(իրական պատմություն ողբերգական վերջաբանով)

Էդիկ Շամիրի Հովսեփյանը ծնունդով Թումանյանի շրջանի ամենաշեն ու ամենամեծ գյուղից էր՝ Օձունից, և ստացած կրթությամբ կարմիր դիպլոմով երկրաբան էր ու արդեն հինգ տարի էր զբաղեցնում էր Լոռվա երկրաբանական գլխավոր վարչության պետի պաշտոնը, ինչը նպաստում էր, որ սրտի ուզածով, անհրաժեշտության դեպքում, իր ծառայողական «Վիլիսով» հայտնվեր փորձանքի մեջ ընկած համագյուղացու կողքին ու հաներ նրան անտանելի իրավիճակից։

Շուլուխչի Վաղոն նույնպես երկրաբան էր ու նրա տեղակալը, ծնունդով նույնպես Լոռեցի՝ Վահագնի գյուղից, էդ նույն Վահագնին էր, որտեղի պանծալի ծնունդ էր նաև Հայաստանի էն ժամանակվա թագավորը՝ Կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Երվանդի Քոչինյանը. Վաղոյի հալալ հորեղբոր որդին, լոռեցիներիս լեզվով ասած՝ բիձու տղեն:

Թվարկածս երկու երկրաբանն էլ համ ու հոտով, ազգ ու տակռի ունեցող ու իրանց ազգն ու տակռին չուրացող, իրենց ծնած ու սնած հողուջրին՝ տեր ու ծառա, մեծ շփումների ու լայն շրջապատի տեր տղերք էին, ժամանակի շնչին ու քայլքին համապատասխան՝ ուտող-խմող, թև-թիկունքններն էլ տեղը, կարճ ասած Թումանյանի պատմած Լոռվա քաջերի պես։ Էս ամենին էլ, որ ավելացնում ենք նրանց ստացած խիստ բարձր ռոճիկը և տարիների ընթացքում ձեռք բերած այն հումորային վերաբերմունքը, որով նրանք մոտենում էին այդ հանգամանքին ու իրենց նախանձող, շատ ավելի ցածր աշխատավարձ ստացող բարձրաստիճան պաշտոնյաներին, միանգամից պատկերվում է նրանց շուրջը ձևավորված աուրան ու կոլորիտի գույները և անմիջապես ամեն ինչ ընկնում է տեղը ու մենք էլ անմիջապես գտնում ենք նրանց չափից շատ անկախ լինելու բանաձևն ու գաղտնիքը, բայց հիմա խոսքը դրա մասին չէ։

Երկրաբանական գլխավոր վարչությունը հերթական պեղումներն էր անցկացրել Ստեփանավանի ու Թումանյանի շրջաններն իրարից բաժանող սահմանագծում՝ Կողես և Մղարթ գյուղերն իրարից բաժանող լեռներում, 70-ականների սկիզբն էր ու Սովետը դեռևս խորությամբ չէր մխրճվել ճահճացման պրոցեսի մեջ, և մի ձին-ձմեռ օր, առավոտ ուղիղ իննին Էդիկ Շամիրիչին գրավոր զեկուցեցին, որ անցյալ տարվա ստուգված հանքանյութի մեջ ոսկու շերտը սարսափելի շատ է: Էդիկ Հովսեփյանը շտապ իր մոտ կանչեց Վաղինակ Քոչինյանին ու ասավ.

– Այտա՜, Անտոնին զանգ տու, գնանք կուշտը,-Վաղոն թե.

-Խեր խաբար ա՞։

Էդիկն ասավ.

– Էրկու Էրեսի տակին, մեր ռազվեդկեն Անկախ Հայաստանի համար ոսկու մեծ պաշարներ է գտել:

-Անկախ Հայաստանը ո՞րն ա ապո,- հարցրեց Վաղոն:

-Անկախ Հայաստանն էնա, որ մեր էրեխեքն են տենալու և ապրելու։

-Էտ ինչ լավ բան ասիր, ապո, չի ըլնի, որ մաղարիչ անենք ու մենք էլ տեսնենք։

-Դու զանգի, կգնանք, տեղում կերևա, – խորհրդավոր ժպիտը դեմքին ասած Էդիկ Շամիրիչը:

Վաղոյի համար Անտոն Երվանդիչի մոտ ընկնելը, լոռեցու ասած, մորի կուլ տալու պես մի բան էր, որովհետև երկրի թագավորը գիտեր, որ իր հորողբոր տղեն անանձնական մարդ է, սեփական հարցերով, սեփական շահի համար, արքունիք չի մտնի, նրա ուսերին խեղճ ու կրակ Լոռեցիների դարդ ու ցավերն էին բարձած, որն էլ նա խոնարհաբար ու անտրտունջ տանում էր, ծանր իրավիճակներում իհարկե իմանալով որ հորեղբոր տղեն թիկունքին կանգնած է:

Մի խոսքով Սովետի ճահիճի վերափոխարկվելու նախափուլն էր, 70-ականների սկիզբը ու երկրաբան տղերքը հենց նույն օրը, երեկոյան, ձնաթաթախ մտան արքունիք, այսինքն Կենտկոմ ու թագավորը մի-մի բաժակ կոնյակ հյուրասիրելուց ու նրանց ջանը տաքացնելուց հետո հարցական նայեց Էդիկ Շամիրիչին.

–Թագավորն ապրած կենա, – ասավ Էդիկը. – Հայաստանի անկախության բյուջեն՝ հաշվի, որ գրպանումդ ա ։

Անտոն Երվանդիչը, որ տղերքի նստած բազմոցի դիմաց, փափուկ բազկաթոռին էր տեղավորվել, անշտապ վեր կացավ, մոտեցավ իր մեծ ու փոքր գրասեղաններին ու 15֊ից ավել հեռախոսներից երկուսի լսափողները կողքի դրեց, նույն ընդգծված հանգստությամբ եկավ ու նորից կոնյակ լցրեց Լոռեցիների դատարկած բաժակները.

– Տղե՜րք, հլա ավելի պարզ խոսացեք, բան չհասկացա:

– Ա՜յտա դե հանքերումը ոսկի ենք գտել էլի, հա՜ մ տարածքն ա մենձ, հա՜ մ էլ դե, պռոբն ա շատ բարձր, – բերանը լայն բացած ու կարմիր թշերը կոնյակից էլեկտրական լույսի տակ պսպղացնելով ասաց Վաղոն:

– Էդ որդի՞ եք գտել, այտա՛։

-Մղարթից դբա Կողես ընկած հատվածում, որ դուրս ենք գալի դբա Էրկու Էրեսի խաչերն ու աղբրի կողքովը շրջանցում անտառը,- Վաղոյի խոսքը թագավորացրեց Էդիկը:

Քոչինյանը կենտրոնացավ, մտքերի մեջ ընկավ, երկար, ծանր ու ճնշող լռություն տիրեց, որը խախտվեց Կենտկոմի առաջին քարտուղարի օգնականներից մեկի հեռախոսազանգով: Պայմանավորված հանդիպում կար, ու մարդիկ ընդունարանում սպասում էին:

-Թող սպասեն, – օգնականին հրահանգեց հյուրընկալը ու խորհրդանշական հարցրեց.

-Հիմա ուզածներդ ի՞նչա:

– Ա’յտա, դե ասում եմ՝ Մոսկվային չզեկուցենք էս բանի մասին, – մի քիչ խորհրդավոր, մի քիչ զգուշավոր ասաց Լոռվա երկրաբանական գլխավոր վարչության պետը:

– Բա ո՞նց կլինի, – հարցրեց թագավորը։

-Տհենց էլի ա’յտա, – պահի լարվածությունը առանց զգալու խախտեց Վաղոն:

-Հաաա՞, – բազմանշանակ հարցրեց թագավորը: – Խի՞, որ զեկուցենք ի՞նչ կլինի:

-Զեկուցեցինք, թե չէ, հինգ րոպե հետո տրակտորները, էքսկավատորները ու մեծ բեռնատարները, մնացած տեխնիկան էլ հետը քցելու են Էրկու էրեսի ջանին, հանքանյութը անտառով, լեռներով, քանդելով քերելու, հանելու են ու Սանահին երկաթուղային կայարանի բեռնատար վագոնները բարձելով հասցնելու են, հայդա՛ Մոսկվա, հայդա՛ Սվերդլոսկ, հայդա՛ Մագնիտագորսկ…

– Տղերք, հլա մի հատ էլ խմեք, ասածներիցդ բան չեմ հասկանում, միտքներդ պարզեք, -կարգադրեց թագավորը:

Խմեցին: Գլխավոր երկրաբանը ծոցագրպանից երկու թուղթ հանեց ու մեկնեց Քոչինյանին.

– Անտոն Երվանդիչ, այստեղ լաբարատորիայի տվյալներն են:
Վերջինս վերցրեց դրանք, նորից մոտեցավ գրասեղանին, նստեց, ակնոցները դրեց ու սկսեց ծանոթանալ: Հետո հարցրեց.

– Էս մասին քանի՞ մարդ գիտի:

Էդիկ Շամիրիչը կանգնեց նստած տեղից, կոստյումի արձակված երեք կոճակներից վերևի երկուսը կոճկեց, գնաց կանգնեց թագավորի գրասեղանի առաջ ու ձեռքը սրտին դնելով ասաց.

-Ովքեր որ գիտեն բոլորն էլ վստահելի մարդիկ են: Նամուսովս եմ երդվում, էս լուրը լոռվա սարերի տակին կմնա, ընդեղի ազնիվ մետաղի պես, մենակ թե ծածկադմփոց անենք, ափսոս ա, ոնց ասեմ, շատ ափսոսա, եթե զեկուցենք, Մոսկվայի աչքի լույսը կդառնանք, իմ, Վաղոյի ու ամբողջ կոլեկտիվի աշխատավարձը մի հինգ անգամ կբարձրանա, էլ պրեմիաներն ու տասներեքերորդ աշխատավարձն էլ չեմ ասում, հիմնարկին անհերթ մեքենաներ տրամադրելն էլ մի կողմից,- Էդիկը թուքը կուլ տվեց, – բայց էկող սերունդների ու Հայաստանի ապագայի հանդեպ, կներեք, շանտղություն կլինի…

– Դու հասկանում ես, որ կրակի հետ ենք խաղում, այտա, – հարցրեց թագավորը: -Բայց էդ կրակի ջերմությունը ամբողջ Հայաստանը կպահի:

-Ե՞րբ կպահի, – խորագետ հայացքով Էդիկին ոտից գլուխ զննեց Քոչինյանը: Էդիկը նայեց չորս կողմը, նայեց սեղանի հեռախոսներին ու ձեն չհանեց:

-Ասա, ասա’, հանգիստ ասա’, – պնդեց Քոչինյանը, ձախ ձեռքը թափ տալով կողքի ընկած երկու ընկալուչների վրա:

-Այտա, դե ասում եմ, մի կյանք ենք ապրում, մենք լավա, գեշա, էդ ա, մի բան տեսել ենք, ապրել ենք, մի օր նե՜ղ, մի օր լե՜ն, էդ ՙՙգանձը՚՚ մեր թոռների, մեր ծոռների, անկախ Հայաստանի համար թողնենք:
Քոչինյանը վեր կացավ տեղից, մոտեցավ Էդիկին, ով մի գլուխ բարձր էր իրենից ու ավելի թիկնեղ, թեևրի տակից գրկեց նրան ու գլուխը դրեց նրա սրտին: Ու մի րոպե էդպես իրար փաթաթված էին:

-Մեռնեմ ես քու մենձ սրտին,- շատ անմիջական պոռթկաց Քոչինյանը։
Լոռվա գլխավոր երկրաբանը հուզվեց, բայց և ռսկավորվեց ու ինքն էլ արջի պես փաթաթվեց թագավորին։
Վերջինս կարծես ազատվեց մտածմունքից ու բամփ հնչերանգով ձեն տվեց Վաղոյին.

– Վաղո՛, հե՜ յ Վաղո՛… ոնց-որ մեր սարուձորերում ըլնենք այտա, կարողա մի բուրվագ ծակես…

-Հայտնի է, որ Կենդանարարի հաճար կերած բուրվագն է ամենահամովը մեր կողմերում, – վստահ եզրահանգեց Էդիկ Հովսեփյանը։

-Եթե էդպես է, ուրեմն շաբաթ օրը, Թումանյան Հովհաննեսի ասած, մենք քու ղոնախն ենք,- Է ՜հ ինչ լինելու ա , թող էն էլ լինի…
Տղերքը նորից բաժակներն իրար բերեցին, չխկչխկացրեցին:

-Ձեր ցավը տանեմ ախպերներ, էս էլ անկախ Հայաստանի կենացը,- ձեռքի ժամացույցին նայելով, կիսատեց իր բաժակը Քոչինյանը,

-Դե ղոչաղ կացեք, այտա, ինձ սպասողնի կան, դուք խմեք ու բարի ճամփա. որդի կտրի կապը , ընդի տիրու պապը, Քոչինյանը ոնց֊ որ թե չէր ուզում բաժանվել.

– Շնորհակալ եմ տղեք, էսօր իմ երջանիկ օրերից, ամենաերջանիկն է, Անկախ Հայաստանի կենացը, նրա ընդերքի կենացը, Էրկու Էրեսի կենացը ու Էրկու Էրեսի տակին պահած Հայաստանի Ոսկե Անկախության և Անկախության Ոսկու կենացը…

Հ.Գ. Այդ դեպքը պատահել է 1970-1971 թվականներին.: Դրանից մոտավորապես 30 տարի անց, ՀՀ-ում իշխանության եկածները Երկու Երեսի տարածքից ինչպես նաև այլևայլ հանքավայրերից զարկ տվեցին Էդիկ Հովսեփյան-Օձնեցու և Անտոն ու Վաղարշակ Քոչինյան Վահագնեցի եղբայրների թաքցրած, Անկախ Հայաստանի համար, որպես փրկության օղակ պահած ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՈՍԿՈՒ արդյունահանմանն ու արտահանմանը՝ զարկ տվեցին առանց խղճի խայթի, առանց եկամտահարկ ու առանց մաքսատուրք վճարելու և առանց տեղյակ լինելու «միամիտ լոռեցիների միամիտ երազանքներից»։

Հ. Գ. Եզրակացությունը թողնում եմ ձեզ։

Վանուշ Շերմազանյան, արձակագիր

Spread the love