Թավշյա հեղափոխությունից հետո անխուսափելի է լինելու Արցախի ժողովրդի ինքնորոշման միջազգային ճանաչումը, Շուշիում Արցախի նոր նախագահի պաշտոնամուտի արարողությանն ունեցած իր ելույթում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Թավշյա հեղափոխությունից հետո արցախյան հարցում Երևանի առաջ քաշած նոր, թերևս, բեկումնային նշաձողն ակնհայտ է և այն ստեղծել է նոր իրավիճակ, առաջին հերթին պատասխանատվության նոր նշաձող սահմանելով հենց Հայաստանի քաղաքական ղեկավարության համար, փակելով հայ ժողովրդի առաջ այդ նշաձողից նահանջի որևէ ճանապարհ և, ըստ այդմ, միևնույն ժամանակ հայ ժողովրդի նոր նշաձող սահմանելով արդեն արցախյան բանակցության և դրանում ներգրավված բոլոր դերակատարների համար:

Երևանը բարձրաձայնել է Արցախի բանակցային լիիրավ կողմ լինելու և միջազգային սուբյեկտության հանգամանքը, ինչը նշանակում է, որ չի կարող որևէ բովանդակություն հայտնվել հրապարակում, եթե այն չի ձևավորվել Արցախի լիարժեք մասնակցությամբ տեղի ունեցած գործընթացում: Միաժամանակ, Երևանն առաջ է բերել էքզիստենցիալ անվտանգության խնդիրը՝ կարգավիճակի առաջնայնությանը զուգահեռ, ինչը, խոշոր հաշվով, նշանակում է, որ Արցախի կարգավիճակի առաջնայնությամբ հանդերձ, հայկական կողմերը կարգավիճակը ամենևին չեն դիտարկում որպես անվտանգության խնդրի լուծում: Եվ, ի վերջո, Երևանը բարձրաձայնել է նաև Մադրիդյան կոչվող սկզբունքների վերանայման, առնվազն մեկնաբանման հարցը համանախագահների առաջ:

Այդպիսով, թավշյա հեղափոխությունից հետո արմատապես փոխվել է արցախյան հարցի հանդեպ հայկական քաղաքականության ճարտարապետությունը: Մյուս կողմից, սակայն, ակնառու է, որ նոր կառուցվածքը դեռևս ունի ամբողջանալու մեծ ճանապարհ: Դրա հետ մեկտեղ թերևս պարզ է, որ արցախյան հարցն այն աշխարհաքաղաքական հարցն է, որտեղ չափազանց բարդ է նոր կառուցվածքի արագ ձևավորումը, և առավել ևս այն դեպքում, երբ խոսքը ամենևին էլ զրոյից ձևավորելու մասին չէ, այլ 25-ամյա որոշակի գործընթացի փոխարեն ձևավորվելիք նոր կառուցվածքի: Դա պահանջում է եղածի բավականին խնամքով ապամոնտաժում, հնարավորինս արագ, բայց միևնույն ժամանակ բավականին զգույշ, փլուզում թույլ չտալու համար: Փլուզումը տվյալ դեպքում, իհարկե, վերաբերում է ոչ թե Բաքվի, այլ առավելապես համանախագահների հետ աշխատանքին, որոնց մենք պետք է դիտարկենք մեր նպատակների և ռազմավարության գործընկեր և էլ ավելի խորացնենք այդ գործընկերությունը, ոչ թե վերածենք հակառակորդի: Ահա այս փաթեթում, իհարկե, նաև ռազմավարական գլխավոր հարցն է՝ ի վերջո, ո՞րն է հայկական նպատակը Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչման առումով, ինքնորոշում՝ որպես անկախ պետություն, թե՞ արդեն հաջորդ՝ եզրափակիչ փուլը, ինքնորոշում՝ որպես Հայաստանի իրավական մաս: