LGHH

«Արցախը մեր հայրենիքի միակ հատվածն է, որտեղ մեզնից յուրաքանչյուրի տեսադաշտը կարող է լինել անսահմանափակ, մեր հայրենիքի միակ հատվածն է Արցախը, որտեղից առանց հատուկ տեխնիկական ջանքերի կարելի է տեսնել հորիզոնը, որովհետև այստեղ լեռները մեզ չեն փակում աշխարհից և այստեղից երևում է անվերջանալի հորիզոնը», Արցախի նախագահի պաշտոնամուտի արարողության առիթով ելույթում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, արցախյան շարժման եւ հաղթանակի ձեռքբերումը ոչ միայն ֆիզիկական էր՝ հայկական պատմական հայրենիքում հայ ժողովրդի ապրելու եւ ստեղծագործելու իրավունքի ու հնարավորության արձանագրում, այլ նաեւ փիլիսոփայական, հայեցակարգային էր:

Այդ հանգամանքը իսկապես ամենաառանցքայինն է, առանց որի զուտ ռազմական հաղթանակը հայտնվում է ռիսկային միջավայրում եւ պատական հեռանկարում ունենում որոշակի թերատություն: Բանն այն է, որ արցախյան շարժումն ու ռազմական հաղթանակը իր ծավալման, զարգացման եւ արդյունքի մեջ պարունակում էր մի կարեւորագույն հանգամանք՝ հայ ժողովուրդը ինքը ստանձնեց իր ճակատագրի համար պատասխանատվությունը, չնայած ակնհայտ անհավասար եւ ոչ շահեկան պայմաններին, չնայած այն հանգամանքին, որ «ռացիոնալիզմը» ենթադրում էր, թե պետք է շտապ գտնել մի հովանավոր կենտրոն:

Ու քանի որ հայ ժողովուրդը ռացիոնալության տսանկյունից ակնհայտորեն ոչ շահեկան կամ տրամաբանական թվացող պայմաններում այդուհանդերձ չընկավ հովանավոր, փրկիչ կենտրոն գտնելու հետեւից, այլ ստանձնեց իր պատասխանատվությունը, ժամանակի մեջ գտնվեցին միջազգային դաշնակիցներ, գործընկերներ, եւ ձեւավորվեց հայկական ռազմա-քաղաքական հաղթանակի աշխարհքաղաքական եւ անգամ քաղաքակրթական լոյալության միջավայրը: Եվ այդ հանգամանքը էապես նպաստեց ուժերի ակնհայտ անհավասարության պայմաններում անհնար թվացող հաղթանակի կերտմանը:

Միաժամանակ, առեղծվածն այն էր, որ դրանից հետո, արդեն այսպես ասած խաղաղության «պատերազմում» հայ ժողովրդին, Հայաստանի ու Արցախի հանրություններին աստիճանաբար սկսեց ներշնչվել սեփական ուժի հանդեպ «պրագմատիկ թերահավատությունը», փրկիչ ունենալու անհրաժեշտութունը, օրինակ առանց դրա գոյության անհնարինությունը:

Ինչու եւ ինչպես տեղի ունեցավ հաղթանակի այդ փիլիսոփայական, հայեցակարգային տրանսֆորմացիան՝ նահանջի իմաստով: Դրա հետեւանքը Հայաստանը հետագա մոտ քառորդ դարի ընթացքում զգացել է թե ներքին, թե արտաքին քաղաքական հարցերում:

Սեփական կարողության սահմանափակության կաշկանդող գիտակցումից եւ զգացումից դուրս գալն է արցախյան շարժման եւ հաղթանակի գլխավոր ուղերձն ու իմաստը հայ ժողովրդի համար, եւ Արցախը այդ իմաստի մարմնացումն ու անվերջ հիշեցումն է:

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը խորքային առումով վերադարձ էր այդ իմաստին, պատասխանատվության եւ ինքնավստահության գիտակցմանն ու զգացումին, երբ հանրությունն ինքն էր ստանձնում իրավիճակի համար պատասխանատվությունը, եւ արդյունքում ստանում տարիների ընթացքում անհավասար ու անհնարին թվացող իրավիճակի «ֆանտաստիկ փոփոխություն», ինչպես բնորոշել էր ՄԱԿ գլխավոր քարտուղարը:

Արցախը այդ իմաստով հայ ժողովրդի հավաքական հիշեցումը եւ բազային «ֆայլն» է, ինքնավստահության, անգամ անհնարինի հանդեպ պատասխանատվության զգացումի խորհրդանիշը, եւ այդ հատկանիշները վերստին գտնելուց հետո դրանք այլեւս երբեք չկորցնելու պահանջը:

Այլապես, հնարավոր չի լինելու գալ պետականաշինության նոր, արդիական որակի՝ բոլոր ասպարեզներում: Դա նշանակում է սահմանով չկաշկանդվող թե ռազմա-քաղաքական, թե տնտեսական, գիտական, հասարակական գործունեություն ամենատարբեր ուղղություններով համապետական եւ համազգային նախագծումներ եւ իրագործում: Առանց դրա հնարավոր չի լինելու հայ ժողովրդի եւ հայկական պետականության կենսագործունեության իրավունքը նոր աշխարհակարգի համատեքստում լիարժեք տեղավորելը՝ աշխարհքաղաքական լեգիտիմության հիմնարար պաշարով:

Spread the love