Արմեն Գրիգորյանի անմիջական մասնակցությամբ կլինեն դետալային քննարկումներ

- in Վերլուծական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին եռօրյա գործուղման է ուղարկել Արցախ, որտեղ նա ըստ վարչապետի որոշման կունենա աշխատանքային հանդիպումներ:

Թե հատկապես ում հետ է Արմեն Գրիգորյանն ունենալու այդ հանդիպումները, մանրամասներ չկան: Սակայն ուշագրավ է նաև հանգամանքը, որ արցախյան գործուղումից հետո Արմեն Գրիգորյանը դարձյալ վարչապետ Փաշինյանի որոշումով կլինի արձակուրդում, նրան մայիսի 13-19 տրամադրվում է օրենքով հասանելիք արձակուրդի մեկշաբաթյա բաժին: Արդյո՞ք ԱԽ քարտուղարն արձակուրդը կանցկացնի Արցախում: Այդ դեպքում կստացվի, որ նրա արցախյան գործուղումը լինելու է ավելի երկար:

Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ նշվում է, որ գործուղումից վերադարձից հետո պետք է ներկայացվի հաշվետվություն: Բոլոր դեպքերում, արցախյան գործուղումն ու հաջորդից արձակուրդը հատկանշական են, նաև մայիսի Հաղթանակի տոնի առիթով Նիկոլ Փաշինյանի Արցախ այցի ֆոնին: Մեծ հաշվով դա թերևս Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի վերջին պաշտոնական հանդիպումն էր, քանի որ երկու շաբաթ անց Արցախի նախագահի պաշտոնը կստանձնի նորընտիր նախագահ, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանը ևս ուղեկցում էր Նիկոլ Փաշինյանին Արցախում հանդիպումների, զորամաս և տնտեսական օբյեկտներ այցի ընթացքում: Մեծ հավանականությամբ, նրա պաշտոնամուտին զուգահեռ Արցախում ծավալվում է քննարկում այսպես ասած նոր իշխանության ձևավորման շուրջ և այդ իմաստով հնարավոր է եզրակացնել, որ Արմեն Գրիգորյանի արցախյան գործուղումը նշանակում է, որ նա թերևս լինելու է վարչապետ Փաշինյանի «բանագնացը» այդ քննարկումներում: Կասկածից վեր է, որ Արցախի նոր իշխանության ձևավորումը տեղի է ունենալու Երևանի աչալուրջ հայացքի ներքո:

Փաշինյանը Հաղթանակի տոնի առիթով ըստ երևույթին Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի հետ սահմանել է ընդհանուր «սկզբունքները», որից հետո արդեն Արմեն Գրիգորյանի անմիջական մասնակցությամբ կլինեն դետալային քննարկումներ Արցախի նոր քաղաքական ղեկավարության ձևավորման գործընթացում, ինչը ենթադրելու է անշուշտ կադրային լուծումներ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments