Adrbejan

Արցախի նախագահի պաշտոնամուտի արարողությունը Շուշիում անցկացնելը ադրբեջանական քարոզչական տիրույթում ընկալվել է չափազանց ծանր:

Արձագանքները այնպիսի բովանդակություն ու տոնայնություն ունեն, կարծես կորցրել են Բաքուն: Ավելին, խոսվում է այն ակնարկների մակարդակով, թե դա արդեն «վերջին կաթիլն» էր:

Բաքուն, կարծես թե, պատերազմի պատրվակի փնտրտուքի մեջ է: Թեև մյուս կողմից առաջանում է պարզ հարց՝ ինչո՞ւ է պետք քարոզչական դաշտում այդպես լայնորեն ու բացահայտ խոսել պատերազմի հավանականության, իրավունքի մասին, եթե իրական այդպիսի մտադրության պարագայում աղմուկը ավելի շատ խանգարող է, քան օգնող: Իհարկե, հայկական կողմի համար ոչ մի նշանակություն չպետք է ունենա՝ խոսում են Բաքվում պատերազմի մասին, թե ոչ, խաղաղությունից են խոսում, թե այլ բանից, մենք պետք է պատերազմի պատրաստ լինենք ամեն րոպե՝ անկախ Բաքվի հռետորաբանությունից: Միայն այդպես կարող ենք զսպել և հեռացնել պատերազմը՝ դրան անընդհատ պատրաստ լինելով: Սակայն Բաքվի այս բացահայտ «փնտրտուքը» հուշում է, որ Ադրբեջանն իրականում բավականին ցայտնոտային վիճակում է և բարձրաձայն խոսում է ուշադրություն գրավելու համար, ինչը, սակայն, թերևս չի ստացվում: Եվ դրա համար էլ խոսում են ավելի ու ավելի բարձր, իսկ մայիսի 22-ին անգամ փորձել են ցույց տալ, թե ոչ միայն խոսում են, այլ նաև կանցնեն գործի: Իհարկե, ադրբեջանական դիվերսիայի փորձը կանխվել ու հետ է շպրտվել, երբ գործի են անցել հայկական ստորաբաժանումները՝ ցույց տալով, թե Ադրբեջանի «խոսքից գործի» անցնելը ինչ հետևանք կարող է ունենալ հենց Բաքվի համար: Այսինքն՝ փնտրելով «վերջին կաթիլ» կամ «պատերազմի իրավունք», Բաքուն կարող է պարզապես հանդիպել փորձանքի: Ադրբեջանը դա, իհարկե, լավ է հասկանում և հենց այդ պատճառով էլ աղմկում է պատերազմի մասին, փորձելով ստանալ միջազգային աջակցություն, առանց որի Ալիևը չի գնա արկածախնդրության:

Եվ դարձյալ կրկնենք, որ այս դիտարկումները և հաշվարկները կարող են հիմք լինել Հայաստանի քաղաքական, սակայն ոչ ռազմական գործելաոճի համար: Ռազմական առումով մենք իրավունք չունեն առաջնորդվել այլ տրամաբանությամբ, քան Ալիևից անընդհատ արկածախնդրություն սպասելու, իհարկե, միաժամանակ հանգիստ, մեր ուժերի վրա վստահ, ռազմա-տեխնիկապես առումով հագեցած սպասման ռեժիմում: Կստացվի՞ Ադրբեջանին ստանալ որևէ միջազգային աջակցություն ռազմական արկածախնդրության համար, 2016-ի Ապրիլյանի օրինակով մարսելու ակնկալիքով: Բայց բարդը Բաքվի համար հենց դա է, որովհետև 2016-ը կրկնելու առկայծել սկսող հույսն ի դերև եղավ Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում, այն դեպքում, երբ Ալիևը իրեն ազատ զգալու համար վեց ամիս առաջ էր տվել 2018-ի հոկտեմբերին սպասվող նախագահի ընտրությունն ու սպասում էր Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետին, դա Հայաստանի դեմ օգտագործելու համար:

Spread the love