Անսպասելի շրջադարձ Հրայր Թովմասյանի հարցում. Մոսկվայից Վենետիկ

- in Կարծիք

Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ ՍԴ կազմի հարցը կարող է լուծվել ոչ թե հանրաքվեով, այլ ուրիշ մեխանիզմով:

Պատճառն այն է, որ կորոնավիրուսի համաճարակը ստիպում է հետաձգել հանրաքվեն, դա կտեւի ամիսներ, ըստ այդմ հարկ կլինի գործել այլ մեխանիզմով, քանի որ հնարավոր չէ ՍԴ հարցը ձգել ամիսներ:

Թե որն է ուրիշ մեխանիզմը, դեռ պարզ չէ: Ռուբինյանը նշել է, որ դրա վերաբերյալ է Վենետիկի հանձնաժողովին օրերս նամակ հղել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Հայաստանի նախկին կառավարող համակարգի տարբեր շրջանակներ այս օրերին ազդարարում են, որ արտակարգ դրությունը կառավարության համար հանրաքվեից խուսափելու միջոց է, քանի որ ներկայում չկա 650 հազար այո ստանալու շանս: Ստացվում է, որ փետրվար-մարտին հանրաքվեի չեղարկում պահանջող նախկին համակարգը ներկայում պահանջում է հանրաքվե:

Եվ ստացվում է, որ իշխանությունն էլ գնում է այլ ճանապարհով: Պատկերը մի կողմից իրավացի կամ ճշմարտանման է դարձնում նախկին իշխող համակարգի գնահատականը, մյուս կողմից ոչ միայն Հայաստանի, այլ գործնականում բոլոր երկրների կառավարություններն են արձանագրում՝ որ վարակը կտեւի առնվազն մինչեւ հաջորդ տարի:

Հայաստանի կառավարությունը որոշել է չսպասել: Հետաքրքիրն անշուշտ Վենետիկին դիմելու հանգամանքն է: Վենետիկի հանձնաժողովը մինչ այժմ Հայաստանի կառավարությանը հորդորել է ձեռնպահ մնալ արմատական մոտեցումներից:

Նախկին իշխող համակարգի հանրաքվեի փաստացի պահանջն արդյոք պայմանավորված է այն հանգամանքով, որ Վենետիկի հանձնաժողովը կարող է փոխած լինել որոշումն ու Հայաստանի կառավարությանը տալ Սահմանադրական դատարանի հարցի լուծման այլ մեխանիզմի հնարավորություն: Որովհետեւ, եթե խոսքը այն լուծման մասին է, որ պետք է լիներ հանրաքվեով, ապա այլ մեխանիզմը ենթադրելու է փաստորեն ավելի արմատական քայլ:

Հայաստանի կառավարություն-Վենետիկ նախկին հաղորդակցությունն ուղեկցվում էր Վենետիկի հանձնաժողովի շրջանակում Հայաստանի նախկին համակարգի որոշակի ազդեցության դրսեւորմամբ: Լինում էր անգամ փաստաթղթային արտահոսք: Արդյոք պաշտոնական Երեւանն այժմ չեզոքացրել է այդ ազդեցությունն ու ձեւավորել հանձնաժողովի հետ աշխատանքի այլ բովանդակություն: Արդյոք Վենետիկն այժմ հավանության կարժանացնի մի բան, որը մերժում էր ամիսներ առաջ: Թե՞ Հայաստանի կառավարությունն է հավաքել հավելյալ փաստեր ու փաստարկներ, որոնք կփոխեն հանձնաժողովի դիրքորոշումը: Ի վերջո, հատկանշական է, որ Վենետիկի հետ երկխոսությունը վերսկսվում է նախկին իշխող համակարգի հետ դիմակայության կոշտացման ներկայիս փուլում:

Սակայն, կա եւս մեկ հետաքրքիր հանգամանք: Վենետիկի հանձնաժողովի՝ փաստացի Եվոպայի խորհրդի հետ երկխոսության գործընթացը Հայաստանը սկսում է Երեւանի հանդեպ Մոսկվայի ակնհայտ անբարյացակամ եւ սադրիչ տրամադրության ֆոնին:

Ի դեպ, հատկանշական է, որ դատական ռեֆորմի հարցում Վենետիկի հետ երկխոսության հորդոր պաշտոնական Երեւանին օրերս հղել էր նաեւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականը Վաշինգտոնից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments