Արևմուտքի հետ Չինաստանի դիմակայության մաս դառնալը՝ ճամբարայնացումը, վտանգավոր է

- in Վերլուծական

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ Պեկինն առաջիկա տարիներին մոտ 2 միլիարդ դոլարի աջակցություն կցուցաբերի զարգացող երկրներին, որոնք տուժել են կորոնավիրուսի համաճարակից:

Չինաստանի նախագահն այդ մասին հայտարարել է առողջապահության թեմայով տեսակոնֆերանսի ընթացքում: Չինաստանն, ըստ երևույթին, հայտարարել է դաշնակիցների հավաքագրման մասին՝ ընդդեմ գուցե այն մեղադրանքների, որոնք էլ Պեկինի դեմ հավաքագրվում են Արևմուտքում՝ ԱՄՆ առաջնորդությամբ: Հայտնի է, որ Միացյալ Նահանգներն արդեն տևական ժամանակ մեղադրում է Չինաստանին աշխարհին խաբելու և կորոնավիրուսի համաճարակի մեջ գցելու համար: Նահանգները հայտարարել է, որ իրականացնում է քննություն: Չինաստանի դեմ դատական հայցերն, ըստ երևույթին, դառնում են անխուսափելի: Դրանց կարող են միանալ շատ այլ երկրներ ու կազմակերպություններ: Այդ ամենի հետևանքը կարող է լինել այն, որ Պեկինը ստիպված լինի վճարել միլիարդավոր դոլարների փոխհատուցում: Ըստ ամենայնի, Չինաստանը սկսում է կառուցել պաշտպանությունը, փաստացի պատրաստակամություն հայտնելով օժանդակել այն երկրներին, որոնք չեն միանա Չինաստանի դեմ հայցերի, կամ կհամաձայնեն աջակցել Չինաստանին հնարավոր հայցերից պաշտպանության իրավա-քաղաքական գործընթացում: Բայց արդյո՞ք 2 միլիարդ դոլարն այդ առումով գրավիչ առաջարկ է, այն էլ ոչ թե մեկ երկրի, այլ զարգացող մի շարք երկրների համար: Սակայն, հավանաբար, Պեկինն առաջարկում է այսպես ասած՝ մեկնարկային գինը, որը կարող է նաև ավելանալ:

Կասկած չկա, որ Չինաստանի կարողությունն այդ առումով ավելին է: Օրինակ՝ տարիներ առաջ Պեկինը հայտարարել էր «Մեծ մետաքսի» ճանապարհի իր տնտեսա-քաղաքական բյուջեն՝ մոտ 100 միլիարդ դոլար: Կորոնավիրուսային համաճարակը, անկասկած, իր ազդեցությունն է թողնելու նաև այդ ծրագրի վրա՝ հաշվի առնելով այն, որ վարակը գործնականում կանգնեցրել է հաղորդուղիների գերակշռող մասը, և բավականին բարդ է կանխատեսել՝ երբ և ինչ ծավալով ու տրամաբանությամբ այն կարող է վերականգնվել: Չի բացառվում, որ «Մեծ մետաքսի» ճանապարհի ծրագիրը ֆորմալ կամ ոչ ֆորմալ իմաստով Չինաստանը ներառի համավարակից տուժած երկրների աջակցության մտադրությունում՝ այդպիսով ընդլայնելով իր առաջարկը: Հայաստանին կարո՞ղ է հետաքրքրել այդպիսի առաջարկ: Եթե խոսքը Չինաստանի հետ ռազմավարական գործակցության մասին է, ըստ այդմ նաև օժանդակության, նաև զարգացման համատեղ ծրագրերի, ապա այդ առումով հայ-չինական գործակցությունը խորացնելն ունի ռազմավարական, անգամ ռազմա-քաղաքական նշանակություն:

Բայց եթե դրա գինը լինելու է Արևմուտքի հետ Չինաստանի դիմակայության մաս դառնալը, այսպես ասած՝ ճամբարայնացումը, ապա այդ դեպքում դրա հետևանքը Հայաստանը համար որևէ կերպ պակաս վտանգավոր լինել չի կարող, քան, թերևս, իր այժմեականությունն աստիճանաբար կորցնող Ռուսաստան-Արևմուտք դիմակայությունում ճամբարայնացումը: Հայաստանի համար թիրախային պետք է լինի ԱՄՆ-Չինաստան դիմակայության և մրցակցությունը կովկասյան ռեգիոնում համադրելու նպատակը, ինչը պահանջում է հայեցակարգային լրջագույն աշխատանք:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments