Արցախի ռազմաքաղաքական սուբյեկտության նոր պատկերը

- in Հրապարակ
LGHH

Արցախում հայտնի է դարձել ԱԺ նախագահի և ապագա կառավարության երկու նախարարի անուն: Այդ անունները հայտնի են դարձել «Ազատ հայրենիք» և ՔԴՄ կուսակցությունների դաշինքի նիստից հետո:

Հայտնի է, որ Արցախի նախագահի պաշտոնը օրեր անց կզբաղեցնի այդ դաշինքի առաջադրած թեկնածուն՝ Արայիկ Հարությունյանը, որը հաղթել է Արցախի նախագահի երկու փուլով անցկացված ընտրությանը:

Կադրային այդ լուծումներից ավելի էական էր, սակայն, այն, որ նախօրեին պաշտոնը թողնելու մասին էր հայտարարել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը: Ղարամյանը Արցախի կառավարող համակարգի առանցքային դեմքերից մեկն է, որը նախկինում ղեկավարում էր ԱԱԾ-ն, սակայն հետո պաշտոնը թողեց Հայաստանում թավշյա հեղափոխությունից շաբաթներ անց Արցախում տեղի ունեցած միջադեպի և հանրային դժգոհության արդյունքում: Վիտալի Բալասանյանի պաշտոնանկությունից հետո Արշավիր Ղարամյանը զբաղեցրել էր Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնը: Հատկանշական է, որ նա այդ պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով Արցախում աշխատանքային գործուղման էր Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի հեռացումը մի կողմից՝ միանգամայն տրամաբանական է նախագահի ընտրության, նոր նախագահի, նրա մոտալուտ պաշտոնամուտի և ըստ այդմ՝ Արցախում կառավարման նոր թիմի ձևավորման ֆոնին: Միևնույն ժամանակ հատկանշական է, որ դա տեղի է ունենում Հայաստանի ԱԽ քարտուղարի այցի «շրջանակում», ինչը թերևս հաստատում է մեր այն գնահատականը, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը արցախյան գործուղումով ըստ էության Հայաստանի վարչապետի բանագնացը կամ «լիազոր ներկայացուցիչն» է Արցախում իշխանության «տրանզիտն» իրագործելու հարցում:

Անկասկած է, որ, ինչպես մեծ հաշվով ցանկացած կառավարման համակարգում, առավել ևս պատերազմական առաջնագիծ դիտվող արցախյան իրականության մեջ, առանձնահատուկ նշանակություն է ստանում, թե ինչպիսին է լինելու նոր իշխանության «ուժային դեմքը»: Այստեղ ըստ ամենայնի պաշտպանության նախարարի պաշտոնում կմնա գեներալ Ջալալ Հարությունյանը, և նրա թե՛ զինվորական, թե՛ մարդկային որակների հանգամանքը ըստ էության դուրս է բերում հարցը, թե ինչու նա կպահպանի այդ պաշտոնը:

Այդ իմաստով Արցախի նոր իշխանության համատեքստում հարցը ոստիկանության, ԱԱԾ պետերի և Անվտանգության խորհրդի քարտուղարի հանգամանքն է և, իհարկե, արտաքին գործերի նախարարի, որը բնույթով դիվանագիտական, բայց կարգավիճակի խորքային բերումով ռազմաքաղաքական բլոկի մաս է: Այդ ուղղություններն են մեծ հաշվով ամբողջացնելու Արցախի ռազմաքաղաքական սուբյեկտության նոր պատկերը:

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետությունում խորհրդարան անցած կուսակցությունների միջև համագործակցության համաձայնագիր չի ստորագրվի և պաշտոնապես կոալիցիա չի ձևավորվի:

Բայց մեր տեղեկություններով՝ թե՛ ԱԺԿ-ն, թե՛ ՀՅԴ-ն, թե՛ Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցությունը ներկայացված կլինեն իշխանության տարբեր կառույցներում: Նրանք, իհարկե, չեն ստանա նախարարական պորտֆելներ, և ներկայացվածությունը չի լինի առաջին դեմքերի մակարդակով, բայց կուսակցությունների առանձին ներկայացուցիչներ հնարավորություն կունենան մասնակցել պետական կառավարմանը»:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments