Այս տարի կապիտալ շինարարության ոլորտում էական ծրագրեր են իրականացվելու

- in Տնտեսական

Այս տարի կապիտալ շինարարության ոլորտում էական  ծրագրեր են իրականացվելու՝ նվազագույնը 100 օբյեկտի նախագծման ու շինարարության մասին է խոսքը: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանն ասաց, որ ծրագիրն իրոք աննախադեպ է և քանակական, և ֆինանսական առումով: «Ընդհանուր առմամբ այսօր կոմիտեի պատվերով մշակվում են 74 կրթական, մշակութային և մարզական նշանակության օբյեկտների նախագծման աշխատանքներ: Դրանցից մի մասն արդեն ավարտական փուլում են, մի մասն ավարտվել են, մի մասն էլ կավարտվեն մինչև հուլիս, առավելագույնը օգոստոս ամիս: Կրթության նախարարության հետ ունեցած մեր քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ նաև ԿԳՄՍ պատվերով պատրաստ են ևս 30-ից ավելի օբյեկտների նախագծման աշխատանքներ:

Ընդհանուր առմամբ, այսօր կարելի է ասել, որ 111 կրթական ու մշակութային օբյեկտների նախագծային աշխատանքներ ավարտված են: Դրանցից 90 օբյեկտների շինարարության մրցույթները նախնական պայմանավորվածությամբ կիրականացնի Քաղաքաշինության կոմիտեն, մյուս 21 և ավելի օբյեկտները, որոնք այդքան մեծ չեն, կիրականացվեն նախարարության պատվիրատվությամբ»,- ասաց նա: Ըստ Ղուլարյանի՝ 12 առողջապահական օբյեկտների նախագծային աշխատանքները նույնպես ընթացքի մեջ են: Շինարարական աշխատանքների մեկնարկը պատշաճ կազմակերպելու համար արդեն աշխատանքներ են տարվում շինարարական կազմակերպությունների ու անհատների հետ:

Տիգրան Ավինյանն ասաց, որ կառավարության առաջնահերթությունների եռյակում պետք է լինեն այս ծրագրերը:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ արդեն մոտ 5 մլրդ դրամի նախագծա-նախահաշվային փաստաթղթեր ունի նախարարությունը: «ՀՀ ամբողջ տարածքում է տեղի ունենալու շինարարությունը, ինչը կնշանակի, որ շինարարական ընկերությունները բոլոր մեր համաքաղաքացիներին, ովքեր հնարավորություն չեն ունեցել մեկնելու արտագնա աշխատանքի կամ այս պահին ունեն աշխատանքի խնդիր, կներգրավեն այս գործընթացների մեջ: Բովանդակային առումով ասեմ, որ սրանք 22 մոդուլային դպրոցներ են, բազմաթիվ քոլեջներ ու ուսումնարաններ, դպրոցներ, մշակութային օբյեկտներ, որոնք մի մասը վերանորոգվում են: Հույս ունեմ՝ մինչև հուլիս մրցույթների մեծ մասը կիրականացնենք»,- ասաց Հարությունյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments