է սոցիալական հեռավորությունը, թող պատգամավորն իր պատասխանատվությամբ որոշի՝ ինչ տիրույթում կրի կամ չկրի»,- ասաց Մարուքյանը եւ հիշեցրեց իր առաջարկը, որ նիստերը լինեն սահմանափակ քանակությամբ պատգամավորներով կամ հեռավար, սակայն քաղաքական մեծամասնությունը չհամաձայնեց։

Միրզոյանն էլ պատասխանեց, որ րոպեներ առաջ շեշտել է, որ հարցն ունի 2 ենթատեքստ։ Այստեղ կա նաեւ քաղաքացիներին օրինակ ծառայելու, մեր բոլորի եւ ընտանիքի անդամների առողջության մասին մտածելու շերտը եւ այսպես շարունակ։ «Դուք պնդում եք անում, որ սա չի կարող տարածվել պատգամավորների վրա եւ ես որպես ԱԺ նախագահ չեմ կարող կիրառել նախազգուշացման միջոցները։ Ես ուզում եմ վերահաստատել, որ կիրառելու եմ այդ միջոցները, կոչ եմ անում եւ խնդրում եմ կրել դիմակ ԱԺ նիստերի դահլիճում․ սա ընդունեք որպես խնդրանք»,- ասաց Միրզոյանը՝ կոչ անելով նաեւ չդիտարկել սա որպես մարտահրավեր, համարձակությունների չափում։

Spread the love