Arayik Harutyunyan

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարել է, որ փոփոխություններ են նախատեսվում կառավարության կառուցվածքային կազմում:

Կառուցվածքային փոփոխության արդյունքում կստեղծվի ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարություն:

Կառավարության կազմում երկրորդ նոր փոփոխությունը ենթադրում է տարածքային կառավարման և զարգացման նախարարության ստեղծում: Նախարարության կազմում ընդգրկված է լինելու նաև բնական ռեսուրսների ոլորտը:

Հաջորդ փոփոխությամբ Նախագահի վերահսկողական ծառայությունը կվերափոխվի պետական վերահսկողական ծառայության: Արցախի Նախագահը հայտարարել է, որ բոլոր ոլորտների և գերատեսչությունների աշխատանքը լինելու է իր վերահսկողության տակ: Ձևավորելով պետական վերահսկողական նոր մարմին՝ նա զգուշացրել է բոլոր պետական պաշտոնյաներին և ծառայողներին, որ աշխատանքի բնագավառում թերացման արդյունքում լինելու է համապատասխան վերաբերմունք:

«Քաղաքացիների կողմից ներկայացվող ցանկացած դիմում-բողոք կամ էլ հանրությանը հուզող մտահոգություն լինելու է պետական վերահսկողական ծառայության ուշադրության կենտրոնում: Պետք է վերանա խնամի-ծանոթ-բարեկամ գործոնը, և այսօր ես հանձնարարել եմ Նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Կարեն Դանիելյանին՝ բոլոր կառույցներում, որտեղ կա հարազատների ուղղակի ենթակայություն, 7-օրյա ընթացքում լուծեն այդ խնդիրը: Ղեկավարման նույն համակարգում աշխատում են ընտանիքի անդամներ, հարազատներ, որը պետք է կատեգորիկ արգելել: Նման երևույթները խստիվ պատժվելու են: Ցանկացած կադրային նշանակում վերահսկվելու է մեր կողմից, քանի որ հասարակության կողմից ամենաշատ քննադատվող հարցերից մեկը կադրերի ընտրություններն է»,- ավելացրել է Ա. Հարությունյանը:

Spread the love