Աջ կամ ձախ՝ քաղաքական գնդակահարություն. ինքնիշխանության պատերազմ

- in Հրապարակ

Մենք ունեցել ենք ապրիլյան ագրեսիայի վերաբերյալ հետախուզական տվյալ, թե չենք ունեցել, երկու պարագայում էլ տեղեկատվությունը գաղտնի է եւ այն չպետք է հասանելի լինի Ադրբեջանին, ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման խորհրդարանական հանձնաժողովի նիստից դուրս գալուց հետո լրագրողների հարցերին ի պատասխան ասել է Արշակ Կարապետյանը:

Նա վարչապետ Փաշինյանի խորհրդականն է, իսկ 2016-ի ապրիլին եղել է ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետը:

Պատերազմից հետո նա պաշտոնանկ եղավ Սերժ Սարգսյանի որոշումով, սակայն ամիսներ անց էլ նույն որոշումով իբրեւ ռազմական ներկայացուցիչ նշանակվեց ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը: Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը նրան նշանակեց խորհրդական: Մամուլում տեղեկություն եղավ, թե դրա դիմաց Արշակ Կարապետյանը մարտի 1-ի վերաբերյալ ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը ծանոթացել է հարուրավոր գաղտնի փաստաթղթերի եւ կարող է ասել, որ դրանցում չի եղել հետախուզության թերացում վկայող որեւէ բան:

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ հանձնաժողովը աշխատանքը կավարտի հունիսին՝ սահմանված ժամկետին, իսկ եզրակացությունը կներկայացվի սեպտեմբերին:

Սեպտեմբերի եզրակացությունը կարող է ստացվել խորհրդանշական, այն իմաստով, որ այդ ամսին նշվելու է Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձը: Իսկ ապրիլյան քառօրյան Հայաստանի անկախության, ինքնիշխանության համար մղված պատերազմ էր: Եվ որքան անկախ պետության համար կարեւոր է հասկանալ որեւէ ագրեսիայի արձագանքի ամբողջականությունը՝ հետագայում որեւէ նոր մարտահրավերի ավելի պատրաստ լինելու, յուրաքանչյուր վրիպումից դաս քաղելու եւ այդպիսով նաեւ գործնականում կանխարգելիչ ավելի մեծ ներուժ ձեւավորելու համար, նույնքան կարեւոր է, որ այդ գործընթացը տեղի չունենա հաղթանակը մերկացնելու հաշվին:

Եթե կառավարման համակարգը ունեցել է խնդիրներ, ապա դրանց քննությունն ու եզրակացությունները պետք է հնարավորինս զերծ պահել այնպիսի ձեւաչափերից, որոնք կարող են տալ Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմում որեւէ հաջողության առիթ կամ ակնկալիք:

Մեծ հաշվով, ապրիլյան քառօրյայի հանգամանքների քննությունը պետք է հանգի թերեւս առանցքայի մի խնդրի՝ հայաստանյան քաղաքական դասում, հայաստանյան հասարակական-քաղաքական միջավայրում պետական ինքնիշխանության ու անկախության գաղափարը արժեհամակարգային հիմքում հնարավորինս տարածելուն եւ ամրացնելուն, այդ թվում թե կառավարման փիլիսոփայության, թե հասարակական-քաղաքական դերակատարների վարքագծի ուղենշման տեսանկյունից, որից աջ կամ ձախ քայլը կարող է հավասարազոր լինել տվյալ ուժի համար «քաղաքական գնդակահարության»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments