Ապօրինի հարստացածները հեշտությամբ չեն վերադարձնելու հանրային ունեցվածքը

- in Կարծիք

«Ի՞նչ է արել կառավարությունը, որ հանրությունը հետ ստանա նախկինում իրենից գողացված նյութական ունեցվածքը: Կամ այս պարագայում երևի պետք է ավելի շատ խոսենք՝ ինչ հաստատուն մեխանիզմներ են ձևավորվել այս նպատակի համար և ինչ է արել կառավարությունը, որ այս ընթացքում հանրային աշխատանքով ստեղծված բարիքից արդարացի բաշխում կատարվի»,- ԱԺ նիստում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ տարեկան զեկույցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

Նա նշեց, որ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքը, ճիշտ է, այս տարի ընդունվեց, բայց Արդարադատության նախարարության նախորդ տարվա աշխատանքի արդյունք էր: Ըստ նրա՝ առաջիկա տարիներին անցյալը խմբագրելու և ներկան կարգի գցելու այս ցավոտ գործընթացը բոլորին պահելու է քաղաքական լարումների մեջ: Եվ արձագանքներն արդեն լսում ենք:

«Պարզ է, որ ապօրինի հարստացածները, ովքեր իրենց կյանքը, անունը, կարիերան են դրել ամեն ինչի մեջ, հեշտությամբ չեն վերադարձնելու հանրային ունեցվածքը, խուսափելու են պատասխանատվությունից: Սակայն առանց արդարության վերականգնման մեր երկրում չի մարելու հանրային դժգոհությունը, չի վերականգնելու իրական հանրային համերաշխությունը»,- ասաց նա:

Լենա Նազարյանի խոսքով՝ իրավապահ համակարգն օբյեկտիվորեն չի կարող պարզել տասնամյակների ընթացքում ամեն ունեցվածքի ծագման մեխանիմզը, բայց կարող է յուրաքանչյուրին հարց տալ՝ որտեղի՞ց է ծագել ունեցվածքը: Եվ ոչ ոք չպետք է կարողանա խուսափել այս հարցից: «Ես կարծում եմ, որ սա այն օրենքներից է, որը մեզ համար կոնկրետ օրինակներով բացահայտելու է մեր անցյալը, առերեսվելու ենք մեր անցյալի հետ: Նաև օգնելու է անցյալի սխալները չկրկնելու հարցում: Ուրեմն գործի է դրված համակարգային բարեփոխման մի մեխանիզմ»,- նշեց նա:

Լենա Նազարյանը նաև հիշեցրեց, որ նախորդ տարի կառավարությունն ընդունեց հակակոռուպցիոն ռազմավարությունը: Իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է ստեղծվի մյուս տարի, որը կունենա կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման անհրաժեշտ գործիքակազմ, մասնագիտացված անձնակազմ: ԱԺ փոխնախագահը նշեց, որ իրավապահ համակարգի գործունեության արդյունքում նախորդ տարի պետությանը պատճառված վնասից վերադարձվել է մոտ 46 մլրդ դրամ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments