Արցախի հարցում ԱՄՆ կոշտ հիշեցումը Լավրովին

- in Վերլուծական

Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Ջորջ Քենթը, տեսակոնֆերանսի ընթացքում պատասխանելով Ամերիկայի ձայնի հարցին, բավական կոշտ է արտահայտվել Արցախի կարգավորման գործընթացի վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության առնչությամբ:

Քենթը նշել է, թե չի մեկնաբանի Արցախի գործընթացի եւ փուլային փաթեթի մասին Լավրովի հայտարարությունը: «Կասեմ միայն, որ վերջին շրջանում նա արել է մի շարք ոչ օգտակար հայտարարություններ», նշել է ամերիկացի պաշտոնյան, որպես օրինակ բերելով նաեւ ուկրաինական ճգնաժամի հարցով Նորմանդական քառյակի արտգործնախարարների հանդիպմանը հաջորդած հայտարարությունները: «Կասեմ միայն, որ Միացյալ Նահանգները խորությամբ ներգրավված են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության գործում», հայտարարել է Քենթը:

Ամերիկացի դիվանագետի հայտարարությունը հնարավոր է գնահատել տարբեր կերպ, տարբեր տողատակով: ՌԴ արտգործնախարարը հայտարարել էր, որ սեղանին փուլային տարբերակ է: Երեւանը կոշտ արձագանքով հայտարարեց, որ այդպիսի տարբերակ քննարկման ենթակա չէ եւ առաջնային են կարգավիճակն ու անվտանգությունը՝ տարածքները որպես պաշտպանական բնագիծ, որոնք ենթակա չեն զիջման: Լավրովի հայտարարությունը տարօրինակ արձագանք առաջացրեց Բաքվում, որտեղ Ալիեւի շրջապատի եւ մերձիշխանական փորձագիտական շրջանակների ներկայացուցիչները սկսեցին քննադատություն արտգործնախարար Մամեդյարովի հասցեին, ասելով, որ բանակցությունը տանուլ է տրված: Ստացվում է հակասական պատկեր, չէ՞ որ Լավրովը կարծես թե խոսում էր սեղանին ադրբեջանական մոտեցման առկայության մասին:

Մյուս կողմից, իրավիճակն ու խնդիրը թերեւս շատ լավ ընկալել էր Ադրբեջանի նախկին արտգործնախարար Զուլֆուղարովը, հայտարարելով, որ Լավրովը ընդամենը բարձրաձայնել է մի բան, որով Երեւանին տվել է կոշտ հակադարձման առիթ, իսկ Մինսկի խմբի եռանախագահները չեն դատապարտել Երեւանի հայտարարությունները:

Զուֆուղարովը, ու նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարը, Ալիեւի ռազմական հարցերի օգնականը, ուղղակի, թե անուղղակի հղում անելով բանակցային տապալմանը, կոչ են անում դիմել ռազմական սցենարի: Ի՞նչ ներքին շարժառիթ կա նրանց այդ կոչի տողատակում, օրինակ՝ Մամեդյարովի հարցը լուծելը, որին անկասկած աջակցում է Ռուսաստանը, այլ հարց է, բայց հնչում են շատ կոնկրետ ռազմատենչ հայտարարություններ:

Ահա այդ ֆոնին, ամերիկացի պաշտոնյան Լավրովի հայտարարությունը փաստացի գնահատում է ոչ օգտակար, այդպիսով թերեւս Ռուսաստանին ակնարկելով կայունության համար պատասխանատվության մասին: ՌԴ արտգործնախարարը փորձելով Ադրբեջանի հետ լուծել ինչ-ինչ հարցեր, փաստացի ստեղծել է վիճակ, երբ խթանվել է երկուստեք կոշտ հռետորաբանություն:

Մի կողմից այդ վիճակը մեծ հաշվով բացել է կարգավորման պատկերն ու ցույց տվել Բաքվի փակուղին, մյուս կողմից սակայն կարող է Ադրբեջանի համար ստեղծել «անկյուն քշվածի» էֆեկտ, հանգեցնելով կայունության ռիսկերի: ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան ՌԴ արտգործնախարարին հիշեցնում է կայունության համար Ռուսաստանի պատասխանատության մասին:

Հատկանշական է, որ նախօրեին Սերգեյ Լավրովին է զանգահարել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Քննարկվել են միջազգային օրակարգի, անվտանգության հարցեր:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments